HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Տիգրան Հայրապետյանը ճշմարտության զոհ դարձավ

18_03-t_hayrapetyan110 տարի է անցել այն օրվանից, երբ վրաերթից մահացավ քաղաքագետ-հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը, սակայն նրա խոսքն ու գաղափարները ապրում են և արդիական են մինչ այսօր: Այսօր Տիգրան Հայրապետյանի 45-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Տիգրանի հարազատներն ու ընկերները, նրա գաղափարների կողմնակիցները հիշեցին ու խոսեցին գրչի ու մտքի մեծ վարպետի մասին: «Երկու միտք, որն ինքը Կտակարանից հաճախ մեջբերում էր, որ մինչև «հատիկը չի մեռնում, ծիլ չի տալիս», և «ինձ մեռյալների մեջ մի փնտրեք, այլ` կենդանիների», լավագույնս բնութագրում են Տիգրանին, նա շարունակում է ապրել մեզ հետ, բայց հայ մամուլը կորցրեց նրա մասշտաբը, քանի որ նա ոչ սովորական էր ամեն ինչում, նրա կիրքն ուրիշ էր, նրա մասշտաբն ուրիշ էր»,- ասում է Տիգրանին երկար տարիներ ճանաչող Աշոտ Բլեյանը: Տիգրանի կենդանության վառ ապացույցներն են հարազատների և նախ և առաջ կնոջ` Հաջի Նազենի Ղարիբյանի ջանքերով լույս տեսած հոդվածների ժողովածուները: «Անապատի հազար տարին» գիրքը լույս է տեսել դեռ 2001 թ., իսկ այսօր տեղի ունեցավ Տիգրանի հոդվածների «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» ընդհանուր վերնագիրը կրող երկհատորյակ գրքի առաջին հատորի շնորհանդեսը: Առաջին հատորյակն ամփոփում է Ռուսաստանի և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ նրա դիրքորոշումները: Մյուս գիրքը, որտեղ անդրադարձ է լինելու Արևմուտքին, դեռևս լույս չի տեսել: Հաջի Նազենի Ղարիբյանը համոզված է, որ իր ամուսինը անտարբերության զոհ դարձավ, և մենք կորցրինք մի մարդու, ով Հայաստանակենտրոն գաղափարներ էր տարածում: Տիգրանի մայրը` Ֆրիդա Մադոյանը, սակայն, կարծում է, որ իր որդին ճշմարտության զոհ դարձավ. «Եթե նա այսօր ողջ լիներ, կկանգներ արդարության կողմը, այսօր շատերն են ուզում գրել, բայց վախենում են, իսկ նա չէր վախենում, ասում էր` մեկը պետք է ասի, չէ, ճշմարտությունը, այդ ասողը ես եմ, մարդիկ գնում են Ղարաբաղ` կռվելու, գրիչն էլ իմ զենքն է»,- պատմում է Ֆրիդա Մադոյանը: Աղասի Ենոքյանը հիշում է, որ Տիգրանն առաջինն էր, ով քննարկեց կոմպլեմենտարիզմի գաղափարը, «ինչը Մերձավոր Արևելքին հատուկ քաղաքականությունն է` համարաբիզմից անցում համաիսլամիզմին, որը հետո այլասերվեց ու մտավ Հայաստանի քաղաքականության մեջ լրիվ ուրիշ ռակուրսով»: Աղասի Ենոքյանը համոզված է, որ Տիգրանի նմաններն այսօր շատ քիչ են, այդ պատճառով էլ հայ մամուլը ցինիկանում է. «Ճշմարտությունն ասելն այսօր դառնում է ոչ մոդայիկ, այսօր ճշմարտություն ասելը դառնում է քիչ հնչեղ»,- կարծում է նա: Ամեն տարի Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնը լավագույն քաղաքական- վերլուծական հրապարակման, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը մեծապես աջակցել է Տիգրանի հոդվածների հրապարակմանը, լավագույն հրապարակախոսական հոդվածի և հոդվածների շարքի համար Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակներ են հանձնում: Այս տարի բացառության կարգով ոչ թե քաղաքական-վերլուծական հոդվածի, այլ քաղաքական- վերլուծական երգերի շարքի համար Տիգրանի անվան մրցանակը ստացավ երգիչ-երգահան, այս տարի ազատությանը վերաբերող իր երգերի շարքով հայտնի դարձած Մհեր Մանուկյանը, իսկ «Հայկական ժամանակն» իր մրցանակը հանձնեց «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Բաբայանին: Մրցանակներ ստացան նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները, որտեղ կա Տիգրան Հայրապետյանի անվան գրադարան և համալիրի սաները վաղ հասակից ուսումնասիրում են Տիգրան Հայրապետյանի գաղափարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter