HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզպետին դատի են տվել

Ինչպես  տեղեկացրել ենք վերջին շրջանում Գյումրիի թիվ 19 դպրոցում կատարվող իրադարձությունները  հանրապետությունով մեկ մեծ աղմուկ են բարձրացրել: Դպրոցի կառավարման խորհրդի նախկին անդամների ու Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի միջև ծագած կոնֆլիկտը տեղափոխվել է հեռուստաէկրան` դառնալով ամենօրյա լուրերի բաղկացուցիչ մասը: Հիշեցնենք, որ «մենամարտը» սկիզբ առավ այն պահից, երբ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվեց մրցույթ, սակայն մարզպետը դեմ կանգնեց  նախկին տնօրեն, «Դաշնակցություն» կուսակցության համակիր  Նարինե Մեսրոպյանի վերընտրվելուն: Եվ որպեսզի Նարինե Մեսրոպյանը որևէ կերպ չկարողանա նորից տեր կանգնել իր աթոռին, տիկին Նանյանը դադարեցրեց կառավարման խորհրդի այն անդամների լիազորությունները, ովքեր մտերիմ էին Նարինե Մեսրոպյանի հետ: Մարզպետն  այս տարվա փետրվարի 10-ի որոշմամբ դադարեցրեց նաև կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանի լիազորությունները , ու դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին պարտավորեցրց քսանօրյա ժամկետում մանկավարժական խորհրդի կազմից ընտրել կառավարման խորհրդի նոր անդամներ: Ռուզաննա  Մովսիսյանն էլ դիմեց դատարան` պահանջելով անվավեր ճանաչել  մարզպետի վերոհիշյալ որոշումը: Այսօր  Վարչական դատարանի Շիրակի մարզի նստավայրում լսվեց կառավարման խորհրդի նախկին նախագահի հայցը: Ռուզաննա Մովսիսյանի շահերի պաշտպան Կարեն Թումանյանը նախևառաջ միջնորդություն ներկայացրեց` պահանջելով թիվ 19 դպրոցին գործում չընդգրկել որպես պատասխանող կողմ, այլ`  լավագույն դեպքում որպես երրորդ կողմ : Սա սկզբիցևեթե դուր չեկավ դպրոցի շահերի պաշտպան Իշխան Դանոյանին, ով բացատրություն պահանջեց Կարեն Թումանյանից: «Այստեղ վարչական հարաբերություններ են քննարկվում , և պատասխանատվություն կրում է այն անձը, ով կնքնել է վարչական ակտը, դպրոցի հետ այդպդի ակտ կնքված չկա»,-իր միջնորդությունը այսպես մեկնաբանեց Կարեն Թումանյանը: Ի դեպ  տեղեկացնենք, որ Իշխան Դանոյանն  անպատրաստ էր ներկայացել դատարան , դատը սկսվելուն պես նա նախագահող դատավոր Էդիկ Նահապետյանից պահանջում էր երկու օրով հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը նախապատրաստվի: Դատարանը  մերժեց այս պահանջը` պատճառաբանելով, որ դատի օրը կողմերին նախապես տեղեկացվել է, և փաստաբանը ժամանակ ուներ պատրաստվելու: Այնուհետ հայցվորի շահերի պաշտպան Կարեն Թումանյանը մարզպետարանի իրավաբան Տիգրան Ղարիբյանից հետաքրքրվեց, թե մարզպետն իրավասություն ունի՞ դադարեցնել մի մարմնի լիազորություն, որը ընտրովի է. կառավարման խորհրդի յոթ անդամները որպես նախագահ ընտրել են Ռուզաննա Մովսիսյանին, ընտրության արդյունքները չեն վիճարկվել, մարզպետն էլ իր 02.11 2008 որոշմամբ այն հաստատել է: Հայցվորի շահերի պաշտպան Կարեն Թումանյանի կարծիքով եթե մարզպետը լավ խորհրդատուներ ունենար, ապա այսպիսի պատմություն չէր առաջանա: Շահերի պաշտպանը մարզպետարանի իրավաբանին նաև հարցրեց, թե չհրապարակված օրենքը կարո՞ղ է ուժի մեջ մտնել: «Դուք ասում եք, որ Ռուզաննա Մովսիսյանը կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել օրենքի խախտմամբ, Կրթության և գիտության նախարարի 2006թ.-ի դեկտեմբերի  8 –ի հրամանով նա պարտավոր էր ունենալ տվյալ դպրոցում աշխատելու երեք տարվա աշխատանքային ստաժ, բայց Ռուզաննա Մովսիսյանը կառավարման խորհրդի անդամ ընտրվել է 2006թ. հոկտեմբերի  16-ին, իսկ նախարարի որոշումը ուժի մեջ է մտել  2007թ. փետրվարին:   Ինչպե՞ս կարող է չհրապարկված ակտը ուժի մեջ լինել, ու տվյալ դեպքում վերաբերվել Ռուզաննա Մովսիսյանին»,-ասաց Կարեն Թոււմանյանը: Հայցվորի շահերի պաշտպանը նաև «հայտնաբերել» է , որ մարզպետի մարտի 9-ին թվագրված գրությունը, որը ուղղված էր դատարան ներկայացված հայցին, ստորագրել է ոչ թե մարզպետը, այլ փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը: Իսկ թե ի՞նչ լիազրությամբ , փաստաբանը պահանջեց դատարան ներկայացնել լիազորագիրը: Նա նաև դատարանին հանձնեց Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչության ուսումնասիրությունները տվյալ դպրոցում , որտեղ արձանագրված էին Շիրակի մարզպետի կողմից կատարված բազմաթիվ խախտումները` կապված նոր կառավարման խորհրդի ընտրության հետ: Կարեն Թումանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց պատասխանատվության բեռը դնել մարզպետի վրա, դատարանը բավարարեց այն: Դատը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter