
Թերթն իր խմբագրականում գրում է` ի՞նչ են անում սովորաբար մարդիկ համաշխարհային տնտեսական ճգնաժամերի ժամանակ: 30-ական թվականների Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանում, օրինակ, Ռուզվելտն ու Հիտլերը ավտոճանապարհներ էին կառուցում. հայվեյներ ու ավտոբաններ: Նույն այդ ընթացքում Մուսոլինին Հռոմից հարավարեւմուտք ընկած մահաբեր Պոնտոսյան ճահիճները վերածեց ծաղկուն դրախտի: Նիդերլանդներում հիդրոտեխնիկական վիթխարի աշխատանքներ անցկացվեցին Զերդեյզեյեն չորացնելու եւ նահանջած ծովի հատակին նոր նահանգ ստեղծելու ուղղությամբ: Դե, իսկ հայերը համաշխարհային ճգնաժամերի ժամանակ նախընտրում են անցկացնել քաղաքապետի ընտրություններ:
Առաջիկա ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի, իհարկե, Հայ ազգային կոնգրեսը, որի ցուցակը գլխավորում է մի իսկական մոլագար: Այո, Երեւանին շտապ անհրաժեշտ է մոլագար քաղաքապետ: Ավելին, նրա թիմը նույնպես պիտի բաղկացած լինի բացառապես մոլագարներից:
Իհարկե, ընդդիմությունը, ինչպես միշտ, մերկախոս կստի, թե իբր մեզանում այսօր էլ ԱԺ-ում ու կառավարությունում համատարած փոխակերպուկներ եւ վամպիրներ են նստած: Բայց ախր դա սուտ է, պարոնայք, մեր ո´չ ԱԺ-ում, ո´չ էլ կառավարությունում փոխակերպուկներ ու վամպիրներ չկան: Հոգով հհշականներ, «Ժառանգության» անդամներ կան, չեմ վիճում, իսկ վամպիրներ չկան: Խայտառակություն է, անշուշտ:
Իսկ լեւոնականներն արդեն այսօր պատրաստ են համալրել իրենց համամասնական ցուցակն ամեն տեսակի չարքերով: Քանզի ի՞նչ է նշանակում ՀԱԿ: Ճի´շտ է, Հայաստանի արյունախումների կուսակցություն:
Դե, իսկ կոալիցիոն կուսակցություններին համամասնական ցուցակներն ընդհանրապես պետք չեն: Նրանք` դարդ ու ցավից անտեղյակ, ապրում են դաոսյան իմաստունների պես. կա´մ ճգնավորի կյանքով, կամ մարդկանց ամբոխներին խառնված, ապաստան գտնելով էքստազի մեջ: Նրանք այնպիսի անշահախնդրությամբ են ձգտում սրբության, որ չեն մտածում ո´չ այն մասին, թե ինչպես իրենք օգտվեն դրանից, ո´չ էլ թե ինչպես օգտվեն ուրիշները:
Եւ ամենագլխավորը. դաոսյան իմաստունները գիտեն, թե ինչպես վարվել համաշխարհային ճգնաժամերի դեպքում: «Ամենից շատ բան անում ես, երբ ոչինչ չես անում»,- ասում էր Ախմատովան: Պետք չէ ոչինչ անել` սխալներից խուսափելու համար: Ճգնաժամ` նշանակում է բարդ վիճակ: Իսկ աղետը այն է, երբ բարդ դրության ժամանակ ընդունում ես սխալ որոշումներ:
Ոստիկանությունը հետեւություններ է անում
Օրաթերթի թղթակիցը զրուցել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի հետ. «Մարտի 1-ը եւ դրա հետեւանքները բոլորիս պարզ են: Ոստիկանության զորքերի այն ժամանակվա հրամանատարին եւ նրա տեղակալին, այո, ազատել են պաշտոնից: Սակայն նրանց ոչ թե մեղադրել են ինչ-որ մեղսագործության համար, այլ ենթադրվել է, որ անհրաժեշտ ճշգրտությամբ չեն կարողացել կազմակերպել ոստիկանության զորքերի գործողությունները: Մեղքը ապացուցվում է միայն քննության եւ դատարանի միջոցով: Դա վերաբերում է նաեւ նախկին ոստիկանապետին: Ոստիկանության ընդհանուր հրամանատարությունը նա է իրականացրել: Նույնչափ նաեւ ինձ է վերաբերում»,- ասել է գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը:
Ռեւանշիստը
Պարբերականի թղթակիցը զրուցել է նաեև հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հետ. «Տեր-Պետրոսյանի հիմնական նպատակը Երեւանում իշխանության գրավումն է: Նա պայքարի մեջ է մտել երկար ընդմիջումից հետո եւ չի ուզում պարտված հեռանալ: Մանավանդ դրդողները, ազդեցությունները շատ են ե´ւ դրսից, ե´ւ ներսում: Լ. ՏերՊետրոսյանը որոշ պոտենցիալ դեռեւս ունի, իհարկե, աստիճանաբար կորցնում է, բայց այս ընտրությունների հետ կապված` շատերը կարող են ակտիվանալ: Ի դեպ, չեմ բացառում, որ դրսի ուժերի համաձայնությամբ եւ կամոք է ընդդիմությունը այս քայլերը ձեռնարկում: Նախագահական ընտրություններում հաղթել չստացվեց, հիմա այս տարբերակն են փորձում»,- ասել է հոգեբանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել