
Հուշարձանների պահպանության գործակալությունն ընդունում է, որ Կեչառիսում շինարարությունն ապօրինի է
Այսօր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Առաքելյանը պատասխանել է Կեչառիսի վանական համալիրի շրջակա տարածքում ընթացող շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկություն ստանալու «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանի գրավոր հարցմանը: Ստորև ներկայացվում է Ս. Առաքելյանի պատասխանը:
Հարգելի Անի Հովհաննիսյան,
Ի պատասխան Կեչառիսի վանական համալիրի շրջակա տարածքում ընթացող շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկույթ ստանալու Ձեր գրավոր հարցման՝ հայտնում ենք հետևյալը.
2011 թվականի հուլիսի 29-ի N 01/11/2697-11 գրությամբ՝ Կեչառիսի վանական համալիրի տարածքում «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի օբյեկտ կառուցելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար ՀՀ մշակույթի նախարարություն է դիմել ՀՀ Կոտայքի մարզպետը:
Գրությանը կից ներկայացված փաստաթղթերը՝ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից 29.07.2011 թ. տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, «Հայնանոտեքնոլոջի» ՍՊԸ-ի կողմից մշակված կառուցապատման գլխավոր հատակագիծը, սննդի օբյեկտի հատակագծերը, լուսանկարները փոխանցվել են նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը՝ ուսումնասիրելու, առաջարկ ներկայացնելու և հարցը նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկմանը նախապատրաստելու համար:
Սահմանված չափորոշիչներին նյութերի անհամապատասխանության պատճառով կառուցապատողի ներկայացուցչին առաջարկվել է ներկայացնել լրացուցիչ նյութեր:
Տարածքում հնագիտական շերտերի հնարավոր առկայության մասին հարցում է արվել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին, և ստացվել է դրանց բացակայության մասին եզրակացությունը:
Միաժամանակ հանձնարարվել է գործակալության տարածքային ծառայությանը՝ տեղում կատարել շինարարության համար նախատեսված տարածքի ուսումնասիրություն:
Պարզվել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, տեղում սկսվել և ընթանում են շինարարական աշխատանքներ: Կառուցապատողին բանավոր հանձնարարվել է անմիջապես դադարեցնել աշխատանքները և գործողությունների հետագա ընթացքը համապատասխանեցնել օրենքի պահանջներին:
Ս/թ օգոստոսի 11-ին մշակույթի նախարարի տեղակալի հրավիրած մասնագիտական խորհրդակցության ընթացքում կառուցապատողի և նախագծողի ներկայացուցիչներին առաջարկվել է օբյեկտի շինարարության համար ընտրել այլ տարածք կամ նույն տարածքն օգտագործելու դեպքում՝ մշակել պատմամշակութային հուշարձան ներառող տարածքներում շինարարական աշխատանքների նախագծերին օրենքով առաջադրված պահանջները բավարարող էսքիզային նախագիծ՝ նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկելու համար:
Նույն տարածքում գտնվող Սբ. Հարություն եկեղեցու նորոգման և շրջակայքի բարեկարգման աշխատանքները կատարվելիս են եղել Կոտայքի թեմի նախաձեռնությամբ՝ առանց նախարարության հետ համաձայնեցման և գործակալության կողմից համաձայնեցված նախագծային փաստաթղթերի, որի պատճառով գործակալության տարածքային բաժնի կողմից աշխատանքները դադարեցվել են՝ մինչև սահմանված կարգով դրանց ընթացք տալը:
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Առաքելյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել