Ալիևը կարող է անվերջ ընտրվել նախագահ
Երեկ Ադրբեջանում անցկացված հանրաքվեով քաղաքացիները հավանություն տվեցին Սահմանադրություն մեջ մոտ 41 փոփոխություններին: Հանրաքվեի արդյունքներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով փաստացի իր պաշտոնը ժառանգել է հորից` Հեյդար Ալիևից, իրավունք ստացավ անսահմանափակ անգամ ընտրվել երկրի նախագահ:
Այսինքն՝ փոփոխության ենթարկվեց այն հոդվածը, որով նախագահը երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող ընտրվել Ադրբեջանի նախագահ: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 71.08 տոկոսը: Ըստ նախնական տվյալների` փոփոխություններին կողմ են քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 92 տոկոսից 87 տոկոսը: Դեռեւս չեն ամփոփվել բոլոր ընտրատեղամասերի արդյունքները:
Բացի նախագահի պաշտոնավարմանը վերաբերող փոփոխություններից՝ սահմանադրական նոր փոփոխություններն առաջին անգամ ամրագրում են, որ արգելվում է միջամտությունը մարդկանց մասնավոր կյանքին, անգամ պետության կողմից. «Որևէ մեկը չի կարող ենթարկվել լրտեսման, լուսա և տեսանկարահանման, իր խոսքերի ձայնագրման՝ առանց իր թույլտվության, եթե, իհարկե, դա սահմանված չէ օրենքով»:
Հիմա արդեն ցանկացած քաղաքացի կարող է ԶԼՄ-ներից հերքում պահանջել կամ պատասխանի հնարավորություն ընձեռել այն հրապարակումների դեպքում, որոնք խախտում են իր իրավունքները կամ վնասում նրա շահերին: Նոր փոփոխություններով ամրագրվում է նաև, որ ցանկացած մարդու, ով ձերբակալվում է, պետական մարմինները պետք է տեղեկացնեն իր իրավունքների և ձերբակալման հիմքերի մասին:
Բոլոր փոփխությունների հեղինակը «Ենի Ադրբեջան» կուսակցությունն է: Ըստ պաշտոնական տվյալների` ԿԸՀ-ն որևէ խախտում քվեարկության ընթացքում չի ամրագրել:
ԿԸՀ-ի ղեկավար Մինազիր Մանախովը հայտարարել է, որ խախտումների մասին եղել են առանձին հեռախոսազանգեր. «Մենք լրջորեն կքննենք խախտումների մասին բոլոր հաղորդագրությունները»,- ասել է Մ. Մանախովը:
«Ադրբեջանում անցկացված հանրաքվեն՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, ցույց տվեցին, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է երկրում ժողովրդավարացման եւ կայունության տարրերի ընդլայնմանը, բայց, անկախ դրանից, անհրաժեշտ են բարեփոխումներ»,- ըստ APA գործակալության տեղեկատվության`գրված է Եվրախորհրդի դիտորդական առաքելության եզրակացության մեջ:
Առաքելության ղեկավար Պոլ Վիլլեն էլ ասել է, որ չնայած հանրաքվեի բարդությանը՝ քվեարկության գործընթացը եղել է թափանցիկ, շատ լավ կազմակերպված, անցել է խաղաղ պայմաններում: Նա նաև կոչ է արել շարունակել ընտրական համակարգի բարելավումը:
«Եվրոպայի Եվրոպական խորհուրդը ևս մեկ անգամ հաստատում է, որ բարեփոխումները և ջանքերը, որ ադրբեջանական ղեկավարությունը կյանքի կոչեց, ապահովեցին խաղաղ, ժողովրդավարական, եվրոպական չափանիշներին համապատասխան գործընթաց»,- ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը` անդրադառնալով ԵԽԽՎ-ի եզրակացությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել