«Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ» գիրքը՝ հայերենով
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և Շվեդիայի Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը պաշտոնապես բացեցին ՄԻՊ-ի գրադարանը և ներկայացրեցին «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ» հայերենով թարգմանված դասագիրքը:
Այս նախաձեռնություններն իրականացվել են ՄԱԶԾ-ի «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանականերում` Շվեդիայի Միջազգային զարգացման համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ:
Բացմանը ներկա էին դատական համակարգի, ազգային գրադարանների, գիտական հաստատությունների, համալսարանների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ասաց. «Մարդու իրավունքներն առաջին հերթին մշակույթ են, կրթություն, ապրելաձև, մտածելակերպ և հետո նոր մնացածը: Նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են մարդու ներքին արժեքային համակարգի ձևավորմանը»:
ՄԱԿ-ի մշտական համակարգող , ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալն վստահություն հայտնեց, որ «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ» դասագիրքն օգտակար կլինի և հաջողությամբ կծառայի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար, որպիսիք են ՄԻՊ-ի աշխատակազմը, իրավաբանական ֆակուլտետների ուսանողները, գիտական հաստատություններն ու հասարակական կազմակերպությունները` մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին առավել տեղեկացված լինելու և մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով:
ՄԱԶԾ-ի «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում իրականացվող այլ միջոցառումների շարքում, ծրագիրն աջակցում է նաև ՄԻՊ-ի գրասենյակին բարձրացնելու մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկումը եռամսյակային տեղեկագրերի մշակման ու հրատարակման, զեկույցների տպագրման և այլ ուսումնական ծրագրերի ու սեմինարների կազմակերպման միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել