Ադրբեջանում հանրաքվեն կայացավ
Ադրբեջանում այսօր անցկացվում է Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հանրաքվե: Հանրաքվեի անցկացման հիմնական նպատակն է` վերացնել նախագահի պաշտոնում 2 անգամից ավելի վերընտրվելու արգելքը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` 17.00-ի դրությամբ արդեն քվեարկել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 64.12 տոկոսը, այսինքն` 3.137.851 մարդ:
Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, պետք է մասնակցի ընտության իրավունք ունեցող քաղաքացիների 25 տոկոսը: Ադրբեջանում անցկացված մարդահամարի վերջին տվյալների համաձայն` ընտրելու իրավունք ունի 4 մլն 900 հազար մարդ:
APA գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Մայքլ Հենկոկը հայտարարել է, որ հանրաքվեն հաջող է անցնում և շեշտել է մասնակցողների ակտիվությունը: Հենկոկը նաև անհամաձայնություն է հայտնել տարածված այն կարծիքի հետ, որ սահմանադրական փոփոխությունները հակաժողովրդավարական են. «Մարդիկ իրավունք ունեն նախագահ ընտրել նրան, ում ուզում են, ինչքան ուզում են ու քանի անգամ ուզում են: Այդպես արվում է Մեծ Բրիտանիայում: Օրինակ` Տոնի Բլերը և Մարգարետ Թետչերը ընտրվեցին վարչապետ 2-ից ավելի անգամ, իսկ հետո ժողովուրդը դադարեց նրանց վստահել: Դրա համար էլ ես կարծում եմ, որ դա հակաժողովրդավարական քայլ չէ, և Ադրբեջանի ըննդիմության կոչը` բոյկոտել հանրաքվեն, հաջողություն չունեցավ»,- շեշտել է եվրոպացի պաշտոնյան:
Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան իր զարմանքն է արտահայտել ընտրախախտումների մասին ընդդիմության ահազանգերի կապակցությամբ` նշելով, որ ինքը եւ իր գրասենյակի աշխատակիցները օրվա ընթացքում ընտրախախտումների չեն հանդիպել:
Հանրաքվեն կշարունակվի մինչև 19.00:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն արդեն երկրորդ ժամկետով է վերընտրվել, իսկ սահմանադրական փոփոխությունները նրան հնարավորություն կտան կրկին ընտվել նախագահ: Հենց այդ պատճառով էլ ընդդիմությունը կոչ էր անում բոյկոտել հանրաքվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել