«Հայք». Բազմանշանակ հեռախոսազրույց
Երեկ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսի օգնությամբ զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Բնականաբար, մենք չգիտենք, թե ինչ հարցեր են քննարկել զրուցակիցները, բայց ըստ Ս. Սարգսյանի կայքէջի` «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացմանը վերաբերող խնդիրներ: Բայց դժվար չէ հասկանալ, որ ԱՄՆ պետքարտուղարը շատ հստակ բացատրել է, որ եթե Հայաստանը ցանկանում է մասնակցել վերոհիշյալ ծրագրին, ապա պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները: Այլ կերպ ասած` պետք է չկեղծվեն ընտրությունների, այդ թվում` մայիսի 31-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների արդյունքները, պետք է դադարեցվեն բռնաճնշումները, հարգվեն մարդու իրավունքները: Այլ կերպ ասած` Հիլարի Քլինթոնը, ամենայն հավանականությամբ, շատ հստակ ակնարկել է, որ իրենք չեն կարող օգնել մի երկրի, որտեղ քաղբանտարկյալներ կան, որտեղ արգելվում են երթերը, ցույցերը, հանրահավաքները, որտեղ էլեկտրոնային լրատվամիջոցները գտնվում են վարչախմբի վերահսկողության տակ: Մնում է պատկերացնել և ենթադրել, թե ինչ է ասել Ս. Սարգսյանը Հիլարի Քլինթոնին:
Խուճապ
Այն, որ քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ի ընտրացուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունների ճամբարում լուրջ իրարանցում առաջացրեց: Վարչախումբը կրկին սկսել է ահաբեկել ընտրողներին, բայց ակնհայտորեն անհաջողության է մատնվում: Մասնավորապես, Կենտրոնի ավագանու անդամ համատիրության ղեկավար Սուրիկ Ներսիսյանի հանձնարարությամբ, մի քանի շենքերի բնակարաններում հայտնվում են շենքերի լիազորներ, որոնք բնակիչներին պարտադրում են գրել, որ իրենք պարտավորվում են մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում քվեարկել Գագիկ Բեգլարյանի օգտին: Առավել մեծ ակտիվություն է ցուցաբերել ոմն Քնարիկ, որին երեկ մի քանի անգամ պարզապես դուրս են շպրտել բնակարաններից: Բնականաբար, վարչախմբի ներկայացուցիչները կփորձեն հերքել այս տեղեկությունները, բայց մարդիկ հավատում են սեփական աչքերին և ականջներին, և ոչ թե հայլուրներին: Իսկ վարչախմբի գործելաոճն ապացուցում է, որ նրանք իսկապես մատնվել են հուսախաբության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել