
«Որպես մշակույթի նախարար՝ որքանո՞վ եք նպատակահարմար համարում եկեղեցու հարևանությամբ գործող «ուտել-խմելու» տեղի գոյությունը»
Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հրատապ ահազանգ-նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Ահազանգ-նամակը վերաբերում է hetq.am կայքում տեղադրված «Եվս մեկ օբյեկտ՝ եկեղեցու հողում» հոդվածին և տեսանյութին, որում լրագրողը պատմում է Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու հարևանությամբ գտնվող եկեղեցապատկան հողերում իրականացվող ապօրինի շինարարության մասին:
Պատգամավոր Բախշյանի նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի տիկին Պողոսյան, տեղյա՞կ եք արդյոք hetq.am կայքէջում 11.08.11թ.՝ ժամը 18:39-ին, տեղադրված տեսանյութին, որը պատմում է Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու հարևանությամբ եկեղեցապատկան հողերում իրականացվող «հարսանյաց սրահի», «ուտել-խմելու տեղի» շինարարության մասին, որի օրինականությունը խիստ կասկածելի է, որովհետև, ըստ տեսանյութի, չկա Ծաղկաձորի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության թույլտվությունը:
Տեսանյութում խոսվում է նաև այդ շինարարական տարածքում գտնված հնէաբանական նշանակության գտածոների մասին, որոնք ոչնչացվում են շինարարների կողմից:
Չնայած տեսանյութում շինարարը խոսում է նաև եկեղեցու կողմից աջակցության ու հովանավորության մասին՝ սակայն ոչ Կոտայքի առաջնորդը, ոչ էլ Կեչառիսի հոգևորականները ստույգ ոչինչ չգիտեն եկեղեցապատկան հողերի վարձակալությամբ տրված լինելու մասին:
Անձամբ Դուք՝ որպես մշակույթի նախարար, որքանո՞վ եք նպատակահարմար համարում եկեղեցու հարևանությամբ գործող «ուտել-խմելու» տեղի գոյությունը, որն իր ձևով ու բովանդակությամբ բոլորովին նման չի լինելու սփյուռքում տարածված Հայ Առաքելական եկեղեցիներին կից սրահներին:
Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե որքանո՞վ են տեսանյութում պատմվող շինարարության թույլտվության համար անհրաժեշտ ուսումնասիրությունները համաձայնեցված մշակույթի նախարարության պատկան գերատեսչությունների հետ, և նախարարությունը կոնկրետ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ապօրինի շինարարությունը կասեցնելու համար»:
Մեկնաբանել