«Բջնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը համոզված է, որ գումարն իրականում չի վճարվել
«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը բազմիցս դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` խնդրելով տրամադրել կատարողական վարույթի նյութերը, սակայն առ այսօր ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում դրանք:
Ավելին, «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության հաղորդմամբ, ԴԱՀԿ ծառայությունը պասիվ վարքագիծ է ընտրել նաև աճուրդով օտարված ապրանքները գնորդին հանձնելու հարցում:
Այսօր «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Լ. Հարությունյաը հաղորդմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ոստիկանության պետ Ա.սարգսյանին, մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին.
«Կատարողական վարույթի նյութերի պատճենների չտրամադրելու պատճառը, կարծում ենք, շատ պարզ է, գումարն իրականում չի վճարվել:
Համոզված ենք, որ որևէ բանկային փոխանցում չի իրականացվել այս ընթացքում: Եվ ԴԱՀԿ ծառայությունը հավանաբար կեղծ դրամարկղի մուտքի անդորրագիր պատրաստելով սպասում է, որ փաստացի գումարը համալրվի:
Այդ է պատճառը նաև, որ մինչև հիմա գումարը (որը պետք է մուտք եղած լիներ մինչև 19.02.2009թ.) չի փոխանցվել պետական բյուջե` Պետական եկամուտների կոմիտեին (պահանջատիրոջը), չի տրամադրվել գումարների բաշխման տեղեկանք և ավելացված գումարը չի վերադարձվել պարտապանին:
Իրոք, որ շատ ռացիոնալ հարց է ծագում, թե ինչու ԴԱՀԿ ծառայությունը «ստացված» ահռելի գումարը չի փոխանցում պետական բյուջե, ինչն է պատճառը: Եվ ինչու է ԴԱՀԿ ծառայությունը խուսափում կատարողական վարույթի նյութերը Ընկերությանը տրամադրելուց, այն դեպքում, երբ նա պարտավոր է դրանք տրամադրել:
Այս մասով ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ոստիկանությունից խնդրում ենք ստուգել` փաստացի կանխիկ դրամն առկա է ԴԱՀԿ դրամարկղում, թե` ոչ և ինչ հանգամանքներում է գումարը բերվել ԴԱՀԿԾ (ով է բերել, երբ է բերել, ով է ընդունել և այլն) և ինչու այն մինչև հիմա չի բաշխվել պարտատիրոջը, և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել»,-ասված է հաղորդման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել