«Առավոտ». 2010-ի վերջին «կդզվենք»
Թերթն իր խմբագրականում գրում է. ցանկացած երեւույթ, այդ թվում` տնտեսական ճգնաժամը, ենթարկվում է բնության տարրական օրենքներին. եթե ինչ-որ տեղ մի բան պակասում է, ապա մեկ այլ տեղ դա ավելանում է: Չի կարող պատահել, որ ճգնաժամից տուժեն միաժամանակ բոլորը: Ենթադրենք, որ աշխարհի ինչ-որ մի անկյունում համակարգչի մոտ նստած է մի մարդ (պայմանականորեն անվանենք նրան Նաթան Բախման), որն իր 5-6 գործընկերների հետ ինտերնետով հետեւում է րոպե առ րոպե փոխվող համաշխարհային գներին, այդ մի քանի հոգին միասնականորեն ազդում են այդ գների վրա եւ տրիլիոններ եւ աշխատում գործարքների միջոցով: Նույնքան բացառված է, որ Հայաստանում չլինեն մարդիկ, ովքեր շատ լավ էլ օգտվում են ճգնաժամից: Հեչ որ չլինի, նրանք հստակ գիտեն, թե երբ է հաջորդ անգամ կտրուկ արժեզրկվելու դրամը, եւ դրանից մի քանի օր առաջ ձեռք կբերեն մեծ քանակությամբ դելարներ: Բայց դա մակերեսի վրա գտնվող փող աշխատելու ձեւ է: կան շատ ավելի բարդ միջոցներ, որոնց մասին մենք` հասարակ մահկանացուներս, պատկերացում էլ չունենք:
Ուզում եմ լավատեսորեն ենթադրել, որ արդեն այս տարվա ամառվանից սկսած համաշխարհային գները (նավթի, ոսկու, դոլարի եւ այլն) կամաց-կամաց կհստակեցվեն եւ կգնան իրենց «բնական վիճակին»` թույլ չտալով «բախմաններին» շատ մեծ խաղեր տալ: Աշխարհի առավել զարգացած երկրները գործուն միջոցներ կձեռնարկեն` միջամտելով «ազատ շուկայի» տարերքին: Մասնավորապես, Լոնդոնում ապրիլի 2-ին կտրվեն որոշ հարցերի պատասխանները:
Ցավոք, Ռուսաստանում, եւ համապատասխանաբար Հայաստանում այս լավատեսական սցենարը 2009-ին չի գործի: Ռուսաստանը, լինելով տնտեսապես թերզարգացած եւ չափազանց կոռումպացված երկիր, համաշխարհային տնտեսության զարգացման դրական միտումներին կարձագանքի, երեւի, մեկ տարի ուշացումով: դե, իսկ մենք` դրանից 2-3 ամիս անց: Երբ մեր խոպանչիները կկարողանան «ռուսաստաններում» նորմալ փող աշխատել:
Խնդիրն աղմուկ բարձրացնելն է
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ՀԱԿ-ի որոշումը` չմասնակցել Սերժ Սարգսյանի հրավիրած քաղաքական կուսակցությունների համատեղ քննարկումներին, «Առավոտին» ասել է. «նախագահ Սարգսյանն իր հրավերով եւս մեկ անգամ ապացուցեց, որ հետեւողական է` լուծելու կոնկրետ խնդիրները, եւ կարեւորում է քաղաքական դաշտում բոլոր ուժերի հետ երկխոսությունները: Իսկ ՀԱԿ-ն իր չմասնակցելու մասին որոշմամբ մեկ անգամ եւս ապացուցեց, որ ոչ թե ձգտում է խնդիր լուծել, այլ իր առջեւ միայն թիվ 1 խնդիր է դրել` անհարկի աղմուկ բարձրացնել»:
Կրծկալներով առաջատար ենք
ՀԿԿ-ն նույնպես հրավեր է ստացել նախագահի մոտ այսօր կայանալիք տնտեսական թեմայով հավաքին մասնակցելու: ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտին» տեղեկացրել է, որ ինքն անպայման մասնակցելու է քննարկմանը. «Իմ հարցադրումները լինելու են այսպիսիք` երկրում արդյունաբերությունը պետք է վերականգնվի: Այսօր արտահանման մեկ միլիարդ ծավալի մեջ մեծ թիվ է կազմում կրծկալների արտահանումը: մենք աշխարհին բան չունենք տալու, որովհետեւ քայքայել, փոշիացրել ենք այն բոլորը, ինչը Հայաստանի հզորություններն են եղել: վարկերով երկիր չես պահի: Այս ամենն անգրագետ ղեկավարման հետեւանք է, այդ անգրագիտությունը պետք է վերացվի: պետք է սոցիալիստական համակարգի օրինակներից վերցնել: Առանց դրա երկիրն առաջ չի շարժվի: Թողեք հակասոցիալիստական հիստերիան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել