HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը չկարողացավ խոչընդոտել ցուցահանդեսին Ղարաբաղի մասնակցությանը

Մարտի 11-15-ը Բեռլինում կայացած ITB  միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է նաեւ ԼՂՀ-ն: Չնայած տարածված տարբեր լուրերին` հիմնականում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, թե Ղարաբաղի տաղավարը փակվել է, հավաքվել են քարոզչանյութերը եւ այլն, ցուցահանդեսին Ղարաբաղը մասնակցել է առաջին օրվանից մինչեւ վերջին օրը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, որն անձամբ մասնակցում էր այդ միջոցառմանը: Նրա խոսքերով, ցուցահանդեսի երկրորդ օրն արդեն Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից սկսվեց ամեն ջանք գործադրվել` Ղարաբաղի մասնակցությունը տապալելու ուղղությամբ: Դա արտահայտվեց նրանով, որ ցուցահանդեսի կազմակերպիչ մարմինը դիմեց Ղարաբաղի ներկայացուցիչներին, որ տաղավարի գրությունը փոխարինեն տաղավարը վարձող ընկերության անվանումով: Ղարաբաղի ներկայացուցիչները համաձայնվեցին կատարել խնդրանքը միայն այն պայմանով, որ դա պետք է անի նաեւ Հյուսիսային Կիպրոսը, սակայն քննարկումների արդյունքում ղարաբաղյան կողմը մնաց իր դիրքորոշմանը: Սերգեյ Շահվերդյանը կարեւորեց այն, որ ադրբեջանական կողմի բոլոր ջանքերը` Ղարաբաղին խոչընդոտելու, հաղթահարվեց Գերմանիայում ՀՀ դեսպանատան,  Հայաստանի տաղավարի պատասանատուների, ինչպես նաեւ Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության եւ Ղարաբաղի ներկայացուցիչների համատեղ ուժերով: Ադրբեջանցիները ամեն կերպ փորձում էին խոչընդոտել Ղարաբաղի մասնակցությանը, սակայն երբ հասկացան, որ դա նրանց չի հաջողվում, ցուցահանդեսի 3-րդ օրը փակեցին իրենց տաղավարը` թողնելով մի գրություն, որտեղ նշված է, որ Ադրբեջանի տաղավարը փակվում է ի նշան բողոքի: Ադրբեջանի տաղավարը փակ մնաց մինչեւ ցուցահանդեսի վերջին օրը: Դրանով էլ ավարտվեցին մեր հարեւանների ջանքերը: Ի դեպ, ինչպես նշեց զբոսաշրջության վարչության պետը,  շնորհիվ Ադրբեջանի այդ ակցիայի մեր տաղավարի այցելուների թիվը քառապատկվեց: Իսկ Ղարաբաղով հետաքրքրվողները տարբեր էին` մի մասը շատ լավ տեղեկացված էր Ղարաբաղի մասին, մի մասն արդեն եղել է այստեղ: Ս.Շահվերդյանը հույս ունի, որ ցուցահանդես արդյունքներից մեկը կլինի այն, որ Գերմանիայից Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանա: ITB-ի խոշորագույն միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա մարտ ամսին, Ղարաբաղը մասնակցում էր ԼՂՀ կառավարության, «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության հովանավորությամբ: Ի դեպ, անցած տարի Ղարաբաղին չհաջողվեց որեւէ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել` հենց այն պատճառով, որ կազմակերպիչները տեղ էին տալիս Ադրբեջանի անօրինական պահանջներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter