Վերսկսվելու է պարարտանյութերի արտադրությունը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Վանաձոր-խիմպրոմ» քիմկոմբինատ, շրջել արտադրամասերում, ծանոթացել նախկինում քիմիական ոլորտի առաջատար այդ ձեռնարկության ներկա վիճակին, վերագործարկման հնարավորություններին։
Այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների, Լոռու մարզպետի, քիմկոմբինատի գլխավոր տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են քիմկոմբինատի վերագործարկման հետ կապված հիմնախնդիրներն ու ռազմավարական ծրագրերը։
Որոշվել է վերսկսել կարբամիտի, սելիտրայի եւ այլ պարարտանյութերի արտադրությունը, ինչպես նաեւ ուսումնասիրել կարբիդի արտադրության ներկա պայմաններն ու հնարավորությունները։ Վարչապետը նշել է, որ ձեռնարկության կողմից տեղական հումքով տարբեր տեսակի պարարտանյութերի արտադրության նախատեսվող ծավալները կարող են ապահովել հանրապետության գյուղական տնտեսությունների ամբողջ պահանջարկը, նպաստավոր հիմքեր ստեղծելով գյուղատնտեսական մթերքների արտադրության աճի համար։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Վանաձորի քիմկոմբինատի ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես, արտադրանքի իրացմանն ու մրցունակության ապահովմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի հանձնարարականներ է տվել խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի ու խնդիրների արագ եւ արդյունավետ լուծման նպատակով։ Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել