ԼՂՀ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը խախտումներ է կատարել
ԼՂՀ Վերահսկիչ պալատը հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի գործունեության մեջ պետական միջոցների անարդյունավետ ծախս է հայտնաբերել: Բացի այդ, պարզվել է, որ հանձնաժողովը որոշ ապրանքներ ձեռք է բերել «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի որոշակի խախտումներով: Այս մասին երեկ հայտարարվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստում, որտեղ քննարկվել են հանձնաժողովին պետբյուջեից «Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ» խմբի շրջանակներում հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը եւ դրա վերաբերյալ հանձնաժողովի կողմից ներկայացված առարկությունները:
Պարզվել է, որ հանձնաժողովի որոշմամբ ինքնախրախուսվել են հանձնաժողովի անդամները` իրենց վերապահելով սեփական աշխատանքը գնահատելու եւ խրախուսելու իրավունքը, ինչի լիազորությունը, ըստ Վերահսկիչ պալատի /ՎՊ/ ներկայացուցիչների, ԼՂՀ օրենսդրությամբ, հանձնաժողովը չունի: Օրենսդրության խախտմամբ վճարվել է 540 հազար դրամ: Հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի հիմնավորումները, որ իրենք ինքնուրույն մարմին են, ֆինանսավորվում են մեկ առանձին տողով, որում նաեւ նախատեսված է խրախուսման ֆոնդը, որի բաշխման իրավունքը, ըստ գործող օրենսդրության եւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին օրենքի, ունի հանձնաժողովը եւ այլն, չի բավարարել ՎՊ ներկայացուցիչներին իրենց կարծիքը փոխելու համար: Վերջիններիս համոզմամբ, հանձնաժողովի անդամները կարող են խրախուսվել միայն նրանց այդ պաշտոններում նշանակելու լիազորությունը վերապահված հանրապետության նախագահի հրամանագրով: Ինքնագնահատումը եւ ինքնախրախուսումը, ըստ ՎՊ նախագահ Արթուր Մոսիյանի, նաեւ աշխատանքային օրենսդրությամբ չի թույլատրվում:
«Հանձնաժողովի կողմից ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները ձեռք են բերվել գնումների մասին օրենքի որոշակի խախտումներով: Որոշ դեպքերում բարձր գներով ձեռք են բերվել ապրանքներ` օրինակ բջջային հեռախոս, բազկաթոռ, այն դեպքում, երբ դրանք ավելի ցածր գներով նախատեսված էին գնումների անվանացանկով»,-նշել է ՎՊ առաջին բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Պարզվել է, որ հանձնաժողովը 1 բազկաթոռ է գնել 310 հազար դրամով, այն դեպքում, երբ անվանացանկում այդ նպատակով նախատեսված էր 154 հազար դրամ: Հանձնաժողովին առաջարկվել էր երկու բազկաթոռ` 154 հազարական դրամով, սակայն վերջինս հրաժարվել է դրանցից` որոշ ժամանակ անց նախընտրելով գնել 1-ը` այն էլ 310 հազար դրամով` թույլ տալով 156 հազար դրամի ավել ծախս:
Հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի հիմնավորումը, թե այդ պահին բազկաթոռ միայն այդ գնով է եղել խանութներում, չի փոխել ՎՊ խորհրդի կարծիքը, որ հանձնաժողովը, որպես հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորում իրականացնող պետական մարմին, ուղղակիորեն կամ անուղղակիորեն նյութական օգուտ է ստացել ապրանքային շուկայի մասնակցից:
Բացի այդ` հանձնաժողովը ձեռք է բերել 311 հազար դրամանոց բջջային հեռախոս, որի անհրաժեշտությունը, ըստ Վերահսկիչ պալատի անդամների, չկար, քանի որ հանձնաժողովի աշխատակազմի կարիքների համար արդեն իսկ տրամադրված էր 97 հազարանոց` Nokia 6300 բջջային հեռախոս, ուստի «երկրորդ հեռախոսի կարիքը չկար, այն էլ այդքան թանկ գնով»:
Նիստի ընթացքում խոսվել է նաեւ այն մասին, որ 250 հազար դրամի գազաբալոնային համակարգ է անցյալ տարվա աշնանը ձեռքբերվել, որը չի օգտագործվել: ՎՊ-ի գնահատմամբ` վերահսկվող օբյեկտը կատարել է նշված գումարների անարդյունավետ ծախս: Այս առնչությամբ նշվել է նաեւ հանձնաժողովի վեբ-կայք ստեղծելու համար ծախսված գումարների մասին: Ճիշտ է, այդ նպատակով նախատեսված էր մոտ 1.5 մլն դրամ ու հանձնաժողովը այդ նպատակով ծախսել է 800 հազար դրամ, սակայն ըստ ՎՊ նախագահի, դա էլ շատ է: Նա համեմատության համար նշեց, որ ՎՊ կայքի ստեղծման համար նրանք ծախսել են 4 անգամ ավելի քիչ գումար` 200 հազար դրամ: Այս հարցը, սակայն, մանրամասնորեն չքննարկվեց ու որոշվեց դրան անդրադառնալ ավելի ուշ` մասնագետների հետ խորհրդակցելուց եւ ավելի մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո:
ՎՊ խորհրդի անդամները մնացին իրենց կարծիքին եւ հաստատեցին ընթացիկ հաշվետվությունը, որտեղ ԼՂՀ կառավարությանը առաջարկվում է ուժեղացնել վերահսկողությունը` բյուջետային մարմինների կողմից գնումների մասին ԼՂՀ օրենսդրության պահանջների անվերապահ կատարման նկատմամբ, ձեռնարկել համապատասխան միջոցներ` պետական բյուջեի միջոցների անարդյունավետ եւ ոչ ռացիոնալ օգտագործման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ`հստակորեն նախատեսելով պետական մարմնի կողմից ապրանքային շուկայի մասնակցից ուղղակիորեն կամ անուղղակիորեն նյութական օգուտ ստանալու սահմանափակումը:
Հանձնաժողովին էլ առաջարկվել է զերծ մնալ նման խախտումներից ու բացթողումներից: Մեկամսյա ժամկետում հանձնաժողովը պետք է վերահսկիչ պալատ ներկայացնի գրավոր տեղեկություններ` ընթացիկ հաշվետվությունում ամրագրված խախտումները վերացնելու վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել