
Թերթն իր խմբագրականում գրում է. երեկ Բրյուսելում կայացած գագաթաժողովում Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները հավանություն են տվել Արեւալյան գործընկերության ծրագրին, որը նախատեսում է սերտացնել Եվրամիության ռազմավարական համագործակցությունը հետխորհրդային վեց պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովային, Ուկրաինայի եւ բելառուսի հետ: Ծրագրում ընդգրկված երկրների համար այն կարող է ապահովել ազատ առեւտրի ռեժիմ տնտեսական օժանդակություն եւ խորհրդատվական օգնություն պաշտպանության ու անվտանգության բնագավառներում: ԵՄ-ում չեն բացառում, որ հնարավոր է` նաեւ մեղմացվեն վիզային սահմանափակումները ծրագրում ընգրկված երկրների քաղաքացիների համար: Մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթաժողովում պաշտոնապես մեկնարկող այս ծրագրի համար ԵՄ-ն նախատեսում է հավելյալ տրամադրել 600 մլն եվրո: Բնականաբար, սա որոշակի հնարավորություններ է բացում ծրագրում ընդգրկված երկրների, այդ թվում` Հայաստանի համար: Սակայն հասկանալի է, որ դրա համար այդ երկրները, այդ թվում` Հայաստանը, պետք է բավարարեն որոշակի պահանջների եւ չափանիշների: Իսկ այս ծրագրի երեք հիմնական նպատակներից առնվազն մեկը` «արդյունավետ կառավարումը», առաջին հերթին ենթադրում է ժողովրդավարական ազատությունների պաշտպանություն, որը նշված երկրների մեծ մասում, այդ թվում` Հայաստանում, գոյություն չունի: Կոնկրետ Հայաստանի դեպքում դա հերթական անգամ գոնե ԵԽԽՎ-ում արձանագրվելու է մարտի 31-ին` ՀՀ-ի կողմից ԵԽԽՎ վերջին բանաձեւերի կատարման վերաբերյալ քննարկման ժամանակ: Իհարկե, բացառված չէ, որ այս անգամ էլ ԵԽԽՎ-ն կարող է «առաջընթաց» արձանագրել, բայց դրանից Հայաստանում իրավիճակը չի փոխվի. տասնյակ քաղբանտարկյալները մինչեւ այսօր էլ բանտերում են, եւ շատ քիչ հավանական է, որ բանտերում չեն լինի ինչպես մարտի 31-ին, այնպես էլ մայիսի 7-ին: Ուրեմն ինչի՞ համար է նաեւ ԵՄ-ն նման շռայլություն թույլ տալիս Հայաստանի նկատմամբ: Հիշեցնենք, որ առաջիկայում, գուցե հենց մայիսի 7-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալու է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել