HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուշադրության կենտրոնում են հայտնվում ոսկու հանքավայրերը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում գրանցված եւ երկրաբանահետախուզական գործունեությամբ զբաղվող «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանին, ընկերության բաժնետերեր` աշխարհում խոշոր ոսկի արտադրող, ԱՄՆ-ում գրանցված «Newmont Mining Corporation» ընկերության Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ավստրալիայի տարածաշրջանային տնօրեն Բրայեն Լեւետին եւ ՀԲ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Երեւանյան գրասենյակի ղեկավար Ներսես Կարամանուկյանին։ «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրենը եւ ընկերության բաժնետերերի ներկայացուցիչները վարչապետին ներկայացրել են 2006թ.-ից Հայաստանում «Գեոթիմ»-ի իրականացրած գործունեությունը, մասնավորապես, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում կատարած աշխատանքները, առաջիկա ծրագրերը։ Նրանք նշել են, որ 2006-2008թթ. ընթացքում իրականացված երկրաբանական աշխատանքների արդյունքում Հայաստանում հայտնաբերվել եւ հետախուզվել է նոր տիպի Ամուլսարի (Վայոց Ձոր) ոսկու հանքավայր, որն ունի մեծ ներուժ եւ շահագործման լավ հեռանկարներ։ «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ հանքավայրի արդյունահանման համապատասխան լիցենզիա ստանալու դեպքում, հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսվում է մեծ ծավալի ներդրումներ կատարել։ Բրայեն Լեւետը եւ Ներսես Կարամանուկյանն ընդգծել են, որ ներդրումային ծրագրերում առավելագույնս հաշվի է առնվել նաեւ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման, բնապահպանական խնդիրների լուծումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է «Գեոթիմ» ընկերության եւ նրա բաժնետեր գործընկերների կողմից մինչ այժմ իրականացված գործունեությունն ու Հայաստանում նոր հայտնաբերված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախաձեռնությունը եւ հաջողություն մաղթել նրանց` առաջիկա ծրագրերի իրականացման գործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter