«Ջավախք» հասարակական կազմակերպության նամակը «Միտք» վերլուծական կենտրոնին
Ջավախքում գործունեություն ծավալած կազմակերպության` «Ջավախք» ժողովրդական շարժումն այսօր գրեթե չի գործում: 2002թ. մարտին տեղի ունեցած «Ջավախք» ժողովրդական շարժման հերթական` 7-րդ համագումարից և Ն.Կարապետյանի` շարժման նոր նախագահ ընտրվելուց հետո կազմակերպությունը պառակտվեց երկու մասի:
Շուրջ մեկ տարի անց` 2003թ. հունիսի 18-ին, «Ջավախքի» պառակտված անդամների մի մասը, հավաքվելով ստեղծեցին նոր ձևի ու անվամբ մի կառույց` «Ջավախք» հասարակական կազմակերպություն (նախագահ` Ստեփան Հակոբյան):
«Միտք» վերլուծական կենտրոնը «Ջավախք» հասարակական կազմակերպությունից ստացել է մի նամակ, որտեղ Ջավախքում վերջին շրջանի իրավիճակի լույսի ներքո ներկայացվում են տարբեր հետաքրքրական դրվագներ:
Վերջիններս հիմնականում «Բագին» լրատվական կենտրոնի կողմից վերջերս տպագրված հրապարակումների առանձին մասերի վերլուծություններն ու համապատասխան մեկնաբանություններն են:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունները գնալով ստանում են հասարակական հնչեղություն և ժողովրդի մոտ սկսվել է այս կամ այն կարծիքի ձևավորման գործընթաց` «Միտք» վերլուծական կենտրոնը, ընդառաջելով «Ջավախք» հասարակական կազմակերպության խնդրանքին, միաժամանակ նկատի ունենալով, որ «Ջավախք» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է 1990-ական թվականներին Ջավախքում գործունեություն ծավալած ամենահայտնի կազմակերպության` «Ջավախք» ժողովրդական շարժման հետևորդ կազմակերպություն, տպագրում է վերոնշյալ նամակի բովանդակությունն ամբողջությամբ:
«Միտք» վերլուծական կենտրոնի հարգարժան խմբագրություն,
Գնահատելով վերջին շրջանում ձեր կողմից Ջավախքի ուղղությամբ ծավալած գործունեությունը և լրատվական դաշտում ձեր ունեցած ազդեցությունը, դիմում ենք ձեզ` հետևյալ նամակով: Հույս ունենք, որ դուք, հավատարիմ մնալով հասարակական դաշտում բազմակարծության և անաչառության մթնոլորտի ձևավորման սկզբունքներին` կարձագանգեք ջավախքցիներիս սույն խնդրանքին:
Ի վերջո, ժամանակն է, որ մեր խնդիրների բարձրացման մեջ այս կամ այն խնդիրն օբյեկտիվորեն լուսաբանելու պարագայում միայն տարբեր ԶԼՄ-ներ խոթեն իրենց քթները:
Մենք` «Ջավախք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներս, խորին ուշադրությամբ կարդացինք «Բագին» լրատվական կենտրոնի կողմից հրապարակված հոդվածը և եկանք այն եզրակացության, որ պետք է անպայման հայտնենք մեր կարծիքը:
Հարկ ենք համարում նշել Վահագն Չախալյանի հարաբերությունը այսօրվա Վրաստանի իշխող կառավարության հետ և, իհարկե, «Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության» վարած քաղաքականությունը Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի հետ:
Եթե այսօր անցկացվեն հարցումներ Ջավախքի հասարակության մեջ, ապա կունենանք իրական համոզիչ պատկեր, որ Վահագն Չախալյանը կանգնած էր Վրաստանի գործող իշխանության կողքին և Սահակաշվիլիի վարած քաղաքականության կողմնակիցն է:
Նա ամեն կերպ փորձում էր վարդերի հեղափոխությունը շուտափույթ հասցնել Ախալքալաք, բացի դրանից Հյուսիսային Օսիայում տեղի ունեցած օգոստոսյան պատերազմի ժամանակ ամբողջ Վրաստանում կազմակերպվեց բողոքի ակցիա` ընդդեմ Հյուսիսային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման, որում մեծ ակտիվություն էին ցուցաբերում Չախալյանների մերձավոր ազգականները:
Որպես վերոնշյալի վառ ապացույց` կարող ենք ներկայացնել երկու տեսահոլովակ և Վ. Չախալյանի բացեիբաց հայտարարությունն այդ ամենի մասին: Վ. Չախալյանի կինն ազգությամբ վրացի է, իհարկե, Ջավախքում շատ կան երկամուսնություններ, բայց խոսքը վերաբերում է հենց նույն Վ. Չախալյանին, որը ազգային սովորույթների «պաշտպանն էր»:
Անտեսելով հայկական եկեղեցին` նա իր երեխային կնքում է վրացական եկեղեցում: Իհարկե, դա նրանց ընտանեկան ներքին գործն է, բայց հարց է ծագում` ինչո՞ւ է Վահագն Չախալյանը, որին իրականում չեն հետաքրքրում հայկական սովորույթներն ու ավանդույթները, վրացականն ուռճացնում հայերի մոտ: Ո՞րն է այստեղ ճշմարիտը: Հարցի պատասխանը մեկն է. Վ. Չախալյանն ամրապնդում է վրացական հոգևոր գործոնը Ջավախքում:
Վերոնշյալի վառ ապացույցը երկու ոստիկանի 29.01.2009թ. դատական նիստի ցուցմունքն է, որտեղ ասվում է, որ Վ. Չախալյանը պաշտպանեց վրացական եկեղեցին բողոքարարներից: Նա նույնիսկ պաշտպանել է ազգությամբ վրացի երկու դատավորների, երբ Ջավախքի ազգաբնակչությունը պահանջում էր, որ Ախալքալաքի դատավորները պետք է ազգությամբ հայ լինեն (Ախալքալաքի շրջանի դատավորներ Բորիս Զեդգինիձեի և Նոդար Գվարամաձեի ցուցմունքը): Մանրամասների մասին կարող եք տեղեկացվել Վ. Չախալյանների փաստաբաններից:
Հարգարժան խմբագրություն: Կարելի է թվարկել բազմապիսի օրինակներ, որոնցում Վ. Չախալյանը շատ ազգային հարցերում կողմնակից է եղել վրացականին, քան հայկականին, բայց մի կողմ մնա այդ Չախալյան կոչեցյալը և ներկայացնենք իրականությունը:
Հարկ ենք համարում քննարկել հոդվածի այն էպիզոդը, որտեղ խոսքը վերաբերում է «խմբավորումներին», որոնք ստեղծված էին «Ջավախք» Ժողովրդական շարժման կողմից: Եթե հետադարձ հայացքով նայենք անցյալին, ապա կհիշենք, որ այդ «խմբավորումների» տղաները պայքարեցին Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար, նրանք այն տղաներն էին, որոնք պաշտպանեցին օսերին Զ. Գամսախուրդիայի բանդաներից` Բորժոմի դեպքերի ժամանակ, նրանք այն տղաներն էին, որոնց շնորհիվ անխախտելի էր Ջավախքի անդորրը, այն չէր խախտվում Վրաստանում գործող անօրինական զինված բանդաների կողմից, որոնց հիմնական նպատակն էր ներխուժել Ջավախք:
Նրանք այն տղաներն էին, որոնք բազմապիսի օգնություն ցուցաբերեցին ինչպես Սպիտակի ողբերգական երկրաշարժի, այնպես էլ Արցախի շրջափակման ժամանակ: Եվ ինչպես կարելի է այդ կազմակերպությունն անվանել «զինված խմբավորում», երբ այդ տղաները Ջավախքի և Մայր Հայրենիքի համար իրենց կյանքերն են դրել այդ պայքարի զոհասեղանին:
Եթե վերլուծության ենթարկենք Ջավախքի կարգավիճակը մինչ 2000-ական թթ., երբ սկսեց գործել «Ջավախքի Երիտասարդական Միությունը», և 2000-ական թթ. մինչ այսօր, երբ «Ջավախքի Երիտասարդական Միությունը» դուրս եկավ քաղաքական ասպարեզից` իր տեղը զիջելով մի շարք այլ հասարակական կազմակերպությունների, ապա` համեմատություն անցկացնելով այդ ժամանակահատվածների միջև, անզեն աչքով կարելի է տեսնել, թե ով է Ջավախքի պատրիոտ, ով`…………
Հարգարժան խմբագրություն, դուք երևի կհամաձայնեք մեզ հետ, որ զանգվածային լրատվական միջոցների հեղինակությունը կախված է ներկայացվող նյութերի իրական լինելու փաստերով, որոնք տարածվում են ինտերնետային կայքէջերով և հեռուստաալիքներով: Սակայն «Բագին» լրատվական կենտրոնի կողմից տպված հոդվածում շատ անճշտություններ կան: Օրինակ, մենք ճշտել ենք, որ Սամցխե-Ջավախքում ոչ մի անգամ չկա և չի եղել ազգային անվտանգության պոստը:
Այդ նույն հոդվածում տպագրվել է որ Ախալքալաքի ոստիկանության կողմից ձերբակալվել են Արա և Էդո Սահարյանները, բայց հարցնելով նրանց` պարզվեց, որ Ախալքալաքում նրանց ոչ-ոք չի ձերբակալել:
Սեփականաշնորհման հանձնաժողովը, որը զբաղված է նախկին 62-րդ ռազմական բազայի բնակարանների հարցերով, իբր թե առգրավել է Արթուր Պողոսյանի բնակարանը: Այդ հարցը պարզաբանելով` եկանք այն ճշմարտացի իրողությանը, որ ոչ մի բնակարան սեփականության իրավունքով ոչ մեկին չի հատկացված: Այսքանից հետո էլ ինչ խոսք կարող էր լինել առգրավման մասին:
Իրականում Արթուր Պողոսյանը բռնազավթել է երկու բնակարան, որից մեկը հետ է վերցվել, իսկ մյուսի հարցը կորոշվի սեփականաշնորհելու ժամանակ: Անհասկանալի և իրականությանը չհամապատասխանող է «Բագին» լրատվական կենտրոնի կողմից տպագրված այն հոդվածը, թե Արթուր Պողոսյանին ձերբակալել են 2007թ. օգոստոսի 24-ին, երբ Ախալքալաքից դուրս է բերվում 62-րդ ռազմական բազան, բայց իրականում ռուսական բազան Ախալքալաքից սկսեց դուրս գալ 2005թ., և վերջին էշելոնը մեկնեց Ջավախքից 2006թ.:
Կարդալով այդ հոդվածը` վերհիշեցինք մի հանգամանք, երբ «Միացյալ Ջավախքի» լիդերները կոչ արեցին ազգաբնակչությանը` դեմ դուրս գալ ռազմակայանի դուրս բերմանը, ազգաբնակչությունը հավաքվեց, բայց այդ թատերական ներկայացման կազմակերպիչները անհայտ, այժմ` «հասկանալի», պատճառով չներկայացան և չղեկավարեցին այդ ամբոխին, և հավաքված մարդիկ սկսեցին ցրվել տարբեր ուղղություններով:
Այս բոլորը մեզ տեղիք է տալիս կասկածի տակ առնելու այդ հոդվածի բովանդակության իսկությունը: Այսպես օրինակ, Ս. Պետրոսյանը հրավիրել է Վրաստանի ՆԳ նախարարության հատուկ ջոկատային ծառայողներին: Հարց ենք տալիս. ո՞վ է այդ լրատվության աղբյուրը, կարող է հատուկ նշանակության աշխատակիցները «իրենցով են արել» լրագրողներին:
Եվ վերջապես իրականում Ս. Պետրոսյա՞նն է հարուցել բոլոր քրեական գործերը Վ. Չախալյանի և Ա. Պողոսյանի դեմ: Այս հարցով դիմեցինք Վ. Չախալյանի ընկերներին և պարզվեց, որ ոչ մի քրեական գործ Վ. Չախալյանի և Ա. Պողոսյանի դեմ Ս. Պետրոսյանը չի հարուցել:
Մենք նույնպես դիմել ենք Ս. Պետրոսյանին և խնդրել ենք մեկնաբանել այդ հոդվածը, որին Ս. Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը ոչ մի ուշադրություն չի դարձնում նմանատիպ հիմարությունների վրա, և այդ ամենը շատ ցածր է իր արժանապատվությունից:
Մենք Ս. Պետրոսյանի փոխարեն կարող ենք ասել, որ նա հանդիսանում է Ժողովրդական Շարժման լիդեր, և ի շնորհիվ նրա մինչ այսօր պահպանվել է կայունություն և խաղաղություն մեր տարածաշրանում: Նրա շնորհիվ ոչ մի ուժ չի կարողացել ներխուժել Ջավախք, իսկ աշխարհի տարբեր մասերում Ջավախքի մասին արծարծվում էր որպես պոտենցիալ ուժ: Եվ երբ Ս. Պետրոսյանը հեռացավ քաղաքականությունից, այսօր նրանք էլ քննադատում են նրան: Եթե մեզանից մեկն այսօր Ջավախքի և ջավախքահայության հանդեպ Ս. Պետրոսյանի կիսով չափ նվիրաբերվեր, ապա վաղուց ջավախքահայությունը հասած կլիներ իր երազանքներին, իսկ մի ձեռքը ծափ տալ չի կարող երբեք: Մենք համոզված ենք, որ օրերից մի օր Ջավախքի անդորրը խարխլողները կդառնան Ջավախքի և ջավախքահայության թշնամիներ:
Հարգարժան խմբագրություն: Մեր մոտ տպավորվել է այն կարծիքը, որ «Բագին» լրատվական կենտրոնի կայքէջով լուծվում են անձնական հարցեր: Մենք չգիտենք, թե ով է հանդիսանում այդ կայքէջի հեղինակը, բայց ով էլ որ լինի` ուժեղ հարված է հասցրել Վ. Չախալյանին այդ հոդվածով:
Մեկնաբանենք: Վ. Չախալյանի ձերբակալումից հետո Չախալյանն ու նրա փաստաբանը վեց ամիս փորձում էին ապացուցել, որ Վ. Չախալյանը քաղբանտարկյալ է, որ նա միակ հայապաշտպանն է Ջավախքում, բայց «Բագին» լրատվական կենտրոնի հոդվածում ուղղակիորեն նշված է, թե Վ. Չախալյանին «դեպորտով» աքսորեցին ՀՀ-ից:
Հարց է ծագում. եթե Վ. Չախալյանը հանդիսանում է հայազգի պատրիոտ, ապա ինչու՞ դեդպորտով աքսորեցին ՀՀ-ից: Ուրեմն Վ. Չախալյանը և նրա ձերբակալումը քաղաքական բնույթ չի կրում: Մեկ ուրիշ հանգամանք ևս. Վ. Չախալյանը և նրա փաստաբանը ամիսներ շարունակ փորձում էին ապացուցել, որ այդ զենքը, որ գտել են խուզրկության ժամանակ նրանց տանից, «սպեցնազն է սարքել», և որ նա երբեք զենք չի ունեցել: Բայց նույն հոդվածում ևս նշվում է, թե եթե Վ. Չախալյանին չձերբակալեին, ապա նա Ջավախքի համար զինված ոտքի կկանգներ: Ուրեմն Վ. Չախալյանը ուներ զենք: Այն ամենը, ինչ համար Վ. Չախալյանը և նրա փաստաբանը պայքարեցին ամիսներ շարունակ, նշված հոդվածի հեղինակը փլուզեց այն մեկ ակնթարթում:
Կուզենայինք նշել, որ ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության գործում իրականում մեծ դեր են խաղում լրատվամիջոցները: Բայց դա շատ նուրբ հարց է, և այդ հարցի լուծմանը պետք է զգուշությամբ մոտենալ: Շատ հոդվածներ, որոնք լուսաբանվում են ազգային փոքրամասնությունների պաշտպանության նպատակով, իրականում վնասում են վերջիններիս: Իսկ այն «պատրիոտները» և «քաղաքական գործիչները», ովքեր ստվերի տակ և Վրաստանի սահմաններից դուրս ինչ-որ հայտարարություններով են հանդես գալիս` իբր ի օգուտ Ջավախքի, ապա վերջիններիս նման վարմունքով Վրաստանի իշխանության վերաբերմունքը միմիայն վատանում է մեր նկատմամբ: Իսկ դրանով հարվածի տակ ենք մնում մենք` ջավախքահայերս: Նույնիսկ կան ենթադրություններ, որ Ախալցխայում կատարված վերջին ձերբակալությունները կատարվել են ի շնորհիվ «Բագին» լրատվական կենտրոնի կայքէջի:
Ուրեմն` խորհուրդ ենք տալիս բոլորին` չվատթարացնել իրավիճակը, և եթե այդ քաղաքական գործիչների մոտ մնացել է մի կաթիլ ազգասիրություն և հայկական ոգի, ապա թող գան այստեղ և կազմակերպեն ազգային շարժում: Բավական է զբաղվել լոկ պոպուլիզմով:
Նամակին հետևում է «Ջավախք» հասարակական կազմակերպության կնիքը
և չորս ստորագրություններ: Նամակը թվագրված չէ:
Տպագրվել է «Նացիոնալ» լրատվական կայքէջում (www.natnews.info):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել