Ֆինանսական ճգնաժամը եւ առողջապահությունը
Համաշխարհային ահագնացող ֆինանսատնտեսական ճգնաժամը սպառնում է նաեւ սոցիալական ոլորտին, բնակչության առողջության եւ առողջապահական համակարգին: Այդ են վկայում միջազգային հեղինակավոր առողջապահական կազմակերպությունների վերլուծությունները եւ իրականացող կանխատեսումները։ Առաջին հերթին վտանգված են եկամուտի ցածր մակարդակ եւ մինչեւ վերջ չձեւավորված շուկայական հարաբերություններ ունեցող երկրները: Այս մտահոգությամբ է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին հանդես եկավ «Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը առողջապահության համակարգի վրա» կոչ- ուղերձով` հասցեագրված աշխարհի պետությունների կառավարություններին եւ քաղաքական ղեկավարներին: Իսկ սույն թվականի հունվարի 21-ին ԱՀԿ-ն հրապարակեց «Ֆինանսական ճգնաժամը եւ գլոբալ առողջապահությունը» թեմայով խորհրդատվական զեկույց, որում կոչ է արվում պետությունների ղեկավարներին առավել զգոն գտնվել եւ սոցիալական ցնցումներից զերծ մնալու համար թույլ չտալ, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքների բեռ ընկնի առողջապահության վրա:
Հայաստանի իշխանություններն անհաղորդ են մնում ինչպես նշված կոչերին, այնպես էլ առկա այն իրավիճակին, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամը սպառնում է վերաճել սոցիալականի։ Ճանաչելով քաղաքացու առողջությունը որպես ինքնին բացարձակ արժեք, նաեւ գնահատելով այն որպես ազգային անվտանգության եւ տնտեսության արտադրողականության ապահովման հիմք եւ պայման, հրամայաբար անհրաժեշտ ենք համարում
- խթանել եւ պաշտպանել ներդրումները սոցիալական, մասնավորապես առողջապահության ոլորտում,
- ապահովել սոցիալապես առավել խոցելի բնակչության իրավունքները առողջապահության ոլորտում,
- ոչ թե դեկլարատիվ այլ իրապես ապահովել սոցիալական արդարության սկզբունքը առողջապահության ոլորտում,
- ապահովել ֆինանսական առանց այդ էլ սուղ ռեսուրսների արդյունավետ ու նպատակային օգտագործում` կտրուկ բարձրացնելով ծախսերի վերահսկելիությունը, ինչին կնպաստի բուժհիմնարկներում պետական պատվերի տեղադրման մրցույթային կարգի ներդրումը:
- անդրադառնալ դեղագործական ապրանքների (3,095 մլրդ դրամ) ու բժշկական սարքերի եւ սարքավորումների (1,728 մլրդ դրամ) ձեռքբերման ծախսերին, ապահովելով դրանց ուղղորդումը բնակչության առավել անապահով խավերի կարիքներին,
- հաշվի առնելով դրամի արժեզրկման պայմաններում դեղամիջոցների գների արդեն իսկ առկա մոտ 20 տոկոս աճը, ինչի արդյունքում աճում են բժշկական օգնության ծառայությունների գները եւ ստեղծում է հավելյալ ծանրություն բնակչության ծախսերում, փոխարինել վկայագրված դեղորայքի բյուջետային գնումները համանման (գեներիկ) դեղորայքի գնումներով, որոնք անհամեմատ մատչելի են ու որակի առումոգ ընդունելի,
- նվազագույնի հասցնել առողջապահական օբեկտների հիմնանորոգման (1,212 մլրդ դրամ) եւ շինարարության (218 մլն դրամ) համար նախատեսված ծախսերը, թողնելով միայն անխուսափելիները,
- ամբողջությամբ վերացնել հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցման (40,365 մլն դրամ) բյուջեում ամրագրված անհասկանալի ծախսերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել