«Չորրորդ իշխանություն». «Ավելի որակյալ չարագործներ կան»
«Չեմ կարծում, թե երեւանցիները իրենց դժգոհությունները պիտի արտահայտեն չարագործի միջոցով: Դրա համար կան այլ քաղաքական ուժեր, այդ թվում` կոալիցիայի կազմում»,- անդրադառնալով Երեւանի քաղաքապետի ընտրություններին` հայտարարել է Գալուստ Սահակյանը:
«ՉԻ» - Համաձայնվեք` առանց Գալուստ Սահակյանի ներքաղաքական կյանքը գորշ ու միապաղաղ կլիներ: Փաստորեն, ի՞նչ է ասում քաղաքագիտական մտքի տիտանը: Ասում է, որ եթե երեւանցիները դժգոհ են քաղաքի կառավարումից եւ ուզում են այդ դժգոհություններն արտահայտել չարագործի միջոցով, դրա համար կոալիցիայի կազմում շատ հարմար ուժեր կան: Ճիշտ է ասում իհարկե. Կոալիցիայի կազմում իսկապես չարագործների պակաս չի զգացվում: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ իշխանություններից դժգոհ երեւանցիները մտադիր են ոչ թե դժգոհություն արտահայտել չարագործների միջոցով, այլ ազատվել չարագործներից: Դրա համար կոալիցիայի թեկնածուները պիտանի չէ:
«Բա որ չստացվի»
«Մենք, բնականաբար, ընտրությունները պետք է անցկացնենք այնպես, ինչպես ընտրական այսօրվա տրամաբանությունն է»,- անդրադառնալով քաղաքապետի ընտրություններին, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«ՉԻ» - Արմեն Ռուստամյանի անկեղծությունը հիացնում է: Ուշադրություն դարձրեք` նա չի ասում, որ ընտրություններն անցկացնելու են օրենքի շրջանակներում: Ասում է` անցկացնելու ենք «ընտրական այսօրվա տրամաբանությամբ»: Իսկ այդ տրամաբանությունը հայտնի է: Սկզբում որտեղ ինչ կեղծիք հնարավոր է արվում է, հետո համապատասխան թվերն են հայտարարվում, հետո սպեցնազը լցվում է փողոցները, որպեսզի Սահմանադրական դատարանը հանգիստ ընթերցի նախապես գրված տեքստը, հետո էլ ՀՅԴ-ն հայտարարում է, որ չնայած առանձին խախտումներին, ընտրությունները անցել են փայլուն, եւ իրենք համարյա թե ողջունում են դրա արդյունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել