
Քաղաքական կուսակցությունների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով քննարկումից հետո կուսակցությունների ղեկավարների մեծամասնությունը արագ հեռացավ` խուսափելով լրագրողների հետ հանդիպումից:
Միայն մի քանի լիդերներ լրագրողների հետ կիսվեցին իրենց տպավորություններով:
«Նախագահի կողմից ըմբռնողականությունը և հանդուրժողականությունը սուր ելույթային դրվագների նկատմամբ հոյակապ էր, շոշափվեցին բավականին ցավոտ հարցեր»,- հայտարարեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
«Հանդիպումը անցավ շատ հեշտ, սակայն` գործնական առարակայական քննարկումների մթնոլորտում, արդյունքում ճշգրտվեցին մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, և ես համոզված եմ, որ գալիս է ավելի պաստախանատու մի փուլ, երբ հռետորների ելույթների առանցքային գործնական և կառուցողական մոտեցումները տեղ կգտնեն մեր կառավարության հակաճգնաժամային ծրագրերի վերախմբագրման գործում, ես բավարարված եմ այսօրվա քննարկումներից և, որ ամենակարևորն է, անշահախնդիր քննարկումներ անցկացնելու ձևավորված մթնոլորտից,-ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Արտաշես Գեղամյանի համար անհասկանալի է իր մի շարք գործընկերների կողմից այս «հույժ կարևոր»հանդիպման անտեսումը: «Հայրենիքը մեր հիվանդ է, խոսքս ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին է, և եթե դու հիվանդությունը մեղմելու դեղամիջոցն ունես ու լռում ես, ես չեմ հասկանում, կարծում եմ` սա այն հրապարակն էր, որտեղ կարելի էր հանդես գալ ամենասուր հիմնավոր հարցադրումներով, որից հետո նոր եզրակացություն անել` արժի հույս կապել այս իշխանության հետ, այս կառավարության հետ, թե` ոչ»,- կարծիք հայտնեց նա:
Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանն էլ ասաց, թե ինքը հանդես չի եկել տնտեսական ճգնաժամից դուրս գալու իր ծրագրով, քանի որ «Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ինչ-որ ծրագիր, ես այդ ծրագրին համաձայն եմ և ասում եմ`ճիշտ կլիներ նաև այն պայմաններում, եթե ճգնաժամ չլիներ, մենք չենք ստեղծել այս ճգնաժամը, և Հայաստանի միջոցով չի լուծվելու այս ճգնաժամը, բայց հասկանալ արմատները ու փորձել մի քայլ առաջ ընկնել` իհարկե հնարավոր է»:
Ըստ նրա`իշխանության մեջ հավաքված մարդիկ մի թիմ են, որը ներկա պայմաններում ի զորու է հնարավորիս անել, բայց դա միայն իրենցից չի կախված, այլ ողջ հասակությունից:
Վազգեն Մանուկյանը հավելեց նաև, որ այն վատ վիճակները, որի մեջ մենք ընկել ենք` անկախ ճգնաժամից, կապված է նրա հետ, որ մեր տնտեսական համակարգը չէր համապատասխանում համաշխարհային համակարգին և կարևոր է, որ մեր իշխանությունները հասկանում են դա:
«Դժվար է ասել` այս ճգնաժամը ինչքան կտևի, բայց այս ճգնաժամը կարող է լավ առիթ հանդիսանալ Հայաստանի ներքին կյանքը կառուցելու համար, մարդ ծանր իրավիճակում ավելի լավ է կարողանում դրսևորվել»,- ասաց ԱԺՄ ղեկավարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել