ԱՄՆ դեսպանը Ազգային ժողովում
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամլո ծառայությունը:
Հովիկ Աբրահամյանը ընդգծվել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակականության կարեւորությունը մեր երկրում ժողովրդավարության խորացման, տնտեսության զարգացման առումով:
Ներքաղաքական խնդիրներին անդրադառնալով` ԱԺ խոսնակը նշել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն բավարար կամք ԵԽԽՎ բանաձեւերի կատարման համար եւ ներկայացրել է այդ ուղղությամբ արված աշխատանքները, մասնավորապես Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հողվածների փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն նախագահի վավերացումից հետո: Խորհրդարանի նախագահը կարեւորել է նաեւ բազմակարծությունը, քաղաքական ուժերի միջեւ բարենպաստ մթնոլորտի ստեղծումը` նշելով, որ բազմիցս առաջարկել է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին ԱԺ ամբիոնից ներկայացնել իրենց մոտեցումները եւ կառուցողական քննադատությունը:
Դեսպան Յովանովիչը նշել է, որ ամերիկյան կառավարությունը կարեւորում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը` այս համատեքստում ընդգծելով, որ ժողովրդավարության առաջընթացի ճանապարհին կարեւոր փուլ է մայիսին ծրագրված Երեւանի ավագանու ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը: Նա հույս է հայտնել, որ բոլոր մասնակիցների համար կստեղծվեն հավասար պայմաններ եւ վարչական ռեսուրս չի կիրառվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել