Մովսես Հակոբյան. «Այսօրվա բանակի մարտական պոտենցիալն ավելացել է մոտավորապես 20 %-ով»
Այսօր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հանդիպել է Արցախում գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ասուլիսը նվիրված էր ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին:
Ռազմական գերատեսչության ղեկավարը համառոտ անդրադարձել է անցած երկու տասնամյակների ընթացքում Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումներին, նրա դերին ու վաստակին անկախության պահպանման և ամրապնդման գործում, ներկայացրեց հետպատերազմյան բանակաշինության առանձնահատկություններն ու ներկա ժամանակահատվածում իրականացվող գործընթացները:
«Հետպատերազմյան ժամանակահատվածում բանակը իր սուրը չդրեց պատյան, հասկանալով, որ վերջնական խաղաղության համար, հարկավոր էր խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Արցախի միջև, որը դեռևս կնքված չէր, և սկսվեց զարգացման նոր փուլ: Այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել բարձրացնել անձնակազմի կրթական ցենզը, ստեղծել հրամանատարների փոխարինման բազա, որովհետև պատերազմին մասնակցած սպաների հիմնական մասը այժմ արդեն հանդիսանում են թոշակառու, և մենք այս աշխատանքները կատարել ենք, որպեսզի կարողանանք նրանց փոխարինողը պատրաստենք: Այս ժամանակահատվածում զգալիորեն փոխվել է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի որակական և քանակական վիճակը»,- ասել է Մ. Հակոբյանը:
Բացի անկախության 20-ամյա պատմության մեջ բանակի ունեցած տեղի ու դերի մասին խոսելուց, պաշտպանության նախարարը համառոտ անդրադարձել է նաև հանրապետության զինված ուժերի ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքներին: Բանակի հրամանատարը կատարված աշխատանքները ներկայացրեց ըստ ուղղությունների և կոնկրետ փաստերով:
«Անցած տարի և այս տարվա առաջին կիսամյակը զինված ուժերում հայտարարված է բարեփոխումների տարի և այսօրվա բանակի մարտական պոտենցիալը մոտավորապես ավելացել է քսան տոկոսով, որը բոլոր տարիների համեմատ մեր ամենամեծ առաջընթացն է, և սա շարունակական է լինելու..»,- հավելել է նախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել