«Հայ-արաբական մշակութային առնչությունները»` Կահիրեում
Մարտի 16-ին Կահիրեի համալսարանի Հայագիտական կենտրոնում տեղի է ունեցել «Հայ-արաբական մշակութային առնչությունները» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցել են շուրջ 25 գիտնականներ Հայաստանից, Եգիպտոսից, Սիրիայից եւ Լիբանանից:
Բացման նիստին ուղերձով հանդես եկան Եգիպտոսի բարձրագույն կրթության նախարարի առաջին տեղակալ Մուհամեդ աբերն ու Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, որոնք բարձր են գնահատել 2007թ. Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետում հիմնադրված Հայագիտական կենտրոնի գործունեությունը:
Նախարարի առաջին տեղակալն իր ուղերձում նշել է, որ 250 հազար ուսանողություն ունեցող Կահիրեի համալսարանում Հայագիտական կենտրոնի հիմնադրումն ու ակտիվ գործունեությունը վկայում է հայ-եգիպտական հարաբերությունների բարեկամական բացառիկ բնույթի մասին:
Իր հերթին էլ ՀՀ դեսպանն ընդգծել է այն հանգամանքը, որ վերջին մեկ տարվա ընթացքում Կենտրոնը դեսպանության աջակցությամբ կազմակերպում է արդեն երկրորդ միջազգային գիտաժողովը (առաջինը տեղի էր ունեցել 2008թ. մարտին), ինչպես նաեւ հրատարակել է 5 գիրք արաբերեն լեզվով` նվիրված հայ-արաբական պատմական հարաբերություններին եւ Եգիպտոսում հայ համայնքի ներկայությանը:
Բացման նիստին Հայագիտական կենտրոնի տնօրենի կողմից ընթերցվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի ողջույնի նամակն` ուղղված գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին:
Գիտաժողովին զուգահեռ բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում կազմակերպվել էր գրքերի ցուցահանդես, որին ներկայացված էին արաբական տարբեր երկրներում հրատարակված գրքեր հայ ժողովրդի պատմության, Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ գիտական տարբեր հետազոտություններ ու գեղարվեստական գրականություն արաբերեն լեզվով: Այս մասին հայտնում է Հհ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել