HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Կանխատեսումների չիրականացման համար պատասխանատվություն կրող չգտնվեց

Վիկտոր Դալլաքյանն այսօր ԱԺ-ում կայացած հարց ու պատասխանի ժամանակ մեջբերումներ արեց «168 ժամ» թերթի  մարտի 14-ի համարից, որտեղ ներկայացված են հատվածներ վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի եւ Ֆինանսների նախարարի ելույթներից: Տիգրան Սարգսյան. «2009 թ. պետական բյուջեի նախագծով հնարավոր կլինի ապահովել հանրապետության տնտեսության զարգացման բարձր տեմպեր, հասարակության բարեկեցության արժանավայել մակարդակ, արտաքին սպառնալիքների նկատմամբ պատշաճ անվտանգություն»: «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի ֆինանսական համակարգի վրա չի ազդել»,-հայտարարել էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 29-ին: «Մեկ դոլարը կլինի 302 դրամի սահմաններում»,- հայտարարել էր Տիգրան Դավթյանը նոյեմբերի 12-ին: Նկատի ունենալով այս հայտարարությունները՝ Վ. Դալլաքյանը հարցրեց, թե ով է քաղաքական պատասխանատվություն կրում կանխատեսումների չիրականացման համար, եւ ինչ քայլեր են նախատեսվել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Պատգամավորն առաջարկեց  կազմակերպել խորհրդարանական լսումներ, հրապարակային քննարկումներ՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար, նաեւ` «խորհրդարանական լսումներին հրավիրել արտախորհրդարանական ընդդիմությանը»: Հարցին պատասխանեց Տիգրան Դավթյանը. «Երբ մենք ներկայացրեցինք բյուջեի նախագիծը, վարչապետը ներկայացրեց նաեւ մեր հակաճգնաժամային ծրագիրը, որտեղ նշված էին բյուջեի կատարման հետ կապված ռիսկերը: Ցավոք, ռիսկերը հիմա ակնհայտ են, եւ զարգացումները ընթանում են ոչ օպտիմիստական սցենարով: Մենք ձեռնարկում ենք քայլեր. առաջինը՝ Կառավարության որոշումն է համապատասխանեցնել ծախսերը իրական վիճակին, օպերատիվ կարգով արձագանքել տնտեսության զարգացումներին»: Ըստ Տ. Դավթյանի՝ ապահովել են սոցիալական ծախսերի կայունությունը: Պատասխանից ելնելով` Վ. Դալլաքյանը հարցը կրկնեց, թե ով է պատասխանատվություն կրում, նաեւ հավելեց, որ պետք է իրավիճակը քննարկել արտախորհրդարանական ընդդիմության հետ: «Մենք միշտ ասել ենք, հիմա էլ կրկնում եմ, որ պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով քննարկումներ իրականացնել, լինել բաց, թափանցիկ եւ կանխատեսելի, ես ողջունում եմ Ձեր առաջարկը եւ պատրաստ ենք քննարկել»,- պատասխանեց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter