HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են բանակցային մանրամասներ

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարա­կու­թյան ցանցի հայտարարությունը «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարա­կու­թյան ցանցն իր մտահոգությունն է արտահայտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ընթացիկ փուլում Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած մոտեցումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի ղեկավար շրջանակների կեցվածքի կապակցությամբ: Տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները կրկին նենգափոխել են փախստականների խնդրի էությունը, այն դիտարկելով բացառապես ադրբեջանցիների` ներկայումս ԼՂՀ պետական տարածքում գտնվող իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու համատեքստում և, փաստորեն, խուսափել են անգամ հիշատակել կես միլիոն ադրբեջանահայ փախստականների իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին: Բանակցային գործընթացին մասնակից բոլոր կողմերին հիշեցնում ենք, որ ընդհանրապես Ադրբեջանում գրանցված փախստականների թիվը, այդ երկրի պաշտոնական վիճակագրության համաձայն կազմում է ընդամենը ութ հազար մարդ, որոնց զգալի մասը ադրբեջանցի չէ: Համանախագահները «վերակենդանացրել» են նաև այն մեռելածին գաղափարը, որի համաձայն ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին հնարավոր կլինի միայն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»  կոչված հասարակական կազմակերպության լիարժեք մասնակցության պայմանով: Համանախագահների առաջարկների տրամաբանությունից բխում է, որ ներկայիս ԼՂՀ տարածքում գնտվող իրենց նախկին բնակավայրերը պետք է վերադառնան դրանք լքած բոլոր ադրբեջանցիները, իսկ որպես ԼՂ ադրբեջանական համայնք կդիտարկվեն միայն այն ադրբեջանցիները, որոնք բնակվում  էին նախկին ԼՂԻՄ տարածքում: Ու ոչ մի խոսք Հյուսիսային Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքների կամ գոնե ԼՂՀ մաս դարձած,  սակայն Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակիչների իրենց օջախները վերադառնալու իրավունքը ապահովելու անհրաժեշտության մասին: Հատկանշական է, որ երբ ՀՀ արտգործնախարարին հարց է ուղղվում ադրբեջանահայ փախստականների ճակատագրի վերաբերյալ, նա խուսափում է պատասխանից` իր պահվածքն արդարացնելով բանակցությունների  մանրամասները չբացահայտելու անհրաժեշտությամբ: Մենք պնդում ենք, որ հայ փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրը պետք է առանձնահատուկ կարևորություն ձեռք բերի ՀՀ և ԼՂՀ կողմից այս կամ այն կերպ բանակցային գործընթացին առնչվող պաշտոնատար անձանց համար: Մենք պահանջում ենք նաև, որպեսզի այդ խնդրին վերաբերվող բանակցային մանրամասները հասու դառնան մեր հասարակությանը և լիովին գաղտնազերծվեն, ինչը հնարավոր կդարձնի կանխել մեր կես միլիոն հայրենակիցների շահերի ոտնահարման հաշվին որևէ մութ գործարքի իրականացման հնարավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter