HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Տաքսի ծառայություններ. նոր կարգ, նոր պահանջներ ու դժգոհություններ

Ղարաբաղում տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա տրամադրելու համար դիմել են թվով 22 կազմակերպություններ եւ նահատ ձեռնարկատերեր: Այսօրվա դրությամբ այդ 22-ից լիցենզիա է տրամադրվել 17-ին, իսկ մյուսների գործերն ընթացքի մեջ են: Լիցենզավորման գործընթացին զուգահեռ նաեւ որոշ խնդիրներ են առաջ եկել ոլորտում աշխատողների համար. ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Ստեփանակերտի մի խումբ տաքսիստներ իրենց բողոքն են արտահայտել կառավարության կողմից հաստատված  տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգի վերաբերյալ: Նոր կարգի համաձայն, կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը լիցենզիա տրամադրելու համար պետական տարեկան տուրքը կազմում է 50 հազար դրամ, բացի այդ յուրաքանչյուր մեքենայի տրամադրվում է լիցենզիայի ներդիր, առանց որի այդ մեքենայով իրավունք չի տրվում ուղեւորափոխադրումներ իրականացնել: Այժմ անհատ ձեռնարկատերերի համար պետտուրքի վերաբերյալ փոփոխություն է պատրաստվում, ըստ որի, այն հնարավոր է դառնա 25 հազար դրամ: Բացի այդ, նոր կարգով նաեւ սահմանափակում է մտցվել մեքենաների տարիքի մասով, ինչն ավելի շատ է մտահոգում տաքսիստներին: Ռուսական արտադրության մեքենաների համար սահմանված է 5 տարի, որին գումարվում է նաեւ 3 տարի` մեքենայի կապիտալ վերանորոգման դեպքում: Արտասահմանյան այլ երկրների արտադրության մեքենաների համար սահմանված է 15 տարի: ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանի խոսքերով, հաշվի առնելով արտասահմանյան մեքենաների որակը, թույլատրվել է մինչեւ 2012 թվականը ուղեւորափոխադրումներ իրականացնել մինչեւ 15 տարեկան մեքենաներով, իսկ դրանից հետո միայն` մինչեւ 10 տարեկան մեքենաներով: Այս որոշումը որոշ տաքիստների մոտ դժգոհության առարկա է դարձել, քանի որ, իրենց խոսքերով, մեծ դժվարությամբ մեքենաներ են գնել ու պարզվել է, որ դրանք պիտանի չեն, հետեւաբար մնացել են առանց աշխատանքի: Դժգոհության առարկա է նաեւ տաքսոմետրի տեղադրումը: Սրա մասին հիմնականում խոսում են այն տաքսիստները, որոնք ուղեւորափոխադրումներ են իրականացնում Ստեփանակերտից Երեւան եւ հակառակ ուղղությամբ: Նրանք պատճառաբանում են, որ տաքսոմետրի առկայության դեպքում ուղեւորները չեն կարողանալու վճարել դրա դիմաց, քանի որ ավելի մեծ գումար պետք է տան, քան հիմա: Ի դեպ, տաքսիով Ստեփանակերտից Երեւան  հասնելու համար հիմա մեկ ուղեւորը վճարում է 8 հազար դրամ: Տրանսպորտի բաժնում կա նաեւ տաքսիստների այս բողոքի պատասխանը. տաքսիստներն իրենք են սահմանում 1կմ-ի գինը եւ կարող են այնպես սահմանել, որ ուղեւորը վճարի նույն 8 հազար դրամը: Տաքսոմետրի տեղադրումը, ըստ տրանսպորտի բաժնի պետի, բխում է ուղեւորի շահերից, նա կարող է տեղեկություն իմանալ ասենք իր անցած ճանապարհի վերաբերյալ, թե քանի կմ է գնացել եւ այլն: Ոլորտի փոփոխություններից մեկն էլ կայանում է նրանում, որ 3-ից ավելի մեքենայով ծառայություն մատուցող ընկերությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է նաեւ հավաքակայան ունենա` մեքենան նախաերթային տեխզննում իրականացնելու համար, ինչպես նաեւ բուժկետ, որտեղ էլ անհրաժեշտ բուժստուգում կանցնի վարորդը: Իսկ 1-3 մեքենա ունեցողները կարող են նաեւ հավաքակայանից ու բուժկետից օգտվել պայմանագրային հիմունքներով: Կարգի այս պահանջը նույնպես քննարկվում է տաքսիստների շրջանում: Մեծ ուշադրություն է դարձվում նաեւ վարորդների վրա. նոր կարգի համաձայն, տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդները պետք է առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունենան: Այս փոփոխությունը, ըստ Տիգրան Գաբրիելյանի, ելնում է ուղեւորների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Դիտարկումները ցույց են տվել, որ Ղարաբաղում ճանապարհատրանսպորտային պատահարների 80 տոկոսից ավելիի հեղինակները հենց տաքսիստներն են: Վերջիններս նաեւ իրավունք չունեն ուղեւորի մոտ ծխել, դրա համար վարչական օրենսգրքով տուգանք է հասնում: Ոլորտում կլինեն նաեւ այլ փոփոխություններ, որոնք դեռ քննարկման փուլում են, մանավանդ, որ տաքսիստների կողմից բողոքներ կան: Ուստի պետք է սպասել տաքսիստների ներկայացված բողոքների պատասխաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter