HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել բանտախցում

04_12-v_chakhalyan1«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահ Վահագն Չախալյանին տեղափոխել են իր խցից մեկուսարանի մեկ այլ բանտախուց: Երեկ Չախալյանների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը այցելել է Վահագն Չախալյանին` Թբիլիսիի մեկուսարանում: «Նրան խցից տեղափոխելը ես գնահատում եմ որպես հոգեբանական ճնշման միջոց, քանի որ տվյալ դեպքում որևէ պատճառ չեմ տեսնում նրան այլ խուց տեղափոխելու, այսիքն` նա խցում որևէ խախտում կամ անկարգություն չի իրականացրել, նրան տեղափոխելու որևէ անհրաժեշտություն չկար»,-հաստատեց փաստաբանը և հավելեց, որ խցից տեղափոխելուց անմիջապես հետո Վահագնի նկատմամբ սադրանքներ են իրականացվել` փորձելով նրան ներքաշել կռիվների մեջ, սակայն Վահագնը կարողացել է սադրանքներին չենթարկվել: «Վրացերեն չգիտես, լեզվին չես տիրապետում և նմանատիպ այլ կարգի հարցերով փորձել են նրան ներքաշել կռիվների մեջ»,-«Հետքին» պատմեց փաստաբանը: Հիշեցնենք, որ Ստեփան Ոսկանյանին մոտ 10 օր առաջ արգելել էին տեսակցել Թբիլիսիի մեկուսարանում գտնվող Վահագն Չախալյանին` պատճառաբանելով, որ իբր 2008թ-ի սեպտեմբերի 5-ի` Ստեփան Ոսկանյանին Չախալյանների գործում ընդգրկվելու Վրաստանի արդարադատության նախարարության որոշումն արդեն կորցրել է ուժը, քանի որ մեկուսարանները ԱՆ կազմից դուրս են եկել և մտել են Իրավական խորհրդատվության և իրավական պատիժների նախարարության կազմի մեջ: Փաստաբանը երեկ առավոտյան նաև եղել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ուր նրան ասել են, որ ԱՆ հրամանն ամբողջովին օրինական է և ուժի մեջ է: ՄԻ պաշտպանի գրասենյակի աշխատակիցները նաև ցույց են տվել Վրաստանի նախագահի հրամանը, որտեղ նշված է, որ օտարերկրյա փաստաբանների հետ կապված բոլոր հարցերը մինչ օրս էլ կարգավորում է արդարադատության նախարարությունը: ՄԻ պաշտպանի գրասենյակից մեկ ժամվա ընթացքում զանգահարել և ճշտել են, որ Ս. Ոսկանյանը այլևս որևէ խնդիր չի ունենա և առանց խոչընդոտի կարող է տեսակցել իր պաշտպանյալին: Ստեփան Ոսկանյանի փոխանցմամբ, Վահագնը հայտարարել է, որ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից համապատասխան ներկայացուցիչներ մասնակցեն իր դատական նիստերին, քանի որ վերջին երկու նիստերի ժամանակ նրանք բացակայել են և ասել է, որ ինքը պատրաստ է հաջորդ նիստերին հանդես գալ պաշտպանական ճառով և տալ համապատասխան ցուցմունքներ: Ինտերնետում Վ. Չախալյանի գործողությունների շուրջ վերջերս հայտված տեսահոլովակների տարածման մասին փաստաբանն ասաց, որ վերջին շրջանում, երբ արդեն այլ տարբերակ չկա Վ. Չախալյանի նկատմամբ որևէ ճնշում կամ նրա գործողություններին այլ իմաստ տալու, նրանք փորձում են այդ միջոցով ներկայացնել, որ Վահագնը այլ նպատակներ, այլ ծրագրեր է ունեցել և ինքն է անձամբ ղեկավարել և իրականացնել բոլոր գործողությունները: «Բայց իրականում դրանք այլ կերպ են տեղի ունեցել: Դա իրականությանը չի համապատասխանում, բոլոր անօրինականություններն իրականացվել են ոստիկանապետի և նրա որդու կողմից»,-ասաց Ստեփան Ոսկանյանը և ամփոփեց, որ «կան ուժեր, որոնք կազմակերպում են այդ ամենը և նրանց էլ ձեռնտու են այդ տեսահոլովակների և նյութերի մեկնաբանումը ոչ այն ձևի, ինչպես իրականում տեղի են ունեցել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter