
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` առողջապահության փոխնախարար Աբրահամ Մանուկյանը վերջերս անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս պաշտոնյան, ով նախկինում պատգամավոր էր եւ Հանրապետական խմբակցության անդամ, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի մտերիմ ընկերն էր: Համենայնդեպս, փոխնախարարի պաշտոնը նա ձեռք էր բերել հենց նրա անմիջական ջանքերով: Իսկ այսօր, երբ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ԲՀԿ անդամ է, իսկ իր տղան էլ ԱԺ պատգամավոր Մուրադ (Վլադ) Գուլոյանի որդու հետ ընդհանուր բիզնես ունի, Աբրահամ Մանուկյանը որոշել է այս անգամ էլ ծառայել ԲՀԿ ազդեցիկ դեմքերին:
«ՉԻ»-ն գուցե չհիշեր, իր փոխանցմամբ, նախկին կոշկարար այսօրվա փոխնախարարին, եթե նրա մասնակցությամբ հերթական հանցագործության դեպքը չբացահայտվեր: Նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին Աբրահամ Մանուկյանն իր որդու հետ Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Կակտուս» ռեստորանում հարբած վիճակում հայհոյել էր ու ծեծել ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Մելս Հակոբյանին: Արդեն հասկանալի է, թե ինչու չի բացահայտվում գործը: Բոլորը բավարարվեցին նախարար Քուշկյանի արած նկատողությամբ:
Հիմա էլ դոլար չեն ընդունում
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` երեկ Հայաստանի ֆիանանսական շուկայում նոր երեւույթ նկատվեց. տարադրամի փոխանակման կետերը դոլար չէին ընդունում: Բոլորը նույն պատճառաբանությունն էին ներկայացնում`«դրամ չունենք»: Իսկ փոխանակման այն կետերում, որտեղ հնարավոր էր մի կերպ գոնե 100 դոլար մանրել, մանրամասն հարցուփորձ էին անում, անձը հաստատող փաստաթուղթ եւ հեռախոսահամար էին պահանջում, հարցնում էին, թե որտեղից այդ դոլարը եւ այլն: Թե ով էր նրանց այդպիսի իրավունք տվել` հայտնի չէ, բայց հրահանգն ակնհայտորեն «վերեւից» էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել