HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Կոռուպցիա կա, եթե կա չսովորող ուսանող

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանն այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հարցրեց, թե ուղղորդված էր արդյոք «կաշառակեր դասախոս» ակցիան  բուհական խորհուրդների կողմից, նաեւ` պարզվա՞ծ է ակցիայի մոտիվացիան: Պատգամավորը շեշտեց, թե եթե Աստծո տաճարի սպասավորը ունի թերություններ, ապա սահմանափակում են նրա գործունեությունը, այլ ոչ թե պայթեցնում Աստծո տաճարը: Հարցին պատասխանեց ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը. «Ես հեռու եմ սրբացնելու Հայաստանի պրոֆեսորադասախոսական ողջ կազմը, ես առավել քան հեռու եմ սրբացնելու ուսանողությանը, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ կոռուպցիա բուհական համակարգում կա, եթե կա չսովորող ուսանող»: Նախարարը տեղեկացրեց, որ ինքը խորհուրդ է տվել ուսանողներին լսարաններում փակցնել այն ուսանողների լուսանկարները, ովքեր չեն սովորում եւ գնահատական ստանալու համար գումար են առաջարկում դասախոսին: «Ամեն տարի մեր բուհերից տասնյակ դասախոսներ են ազատվում, եւ եթե ամեն անգամ չի հայտարարվում, թե կոնկրետ դասախոսը ինչի համար է գործից ազատվել, դա դեռ չի նշանակում, որ չի ազատվել նման կոռուպցիոն երեւույթների պատճառով»,- հավելեց ԿԳ նախարարը: Իսկ քանի դեռ  հայտարարությունները չեն փաստվել կամ ապացուցվել, նախարարը հակված է ցանկացած հայտարարություն, ակցիա, կամ sms հաղորդագրություն դիտարկել որպես զրպարտություն: Ակցիայի ուղղորդվածության մասին էլ նախարարը տեղյակ չէ, քանի որ «չունի ո՛չ հետաքննչական, ո՛չ հետախուզական լիազորություն եւ հնարավորություն»: Լրատվամիջոցների պարագայում Ս. Սեյրանյանը հակված է մտածել, որ ոչ թե ուղղորդվածության խնդիրն է, այլ «լրատվամիջոցները սենսացիա են փնտրում»: ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ  վրդովված անդրադարձավ Հանրակրթության օրենքին: Նա շեշտեց օրենքի այն կետը, որով դպրոցների կառավարումը հանձնվում է խորհուրդներին: Ըստ Բիշարյանի՝ խորհրդի կազմում ընդգրկվածները չեն փայլում գրագիտությամբ. «Ովքե՞ր են այդ մարդիկ, որ պիտի մի քանի հարյուր երեխայի բախտ որոշեն»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախքան Սպարտակ Սեյրանյանի պատասխանը, զգուշացրեց. «Պարոն նախարար, տիկին Բիշարյանին մի՛ բարկացրեք, մանրակրկիտ պատասխանեք»։ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն ասաց, թե չեն կարող ասել, որ դպրոցների կառավարման խորհուրդները կայացել են. «Ընդունում եմ, որ այսօր խորհրդի անդամ կարող է լինել մարդ, որը բազմապատկման աղյուսակը չգիտի, բայց այդպիսի տնօրեններ էլ կան»: Նախարարը, սակայն, նշեց, որ ԿԳՆ-ն խորհրդում մեկ անձ-ներկայացուցիչ ունի և հանդես է գալիս դիտորդի կարգավիճակում: Սպարտակ Սեյրանյանի ասելով՝ խորհրդի գործունեությունը պետք է վերահսկվի ծնողների կողմից, այլ ոչ թե բեռը բարդվի նախարարության ուսերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter