Եհովայի վկային հայտնաբերել են կախված վիճակում
ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքի ձեռնահարկում 2009 թվականի մարտի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, հայտնաբերվել է դատապարտյալ Արմեն Վազգենի Խաչատրյանի դիակը՝ կախված վիճակում:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ա.Խաչատրյանը դատապարտվել է 05.09.07թ. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայությունից խուսափելու համար)՝ 2 տարի 6 ամիս ժամանակով: Դիակի զննմամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Երրորդ մասնաշենքում, որտեղ պատիժ է կրել Ա.Խաչատրյանը, պատիժը կրելու համար հիմնականում պահվել են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը հարող դատապարտյալները. Ա.Խաչատրյանը նույնպես հարել է այդ կազմակերպությանը:
Հիմնարկի ղեկավարությունը երկու ամիսը մեկ անգամ թույլատրում է նշված կրոնական կազմակերպության ղեկավարությանը՝ այցելել քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու եւ առանձնազրույց ունենալու նշված հիմնարկում պատիժը կրող՝ «Եհովայի վկա» կազմակերպությանը հարող թվով 65 դատապարտյալների հետ: Վերջին այցելությունը տեղի է ունեցել 2009 թվականի մարտի 14-ին:
ՀՀ ոստիկանության Էրեբունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով, կատարվում է նախաքննություն:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ձեռագիր երկտող, որը, հսկողություն իրականացնող դատախազի հանձնարարությամբ, դարձել է քննության առարկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել