HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել են Զոլաքարի և Մարտունու պոմպակայանները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Զոլաքար և Մարտունի համայնքների պոմպակայանների բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:

Զոլաքար և Մարտունի համայնքների` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրով վերակառուցված պոմպակայանները (ներդրումները` համապատասխանաբար 3,5 մլն և 2,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար), գտնվում են «Սևան» ազգային պարկում և սնուցվում են Սևանա լճի ջրով: Լճի մակարդակի տատանումների հետևանքով առաջացող խնդիրները լուծելու նպատակով Զոլաքարում կառուցվել է 2-րդ աստիճանի պոմպակայանի նոր շենք, իսկ Մարտունիում վերակառուցվել է պոմպակայանի նախկին շենքը:

Արված աշխատանքները ներառում են խորասուզվող պոմպերի տեղադրում, պոմպակայանի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրում, միջին և ցածր լարման էլեկտրասարքերի փոխարինում: Արդյունքում շուրջ 9 հազար ջրօգտագործողներ հնարավորություն ունեն օգտվել հուսալի ոռոգումից մոտ 800 հեկտար հողատարածքների վրա:

Ընդհանուր առմամբ «ՀՄՀ-Հայաստան»-ի ներդրումը Գեղարքունիքի մարզում կազմում է ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է նաև Վարդենիսի ինքնահոս համակարգի և 9 համայնքներում ներտնտեսային ցանցերի վերականգնումը:
17 պոմպակայանների վերանորոգումը «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ամենամեծ բաղադրիչն է, որի շրջանակում ԱՄՆ կառավարությունը ներդրել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը 61 նոր և ժամանակակից պոմպեր և շարժիչներ է տեղադրել բոլոր 17 պոմպակայաններում, ինչպես նաև ներդրել է աշխատանքների ավտոմատացման համակարգեր: 

Պոմպակայանների վերականգնման աշխատանքներին ծանոթանալուց հետո կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով ծրագրի նշանակությանը` նա, մասնավորապես, նշել է. ««Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակում Հայաստանում ներդրվել է շուրջ 177 մլն դոլար: Արդյունքում ծրագրի մեջ ընդգրկվել են շուրջ 350 գյուղական համայնքներ, և ծրագրից, մեր գնահատականներով, օգտվելու են շուրջ 400 հազար բնակիչներ: Առաջին հերթին այդ գումարները ներդրվել են ենթակառուցվածքների մեջ, ինչի նպատակը գյուղատնտեսության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն էր: Առաջին հերթին ոռոգման համակարգերն էին, որոնք էապես բարելավվեցին այս տարիների ընթացքում, և երկրորդը, տեղի ունեցավ ջրի օգտագործման արդյունավետության բարձրացում ի շնորհիվ նոր կառուցված կայանների և այն նոր սարքավորումների, որոնք ներմուծվեցին Հայաստան, և ընդհանուր առմամբ տեղի ունեցավ համակարգի արդիականացում:

Երկրորդ կարևորագույն արդյունքն այն է, որ մեր գյուղացիներին ցուցաբերվում էր տեխնիկական օժանդակություն, հաղորդվում էին գիտելիքներ, թե այդ նոր սարքավորումներով, նոր տեխնիկայով ինչպես պետք է կազմակերպվի գյուղատնտեսությունը:

Մյուս բաղադրիչը վարկային բաղադրիչն էր, որը հնարավորություն էր տալիս գյուղատնտեսությունում խթանել փոքր և միջին ձեռնարկատիրությունը, և այդ ծրագիրը նույնպես հաջողությամբ ընթանում է: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այս ծրագիրը մենք համարում ենք լավագույն ծրագրերից մեկը, որն իրականացվել է վերջին տարիների ընթացքում Հայաստանում, և կառավարության անունից պետք է մեր խորին շնորհակալությունը հայտնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին այս օժանդակության համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter