HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Տիգրան Սարգսյան. «Բոլորն անկեղծ էին, մտահոգ, իրենց առաջարկություններում շահագրգիռ էին օժանդակելու»

20_03-t_sargsyan1Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների ղեկավարներին այսօր հրավիրել էր Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիր` քննարկելու տնտեսական ճգնաժամի պատճառով երկրի առջև ծառացած խնդիրներն ու այդ իրավիճակից դուրս գալու ելքերը: Մոտ 5 ժամ տևած դռնփակ քննարկմանը հրավիրված 63 կուսակցությունների ղեկավարներից մասնակցեցին 48-ը: Քննարկման հրավերը հիմնականում մերժել էին Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունները և խորհրդարանական ընդդիմադիր միակ ուժը` «ժառանգությունը»: Նախագահից և կուսակցական ղեկավարներից բացի քննարկմանը մասնակցեց նաև վարչապես Տիգրան Սարգսյանը: Հանդիպումից անմիջապես հետո նա լրագրողներին պատմեց քննարկման ընթացքի ու իր տպավորությունների մասին: Վարչապետը նշեց 2 հանգամանք, որոնցով պայմանավորված` քննարկումն արդյունավետ է: «Առաջինը` մենք հնարավորություն ունեցանք լսելու և՛ քննադատություն, և՛ առաջարկություններ, որոնք կարևոր են մեզ համար, քանի որ մենք պարտավոր ենք իմանալ, թե ինչպիսի տրամադրություններ կան քաղաքական կուսակցությունների ներսում, ինչպիսի պատկերացումներ կան այն դժվարությունների մասին, որոնք առկա են, ինչպես կարող ենք հաղթահարել` այդ թվում նաև համատեղ ջանքերով: Երկրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ սա յուրօրինակ ֆորմատ է, որը հնարավորություն է տալիս 40-ից ավելի կուսակցությունների լսել միմյանց` հասկանալու նաև, թե ինչպիսի տեսակետներ ընդհանրապես գոյություն ունեն, ինչպիսի գնահատականներ կան ստեղծված իրավիճակի պատճառների և ելքերի առումով, և այս տեսակետից չափազանց կարևոր է նման ֆորմատի հանդիպումը և խիստ օգտակար»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքերով` բոլոր կուսակցությունների ղեկավարները արտահայտվեցին` տալով և՛ գնահատականներ, և՛ առաջարկություններ, որոնք մանրակրկիտ կերպով արձանագրվել են. «Եղան նաև գրավոր առաջարկություններ, եղան շատ հետաքրքիր և արժեքավոր առաջարկություններ, որոնց միանգամից արձագանքելը ճիշտ չի լինի, որովհետև մենք պետք է ուսումնասիրենք այդ առաջարկությունները, թե ինչպիսի հետևանքներ դրանք կարող են ունենալ, ինչպիսի հարկային, բյուջետային ծախսեր են ենթադրում և ինչ արդյունքներ մենք կստանանք»,- պարզաբանեց նա: Կոնկրետ առաջարկների օրինակներ բերելով` վարչապետը նշեց, ըստ իրեն, ամենակարեւոր հանգամանքը. «Չնայած կուսակցությունները գաղափարական տարբեր ուղղվածություն ունեին, բոլորը անկեղծ էին, մտահոգ, իրենց առաջարկություններում շահագրգիռ էին օժանդակելու, օգնելու, որպեսզի պետությունը կարողանա այս փորձությունից հաղթանակած դուրս գալ»: «Արդյոք հնչեցին այն քննադատությունները, որոնց մասին վարաչապետը առավել վաղ կանխատեսում էր արել, որ կհնչեն» Հետքի հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Քննադատությունները կոնստրուկտիվ էին, չէին կրում անձնական բնույթ, վիրավորական երանգներ իրենց մեջ չէին պարունակում, քննադատություններն օգտակար էին»: «Ինչ քննադատություններ էին» հարցին էլ վարչապետը պատասխանեց`պատճառահետևանքային: Տիգրան Սարգսյանը հավելեց նաև, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է ուժեղացնենք պետության դիմադրողականությունը. «Դիմադրողականությունը ուժեղացնելու համար պետք է էապես ուժեղացնել ենթակառուցվածքները, պետք է էապես աջակցել փոքր ու միջին բիզնեսին, ցուցաբերել օժանդակություն այն ձեռնակություններին, որոնք ունեն ժամանակավոր դժվարություններ և պետության օգնությամբ ակնհայտ է, որ կհաղթահարեն այդ ժամանակավոր դժվարությունները: Այս 3 սյուներն են մեր հակաճգնաժամային կոնցեպցիայի հիմքը, և այս 3 սյուները հիմնված են մեր սոցիալական օժանդակության փաթեթի վրա: Սոցիալական ծրագրերը, որը մենք նախատեսում ենք իրականացնել, պետք է էապես նվազեցնեն այն դժվարությունները, որոնք ունեն անապահով խավերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter