HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռ. Նազարյան «Հանձնաժողովը նպաստում է մրցակցային շուկաների ձեւավորմանն ու զարգացմանը»

09_03-r_nazaryan«Հետքի» ընթերցողների հարցերին պատասխանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը Գեւորգ - Պետք է ազնվորեն կարգավորել հանրային ծառայությունները, չպետք է ծառայել օլիգարխներին: Ռ. Նազարյան - Դուք, հավանաբար, լավատեղյակ չեք հանձնաժողովի գործառույթներին, ուստի կսկսեմ ամենագլխավորից: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հինգ հոգուց բաղկացած մարմին է, որտեղ որոշումներն ընդունվում են կոլեգիալության սկզբունքով: Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մաuն է, որի նպատակն է` կարգավորող մարմնի կողմից, oրենքներով uահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ, հավաuարակշռել uպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց շահերը: Ծառայություններ մատուցող ընկերությունների համար գործունեության միատեuակ պայմաններ uտեղծելով` հանձնաժողովը նպաuտում է մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը, խթանում ռեuուրuների արդյունավետ oգտագործումը: Արեւիկ- Պրն Նազարյան, արդյոք Ձեր ղեկավարած հանձնաժողովը հանրային լսումներ, քննարկումներ ծավալել է գազի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման առիթով, եւ ինչ եզրակացության եք եկել: Ռ. Նազարյան - Սպառողների համար սակագների սահմանման, սակագների հաշվարկման մեթոդիկաների, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին և պայմաններին վերաբերող հարցեր քննարկելիս «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի համաձայն` այդ մասին ողջամիտ ժամկետներում իրազեկվում է ՀՀ կառավարությանը և սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին` հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, հանդես գալ ելույթներով և առաջարկություններով: Մասնավորապես` 1.  Հանձնաժողով սակագնային հայտ ներկայացնող ընկերությունը (ները) այդ մասին հայտարարությամբ, հանրապետությունում հրատարակվող երեք բազմատիրաժ թերթերում, նախապես իրազեկում են հանրությանը: 2. Սակագնային հայտը ընկերությունների կողմից հանձնաժողով ներկայացնելուց հետո, 1-3 օրվա ընթացքում, այն ամբողջությամբ տեղադրվում է հանձնաժողովի ինտերնետային կայքում` հնարավորություն տալով ցանկացած շահագրգիռ կողմի ներկայացնելու իր կարծիքը: 3. Սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, անհրաժեշտության դեպքում, կազմակերպվում են աշխատանքային քննարկումներ, որոնց ժամանակ ներկայացվում են սակագնի բարձրացման` ընկերության հիմնավորումները, քննարկումների մասնակիցների կողմից տրվում են հարցեր և պատասխանվում: 4. Հանձնաժողովի աշխատակազմի կողմից քննարկման ներկայացվող որոշումների նախագծերի (կից նյութերի հետ մեկտեղ) վերաբերյալ նիստը հրավիրվում է դրանք ներկայացնելուց առնվազն 6 աշխատանքային օր հետո (նորմատիվ բնույթի որոշման նախագծեր), իսկ որոշման նախագծերը և կից նյութերը պարտադիր կերպով տեղադրվում են հանձնաժողովի ինտերնետային կայքում` նիստից առնվազն 4 աշխատանքային օր առաջ: 5. Նշված ժամկետի ընթացքում, շահագրգիռ կողմերի արձագանքման դեպքում, նույնպես կազմակերպվում են քննարկումներ և տրվում հետաքրքրող հարցերի պարզաբանումներ: 6. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանձնաժողովի նիստերը դռնբաց են (բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցերի քննարկման): Նիստի ժամանակ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և այլ մասնակիցների կողմից կարող են տրվել հարցեր, որոնց քննարկումների արդյունքում նոր միայն` հանձնաժողովի կողմից կայացվում է համապատասխան որոշում: Այսպիսով, հանձնաժողովը գործում է թափանցիկ` հավասար հնարավորություն ընձեռելով բոլոր շահագրգիռ կողմերին` հայտնելու իրենց դիրքորոշումները` նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ: Անահիտ - Մենք ամեն ամիս գումար ենք վճարում գազի սպասարկման համար, սակայն ամեն ամիս չէ, որ մեր բնակարանում ստուգումներ են իրականացվում վթարներից խուսափելու համար: Որքանով է օրինական նման գումար գանձելը: Ռ. Նազարյան - Սպառողների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը պարտադիր կատարման նորմ է, որը սահմանված է ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգերով և բխում է բնակչության շահերից: Բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում նաև սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բազմաթիվ քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություններրը կարգավորող հանձնաժողովը 2005 թվականի փետրվարի 9-ի N14Ա որոշմամբ բնական գազի օգտագործման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ բաժանորդներին պարբերաբար իրազեկման, հրահանգավորման, ինչպես նաև գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման և շահագործման նկատմամբ հսկողության իրականացման իրավունքը և պարտականությունը վերապահել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը: Նույն որոշմամբ սահմանվել է. «...գազասպառման համակարգերի սպասարկման աշխատանքներում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ճանաչել որպես պայմանագրային կողմ, նրան վերապահել պայմանագրային հիմունքներով այդ աշխատանքները մրցույթով ընտրված ընկերություններին փոխանցելու իրավունքը և պատասխանատվությունը` այդ ընկերությունների կողմից կատարված աշխատանքների որակի համար»: Ինչ վերաբերում է ներտնային համակարգի սպասարկման վճարներին, ապա դրանք սահմանվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից` 2005 թվականի նոյեմբերի 1-ի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար վճարներ սահմանելու մասին N 154Ն որոշմամբ, իսկ ներտնային գազասպառման տեխնիկական սպասարկման աշխատանքների ծավալը սահմանվել է հանձնաժողովի` 2008 թվականի հոկտեմբերի 8-ի  № 539Ն որոշմամբ: Բաժանորդը, բնական գազի մատակարարման պայմանագրի N 3 հավելվածով  նախատեսված ամբողջ ծավալով աշխատանքների կատարման դիմաց, պարտավոր է այն վճարել` տարվա ընթացքում առնվազն երկու անգամ: Ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքները չկատարելու, սակայն սպասարկող կազմակերպության կողմից վճարներ պահանջելու դեպքում սպառողները կարող են դիմել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, իսկ ստացված պատասխանով չգոհանալու դեպքում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Արամ - Պրն Նազարյան, 1. Տարածաշրջանում ամենաթանկը ինտերնետային կապը Հայաստանում է: Չեք կարծում, որ սրա հիմնական մեղավորը Ձեր ղեկավարած հանձնաժողովն է: Ռ. Նազարյան - Եթե «ինտերնետային կապ» հասկացության տակ նկատի ունեք տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան, ապա ամենևին չեմ կիսում Ձեր կարծիքն այն մասին, որ տարածաշրջանում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունները ամենաթանկը Հայաստանում են: Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան վերլուծական նկատառումներով ստորև տարանջատենք երկու մասի` միջազգային IP տարանցման ծառայությունների (մեծածախ) շուկա և ինտերնետ հասանելիության ծառայությունների (մանրածախ) շուկա: Միջազգային IP տարանցման ծառայությունների շուկայում, թերևս, նկատվում են գնագոյացման «թանկ» միտումներ, ինչը մասնավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ այստեղ շուկան մասնատված է միջազգային ինտերնետ հոսքերի երկու հիմնական մատակարարների միջև, որոնք էլ, մանրածախ ծառայությունների ամբողջ շուկայում, սակագների ձևավորման առումով հանդիսանում են թելադրող: Օբյեկտիվորեն ձևավորված այդ իրավիճակը մեծապես պայմանավորված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով և այս համատեքստում` սահմանակից պետութունների հետ ընթացիկ քաղաքական և տնտեսական հարաբերություններով: Մասնավորապես, միջազգային ինտերնետ հոսքերն ապահովվում են միայն Վրաստանի Հանրապետության տարածքով անցնող օպտիկամանրաթելային տարանցիկ կապուղիների միջոցով, ինչն իր ազդեցությունն է թողնում տեղական ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայի զարգացման պոտենցիալի վրա: Վերոնշյալ իրավիճակը կարգավորելու համար, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջամտության շնորհիվ միայն, 2008 թվականի ընթացքում «ԱրմենՏելի» կողմից մատուցվող 1Մբիթ/վ արագությամբ միջազգային IP տարանցման ծառայության ամսական սակագինը, համատեղ քննարկումների արդյունքում, մոտ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից նվազեցվել է մինչև 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի: Հանձնաժողովը շարունակաբար հետամուտ է լինելու միջազգային IP տարանցման ծառայության սակագների կարգավորմանը` օգտվողների համար այն առավել մատչելի դարձնելու նպատակով: Միաժամանակ ուզում եմ նշել, որ ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայում մատուցվող ծառայությունների սակագները (մասնավորապես, ամրակցված հեռախոսակապի բաժանորդային գծերով` Dial-up և ADSL տեխնոլոգիաների հիման վրա) տարածաշրջանային համեմատության մեջ «ամենաթանկը» չեն և միանգամայն մատչելի են տեղական սպառողների համար: Ընդհանուր առմամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նպատակաուղղված և հետևողական աշխատանքի շնորհիվ 2006 թվականից մինչ այսօր տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագներն ունեցել են կայուն նվազման միտում: Կցանկանայի նաև ընդգծել, որ ներկայումս հանրապետությունում լայն զարգացում է ստացել անլար ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտը` հիմնված լայնաշերտ կապի ժամանակակից տեխնոլոգիաների վրա: Մասնավորապես, շուկա են մուտք գործել անլար լայնաշերտ կապի նոր մատակարարներ, որոնց ծառայությունների տեսականին արդեն իսկ հասանելի է տեղական սպառողներին: Այս հանգամանքը լրացուցիչ խթան է` բնականոն մրցակցության ծավալման և սակագների առավել նվազման համար տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայում: Արմինե Սուքիասյան - Ես այսպիսի հարց եմ ուզում տալ Ռոբերտ Նազարյանին:  Սակագները որոշելիս հաշի է առնվում ամեն ինչ, բացի մեկ կարեւոր բաղադրիչից` սովորական սպառողի եկամուտներից: Ինչու է այդպես: Երբ էլեկտրաէներգիայի, ջրի սակագները որոշում եք, ինչու հաշվի չի առնվում այդ բաղադրիչը` սպառողի եկամուտները, ինչպես նաեւ նվազագույն զամբյուղի չափը: Ստացվում է, որ դուք ներկայացնում եք զանազան մասնավոր ընկերությունների շահերը, բայց ոչ երբեք` սպառողինը: Ռ. Նազարյան - Էլեկտրաէներգիայի, ջրի սակագները հաշվարկելիս ՀՀ ՀԾԿՀ-ը առաջնորդվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով և «Ջրային օրենսգրքով»: Օրենքներում հստակ նշված են սակագների ձևավորման սկզբունքները (լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության փոխհատուցման ապահովումը, ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը, հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը, հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը, հիմնավորված տեխնիկական և առևտրային կորուստների ներառումը և այլն), որոնք և հիմք են հանդիսանում սակագները հաշվարկելիս: Սպառողի եկամուտները չեն կարող հաշվի առնվել սակագները հաշվարկելիս, սակագնի մեծությունը պետք է ապահովի ընկերության անհրաժեշտ շահագործման և պահպանման ծախսերը, ողջամիտ շահույթի ստացման հնարավորությունը: Իսկ սպառողի եկամուտները, ինչպես նաև նվազագույն զամբյուղի չափը հաշվի առնելով` կառավարությունը կամ համապատասխան գերատեսչությունը (ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն) հատկացնում են սպառողներին նպաստներ, օգնություն կամ տրամադրում սուբսիդիաներ: ՍՊԸ -Ես երկու հարց ունեմ պրն Նազարյանին. 1. Մի քանի տարի առաջ մեր շենքերի գազի սպասարկումն իրականացնում էր այլ ընկերություն: Սակայն ճնշումների արդյունքում այդ ընկերությունը հրաժարվեց եւ սնանկ ճանաչվեց: Այսօր այդ սպասարկումն իրականացնում է միայն մի ընկերություն` «ՀայՌուսգազարդը», եւ ինքն էլ որոշում է սպասարկման գինը: Սա մենաշնորհ չէ, արդյոք: Դուք Ձեր հանձնաժողովում քննարկել եք այդ հարցը: Թե ինչու վերացվեցին սպասարկում իրականացնող այլ ընկերություններ եւ հիմա միայն մեկ ընկերություն է այն իրականացնում: 2. Դուք երեւանցի տղա եք, Ձեր քաղաքապետ եղած ժամանակ Ձեր որոշումներով Օպերայի այգին ավերվեց եւ կառուցվեցին բազմաթիվ սրճարաններ: Արդյոք Ձեր խիղճը հանգիստ է, ցավ չեք չզգում, երբ այդ վայրով անցնում եք: Ռ. Նազարյան – 1. Մինչև 2005 թվականի երկրորդ կիսամյակը հանրապետությունում շուրջ 270000 բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացվում էր տարբեր ընկերությունների կողմից, որոնք, ըստ էության, որևէ պատասխանստվություն չէին կրում ներտնային գազասպառման համակարգերի անվտանգության մակարդակի համար: Բոլոր շահագրգիռ կողմերի և հասարակական կազմակերպությունների հետ երկարատև քննարկումների արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, 2005 թվականի փետրվարի 9-ի «Գազասպառման համակարգերի անվտանգության ապահովման սկզբունքների մասին» N14Ա որոշմամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, գազասպառման համակարգերի սպասարկման աշխատանքների իրականացման համար, «ճանաչել է պայմանագրային կողմ»: Ընկերությունը պարտավոր է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնել ինքնուրույն կամ պայմանագրային հիմունքներով` իր կողմից ընտրված այլ կազմակերպությունների միջոցով: «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնելու պարտավորությունն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N2399-Ն որոշմամբ: Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներին համապատասխան` նշված իրավասությունները «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից հանձնարարության պայմանագրով փոխանցվել են «ԷՅ Ի ՋԻ – Սերվիս» ընկերությանը: Հարկ եմ համարում նշել, որ հանձնարարության պայմանագրով գործառույթների փոխանցումը այլ կազմակերպության` որևէ կերպ չի նվազեցնում մատակարարող ընկերության պատասխանատվությունը: Այսպիսով, օրենսդրորեն սպասարկման գործառույթի իրականացման պատասխանատուն մնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը: 2. Նախ ասեմ, որ ես երևանցի եմ, ու Երևանում տեղի ունեցող ցանկացած ապօրինի գործողություն ինձ ցավ է պատճառում և' քաղաքապետ եղած ժամանակ, և' դրանից առաջ, և' դրանից հետո: Ինչ վերաբերում է Օպերայի այգուն, ասեմ, որ այնտեղ սրճարաններ գործում էին դեռևս իմ` քաղաքապետ նշանակվելուց առաջ: Կատարվածի համար միայն ինձ մեղադրելը, կարծում եմ, ճիշտ չէ: Իմ պաշտոնավարության ժամանակ նույնպես կատարվել են հողահատկացումներ` թեթև կոնստրուկցիաներով, բացօթյա սրճարաններ կառուցելու նպատակով: Ըստ այդմ` տրվել են ճարտարապետա-հատակագծային առաջադրանքներ, նախագծեր, որոնք ցանկացած պահի հնարավոր կլիներ 1-2 օրվա ընթացքում ապամոնտաժել և տեղափոխել: Այսինքն` իմ կողմից տրված որոշումների բովանդակային մասով ես այսօր էլ խնդիր չեմ տեսնում: Այլ բան է, թե դրանք ինչպես իրականացվեցին: Ցավոք սրտի, պատվիրատուներն ավելի ուժեղ գտնվեցին և կարողացան ճարտարապետա-հատակագծային առաջադրանքը, նախագիծը շրջանցելով, իրենց փողի քսակին, ծննդավայրի ճաշակին, դաստիարակությանն ու պնդաճակատությանը հարիր` տձև կառույցներով բետոնապատել մշակութային խորհրդանիշ այգի-զբոսավայրը: Ինձ, թերևս, կարելի է մեղադրել այն բանի համար, որ ես, քաղաքապետ լինելով, չկարողացա այդ զոռբաների հախից գալ, և այդ, որպես անանց հետևանք, ծանրացավ սրտիս: Որպես բողոքի նշան` երբեք չեմ օգտվել և չեմ օգտվում այդ սրճարաններից, և ոչ միայն…Ամեն անգամ, երբ անցնում եմ այդտեղով, սիրտս ծակոցով է արձագանքում: Ավելացնեմ, որ ես քաղաքապետի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն, և իմ հրաժարականի գլխավոր պատճառներից մեկն էլ հենց այն գիտակցությունն է եղել, որ ես այլևս անզոր եմ պայքարելու նմանատիպ  անօրինակությունների դեմ: Հարությունյան - Պրն Ռ. Նազարյան, կխնդրեի ստույգ ներկայացնել` այսօր որքան են կազմում «ՀայՌուսգազարդի», «Բարձրավոլտ էլ.ցանցերի» և «Հայցանցի» եկամուտները` արտահայտված տոկոսներով, և վերը նշվածներից որի փաստացի եկամուտներն են մեծ: Այսինքն` ՀՀ-ում որի տարեկան միջին շրջանառությունն է բարձր: Մեկնաբանեք նաև այդ տարբերությունը ու թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել ձեր հանձնաժողովը: Կանխավ շնորհակալություն: Ռ. Նազարյան - Սակագնային հաշվարկներով 2009 թվականի ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի անհրաժեշտ հասույթը կկազմի 126.7 մլրդ դրամ, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ինը` 4.4 մլրդ դրամ, «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ինը` 94.4 մլրդ դրամ: «Նշված ընկերությունների եկամուտները արտահայտված տոկոսներով» ասելիս, հավանաբար, ի նկատի ունեք շահութաբերության նորմաները: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի շահույթի նորման կազմում է 10%, շահույթի մեծությունը` համապատասխանաբար` 10.8 մլրդ դրամ և 663 մլն դրամ: «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի շահույթի նորման կազմում է 17%, շահույթը` 8.75 մլրդ դրամ: Շահույթը հաշվարկվում է` ելնելով ընկերության հիմնական միջոցների արժեքից: Ինչ վերաբերում է անհրաժեշտ հասույթի (շրջանառության) տարբերություններին, ապա դրանք կախված են բազմաթիվ գործոններից. նախ, որ դրանք տարբեր մեծության և տարբեր գործունեություն իրականացնող ընկերություններ են: Օրինակ` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում անհրաժեշտ հասույթի մեծ մասը կազմում է հանրապետություն ներկրվող բնական գազի արժեքը, իսկ «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում` արտադրող կայաններին, էլեկտրաէներգետիկական համակարգին ծառայություններ մատուցող ընկերություններին իրականացվող վճարումները: Արթուր Ղազարյան - Պարոն Նազարյան, 1. Մեկ դոլարը երբ 580 դրամ էր, 1կվտ/ժամ հոսանքը 25 դրամ էր, երբ մեկ դոլարը դանդաղ իջավ մինչև 305 դրամ, հոսանքը նորից 25 դրամ էր: Ինչու՞ Ձեր հանձնաժողովը այս 5 տարիների ընթացքում չիջեցրեց հոսանքի գինը և նպաստեց հոսանքի մատակարարների գերշահույթներին: 2. Երբ Ձեր հանձնաժողովը որոշում է «ՀայՌուսգԳազարդի» սպառողների պարտադիր սպասարկման վճարը` կախված բաժանորդի միացման կետերի քանակից, այդ նույն «ՀայՌուսգազարդին» հարցրել եք, թե այդ սպասարկման գումարի դիմաց ինչ ծախսեր է ինքը ընդհանրապես կատարել: Չմատուցված, անծախսատար ծառայության դիմաց Դուք ինչպե՞ս եք վարձավճար սահմանում: 3. Աղբահանությունը հանրային ծառայություն թե ոչ: Ինչու՞ դրա համար պարտադիր պայմանագրեր սպառողների հետ չեն կնքվում, որտեղ ֆիքսվեն գները: Օրինակ` Արաբկիրում գանձումներ են անում առանց օրինական հիմքի` սպառողի հետ պայմանագրի: Ռ. Նազարյան - Էլեկտրաէներգիայի մատակարարի` «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մոտ չեն կարող առաջանալ գերշահույթներ, քանի որ ընկերության մասնավորեցման ժամանակ, 2002 թվականի նոյեմբերից, ստորագրվել է սակագնային մարժայի հաշվարկման մեթոդաբանություն, որտեղ ամրագրված է ընկերության սակագնում ներառվող շահույթի նորման: Այո, դրամի արժևորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ, դրական գործոն է էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնելու համար, բայց սակագների մեծությունը կախված է բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններից: Նշեմ, ամենագլխավոր բացասական գործոններից մի քանիսը. ա) Հանրապետություն ներկրվող բնական գազի արժեքը, որը Ձեր նշած 580 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքի ժամանակ կազմում էր 53 ԱՄՆ դոլար /հազ. խմ, այնուհետև դարձավ 110 ԱՄՆ դոլար/ հազ. խմ, իսկ 2009 թվականի ապրիլի 1-ից կկազմի 154 ԱՄՆ դոլար/ հազ. խմ: բ) Համակարգում իրականացված կապիտալ ներդրումների փոխհատուցումը` շահույթի և մաշվածության տեսքով. Գազամատակարարման համակարգում 2004 թվականից մինչ օրս կատարվել են շուրջ 45.4 մլրդ դրամի, իսկ էլեկտրաէներգետիկական համակարգում` 33.4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ: գ) Միջուկային վառելիքի թանկացումը` յուրաքանչյուր տարի մոտ 20-30%-ով: դ) Շահագործման և պահպանման ծախսերի ավելացումը` կապված նյութածախսի գների թանկացման հետ: Գազամատակարարման ներտնային համակարգերի սպասարկման վճարները սահմանվել են` ելնելով սպառողներին անվտանգ գազամատակարարման ապահովման սկզբունքներից: Չեմ բացառում, որ ընկերությունում կան նաև անբարեխիղճ աշխատակիցներ, ովքեր չեն իրականացնում համակարգի սպասարկման համար նախատեսված աշխատանքները: Հանձնաժողովն, իր իրավասությունների շրջանակներում, կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և ստուգումներ` նշված թերությունները նվազագույնի հասցնելու համար: Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2008 թվականի հոկտեմբերի 8-ի N539Ն որոշմամբ հաստատվել է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագիրը: Համաձայնագրի 2-րդ կետում նշված է սպասարկման աշխատանքների ծավալը: Աշխատանքների իրականացումը հավաստվում է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ակտում` ըստ նույն համաձայնագրի 5-րդ կետի: Համաձայնագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պարտավորության խախտում է համարվում հաշվարկային կիսամյակի ընթացքում ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չիրականացնելը, և 10.1 կետի համաձայն` մատակարարը հաջորդ հաշվարկային կիսամյակի համար բաժանորդից ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճար չի գանձում: Ավելին, 10.2 կետի համաձայն` մատակարարը պարտավոր է տույժ վճարել` ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարի 1/2-ի չափով, որը հաշվի է առնվում տվյալ հաշվարկային կիսամյակի վերջին ամսին հաջորդող ամսի` Բաժանորդի ծախսած բնական գազի համար ներկայացվող վճարման հաշվում: Սպառողները նույնպես պետք է հետևողական լինեն այդ հարցում, և մինչև ներտնային համակարգի սպասարկման աշխատանքների կատարման վերաբերյալ ակտը ստորագրելը պահանջեն ընկերության մասնագետներից կատարել իրենց աշխատանքը: Աղբահանության ոլորտը և այդ ոլորտի գնագոյացումը չի կարգավորվում ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից: Լիանա - Ես ունեմ երկու հարց՝ 1. Խոսքը «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու մասին է: Եթե մենաշնորհից զրկել եք, ինչու՞ «ԱրմենՏելը» մուտքային զանգերի համար ոչ մի ընկերության հետ պայմանագիր չի կնքում: 2. Ինչու՞ է «Հայցանցի» շահույթը 16 տոկոս, իսկ Ատոմակայանի եւ Հրազդանի ՋԷԿ-ինը` 0,6 տոկոս: Կանխավ շնորհակալ եմ: Ռ. Նազարյան - Հարգելի Լիանա, Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի ազատականացումից ի վեր` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նախկինում մենաշնորհ ունեցող «ԱրմենՏելի» հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին զուգահեռ` ստեղծվեն և զարգացում ունենան նաև այլընտրանքային հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր: Ներկա փուլում կապի նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը հանրապետությունում հանձնաժողովի կարգավորիչ քաղաքականության հիմնական գերակայությունն է: Այս համատեքստում, Ձեր կողմից բարձրացված միջազգային զանգերի տերմինացիայի վերաբերյալ հարցը կարգավորում է ստացել հանձնաժողովի` 2009 թվականի փետրվարի 4-ին ընդունած «Միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու կարգը սահմանելու մասին» 12Ն որոշմամբ: Համաձայն այդ որոշման`միջազգային զանգի տերմինացիա իրավասու են իրականացնել միայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները` սեփական ցանցի ներսում կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության այլ ցանցերում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի փոխկապակցման ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում: Այսինքն` նշված գործունեության իրականացման համար անհրաժեշտ նախապայման է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի առկայությունը, իսկ գործունեությունն ինքնին պետք է իրականացվի վերոհիշյալ կարգով սահմանված պայմաններին համապատասխան: Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում (www.psrc.am): Ուզում եմ նշել, որ միջազգային պրակտիկայում հայտնի են օրինակներ, երբ օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով այլ անձանց կողմից իրականացվող միջազգային զանգերի տերմինացիան արգելված է, իսկ անօրինական կամ «ստվերային» տերմինացիայի համար սահմանված է քրեական պատասխանատվություն: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով այլ անձանց կողմից իրականացվող միջազգային զանգերի տերմինացիան չի բխում այդ ցանցերի ծառայություններից օգտվող սպառողների շահերից և չի նպաստում ենթակառուցվածքների զարգացմանը: Ինչ վերաբերում է «ԱրմենՏելի» հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցով մուտքային զանգերի տերմինացիայի համար պայմանագրերի կնքմանը, ապա այդ ընկերությունն օրենքով պարտավոր չէ իր ցանցով մուտքային զանգերի տերմինացիայի համար պայմանագրեր կնքել այլ ընկերությունների հետ: Դա կարող է իրականացվել միայն փոխհամաձայնության հիման վրա և վերոհիշյալ կարգով սահմանված պայմաններին համապատասխան: «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի շահույթի նորման ամրագրված է ընկերության սակագնային մարժայի հաշվարկման մեթոդաբանության մեջ, որը ձևավորվել է մասնավորեցման ժամանակ: Համաձայն մեթոդաբանության` մինչև 2009 թվականը հանձնաժողովն ընդունում է ակտիվների շահութաբերության 17% հաշվարկային նորմա` շահույթի հաշվարկման բազայի նկատմամբ: Շահույթի հաշվարկման բազան որոշվում է որպես մրցույթի արդյունքում ձևավորված բաժնետոմսերի 100 %-ի արժեքի, բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի համաձայն լիցենզավորված անձին փոխանցված պարտավորությունների մեծության, օգտակար և օգտագործվող ակտիվներում (հիմնական և շրջանառու) կուտակված ներդրումների գումարի և կուտակված մաշվածության տարբերություն: «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ-ի մասնավորեցման ժամանակ ստորագրված պայմանագրի համաձայն` կայանի համար վճարված 31 մլն ԱՄՆ դոլարը պետք է վերադարձվի 15 տարում շահույթի և մաշվածության տեսքով: Ուստի այս պարագայում խոսքը ոչ թե շահույթի մասին է, այլ` կապիտալի վերադարձի: Ինչ վերաբերում է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին, ապա այն ամբողջությամբ պետական բաժնեմաս ունեցող ընկերություն է: Պետությունը, ելնելով սպառողների վրա մեծ բեռ չդնելու հանգամանքից, ավելի մեծ շահույթի ստացման պահանջ չի ներկայացրել: Նարո - Պարոն Նազարյան, Հայ ազգային կոնգրեսի`իշխանության գալու պարագայում կշարունակե՞ք պաշտոնավարել, եթե նման առաջարկ լինի: Ռ. Նազարյան - Եթե  Հայ ազգային կոնգրեսը իշխանության գա, եթե նմանատիպ առաջարկ լինի, այն ժամանակ էլ կպատասխանեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter