HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Համաշխարհային ճգնաժամի «պտուղները» Ղարաբաղի անշարժ գույքի շուկայում

13_04-shenq-1Մեկ տարի էլ չի անցել Ղարաբաղի բնակարանների «թռիչքային» եւ շատերի համար անսովոր գներից, որն առաջացել էր հենց այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ պետությունը սկսում է հիպոթեքային վարկավորման պետական աջակցության գործընթացը: Ծրագրի համաձայն` կառավարությունն  աջակցություն է ցուցաբերում ինչպես առանձնատան կառուցման, բնակարանի վերանորոգման, այնպես էլ` բնակարանի գնման համար: Պետությունը, փաստորեն, բնակիչներին աջակցելուց բացի` նպատակ ունի նաեւ մեծ թափ տալ բնակարանաշինությանը, որը, ըստ ոլորտի պատասխանատուների, հնարավորություն կտա բնակարանի կարիք ունեցողների պահանջարկը բավարարել:

Կարճ ժամկետում այդ նպատակն իրագործվեց. լայնածավալ աշխատանքներ սկսվեցին բնակարանաշինության ուղղությամբ: Քաղաքացիների մի մասը, սակայն, նախընտրեց չսպասել շենքերի կառուցմանը, այլ հիպոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերեց երկրորդային շուկայից: Եւ այս ամենը բերեց նրան, որ բնակարան գնողների աճի հետ մեկտեղ սկսեցին բարձրանալ նաեւ երկրորդային շուկայի բնակարանների գները, որոնք մի պահ այնքան բարձրացան, որ հավասարվեցին առաջնային շուկայի գներին: 13_04-shenq-2

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` 2008 թ. Ստեփանակերտում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մետրի միջին արժեքը կազմել է 817,5 դոլար, որը 2007-ի համեմատ աճել է 81,3 տոկոսով: Եղավ նաեւ այնպիսի ժամանակահատված, որ կարող էիր բնակարանդ վաճառել Ստեփանակերտում եւ ավելի էժան գնով գնել Երեւանում:

Անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող ընկերությունների մասնագետները հավաստում են, որ ամենաբարձր գներն անցյալ տարվա սեպտեմբերին էին` 1 քառակուսի մետրն արժեր 960 դոլար: Սակայն «թռիչքային» գներն այնքան էլ երկար չմնացին. վրա հասավ ճգնաժամը, եւ անշարժ գույքի շուկան միանգամից «կերպարանափոխվեց»: Ավելին` ստեղծվեց մի այնպիսի վիճակ, երբ բնակարան գնող գրեթե չկար: Սա խոստովանում են նաեւ ոլորտի մասնագետները:

«Հիմա կարելի է ասել, որ շուկա չկա: Իսկ այն գնով, ինչով վաճառվում է հիմա որեւէ բնակարան, չի կարելի շուկայական գին համարել, այն ավելի ճիշտ լիկվիդային է»,-Հետքի հետ զրույցում նշեց «Ասպար» ընկերության աշխատակից Կարինե Դանիելյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ գնորդներ համարյա թե չկան, իսկ վաճառողները շատ են: Ստեփանակերտցի Գոհար Արզումանյանն արդեն 10 ամիս է վաճառքի է հանել իր 3 սենյականոց բնակարանը, սակայն չի կարողանում վաճառել:

«Ինչ գնով փորձում էի վաճառել բնակարանս անցյալ տարվա օգոստոս ամսին` հիմա ռեալ չէ: Հիմա գինը մոտ 30 տոկոսով իջեցրել եմ, սակայն դարձյալ գնող չկա: Ով է բնակարան առնողը, ամեն մարդ հազիվ իր ընտանիքն է հիմա կարողանում պահել» ,-ասում է նա: Ստեփանակերտում բնակարաններ գնում եւ վաճառում են հիմնականում Ղարաբաղի քաղաքացիները, որոնց  միակ ֆինանսական աղբյուրը ներկայումս կարելի է համարել Արցախի ներդրումային հիմնադրամը:

Այս հիմնադրամի միջոցով են տրամադրվում հիպոթեքային վարկերը, որոնք քաղաքացիներին տրվում են ավելի ցածր տոկոսադրույքով` 6 տոկոսով, իսկ մնացածը վճարում է պետությունը: Սակայն պետք է խոստովանել, որ ոչ բոլոր բնակարանի կարիք ունեցողների համար է մատչելի նույնիսկ այդ պայմաններով վարկերից օգտվելը: Վարկ վերցնողներն այդքան էլ շատ չեն, հետեւաբար եւ բնակարանի գնորդների թիվը չի կարող շատ լինել:

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` 2008 թ. Ղարաբաղում իրականացվել են 1255 առուվաճառքի գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումներ, որոնց քանակը 2007 թ. համեմատ նվազել է 12,2 տոկոսով: Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ իրականացվել են ընդամենը 293, իսկ բնակելի տների նկատմամբ` 218 առուվաճառքի գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումներ:

Այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա վերջին եռամսյակի վերոնշյալ  առուվաճառքի գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների թիվը նույնպես բավականին նվազել է: Փոփոխություն է արձանագրվել նաեւ բնակարանների գներում. եթե մինչեւ անցյալ տարվա վերջը, Կոմիտեի տվյալներով, գների աճ էր արձանագրվել, ապա այս տարվա առաջին եռամսյակում գները նվազել են:

Բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետրի միջին արժեքը Ստեփանակերտում  կազմում է 730 դոլար, որն անցյալ տարվա վերջին եռամսյակի համեմատ նվազել է 19,1 տոկոսով: 20,2 տոկոսով էլ նվազել են բնակելի տների գները: Իսկ բնակարանների առք ու վաճառքով զբաղվող ընկերությունների պատասխանատուների հավաստմամբ` գներն իջել են ոչ թե 19-20, այլ 30-40 տոկոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter