Երկու-երեք օր է, ինչ «Ժառանգություն» կուսակցությունում բառիս բուն իմաստով թեժ մթնոլորտ է եւ կուսակցության մի քանի խմբեր բավական սուր ձեւով քննարկում են Լւոն Տեր-Պետրոսյանին միանալ-չմիանալու հարցը: Բանը հասել է նրան, որ «Ժառանգությունը» կանգնած է մինչեւ անգամ պառակտման շեմին, եւ կան գործիչներ, որոնք հայտարարել են կուսակցությունից աղմուկով դուրս գալու պատրաստակամության մասին, եթե այն չմիանա արմատական ընդդիմությանը: Ամենաուշագրավն այն է, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հուվահաննիսյանն այդ ամենի մեջ չունի գրեթե ոչ մի դերակատարություն եւ չի կարողանում տիրապետել իրավիճակին, եւ, ըստ էության, անկախ այն բանից, թե ինչ վերջնական որոշում կկայացնի «ժառանգությունը», կարելի է եզրակացնել, որ կուսակցությունն այլեւս Րաֆֆի Հովհաննիսյանինը չէ, այլ մի մասով արմատական ընդդիմությանը, իսկ մյուս մասով՝ իշխանություններինը: Իսկ թե նրանցից «ո՞ւմն» է Րաֆֆի Հովհաննիսյանը, ցույց կտա ժամանակը:
Գործերը լավ չեն
Հայաստանի խոշոր հարկատուներից մեկում` «Վեդի ալկո» ընկերությունում, կրճատվել են մեծ թվով աշխատատեղեր, ինչպես նաեւ նվազել են արտադրենքի ծավալները: Այս խոստովանությունը «Փակագծին» արել է ընկերության սեփականատերը` ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանը: Նա նշել է, թե հիմնական խնդիրն այն է, որ ժողովրդի ձեռքին փող չկա, իսկ շուկայի պահանջարկը մնացել է գրեթե անփոփոխ: Գումարների բացակայության պատճառով ընկերությունը չի կարողանում արտադրանքն իրացնել: Ավելին`«Վեդի ալկոն» այս տարվա առաջին եռամսյակում ոչինչ չի արտահանել:
Զայրացել է
Ըստ «Փակագիծ» թերթի` վերջերս ԱԺ ամբիոնից հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությունը խիստ զայրացրել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Աշոտյանը քաղաքապետի առաջիկա ընտրություններում, խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին, համեմատություն էր անցկացրել ԱՄն-ում Բարաք Օբամայի եւ Ջոն Մաքեյնի նախագահական մրցապայքարի հետ` նշելով, որ երիտասարդ Օբաման հաղթել է ծեր Մաքեյնին: Աշոտյանն ուզել էր` լավ լինի, բայց ստացվել էր` ինչպես միշտ, եւ պարզվել է, որ Բեգլարյանը նրա խոսքերում թափանցիկ ակնարկ է նկատել իր մականվան առումով: Խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Օբաման սեւամորթ է, եւ նմանօրինակ համեմատությունը խոցել է Գագիկ Բեգլարյանի ինքնասիրությունը: տեղեկություններ կան, որ Բեգլարյանը նույնիսկ փորձել է պատժել Աշոտյանին, սակայն իշխանությունները նրան խորհուրդ են տվել մինչեւ քաղաքապետի ընտրությունները զերծ մնալ ավելորդ սկանդալներից:
Մեղանչելու ուժ չգտավ
ժամանակները փոխվելու հատկություն, իհարկե, միշտ ունեն, սակայն հետաքրքրականն այն է, որ ինչպե՞ս են ժամանակի մեջ մարդիկ փոխվում: Ի մասնավորի` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, դատարանում հնչեցնելով իր վերջին խոսքը, որպես մեղադրյալ քննադատության տակ է առել իշխանական համակարգը, որին ծառայում էր մինչեւ 2008 թ, փետրվարի 22-ը: Զարմանալի է, սակայն, այսօր արդարությունից եւ արդարադատությունից է խոսում այն մարդը, որը Հայաստանում «արդարության եւ արդարադատության», իսկ իրականում` դաժանության ու բռնության խորհրդանիշներից մեկն էր, որը կարող էր կտտանքների ենթարկել անմեղ զինծառայողներին` նրանց վրա բարդելով սպաների կատարած հանցանքները: Անշուշտ, միանշանակ վատ է, որ Ջհանգիրյանին այսօր դատում են ոչ թե նրա կատարած հանցանքների, այլ նրա քաղաքական կողմնորոշումների համար: Սակայն զարմանալին այն է, որ Ջհանգիրյանն իրեն բարոյական իրավունք է վերապահում խոսել արդարությունից եւ արդարադատությունից, այն դեպքում, երբ գոնե այդ հասկացությունների նա պետք է լռեր: Առավել եւս, որ Ջհանգիրյանը, ըստ էության, ենթարկվելով չարածի համար քրեական պատասխանատվության, այդպես էլ ուժ չգտավ իր մեջ այդ ընթացքում գոնե մեղանչելու համար, ներողություն խնդրելու այն անմեղ զինվորներից, որոնց նա դատապարտել է զինվորական դատախազ եղած տարիներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել