Գյուղերում ապրանքների գները մնում են մտահոգիչ
Մինչ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Երեւանում ուսումնասիրություններ է կատարում եւ որոշ ապրանքատեսակների չհիմնավորված թանկացումների համար վարույթներ հարուցում, մարզերի տնտեսվարող սուբյեկտները դեռ օգտվում են պետական մարմինների անտարբերությունից եւ ապրանքները թանկ գներով վաճառելով գերշահույթներ ստանում:
Հատկապես գյուղերի խանութներում վերահսկողություն ընդանրապես չկա եւ «Հետքի» հետ զրույցում որոշ խանութների սեփականատերեր չկարողացան հիշել, թե իրենց խանութում վերջին անգամ երբ է ստուգում կամ ուսումնասիրություն արվել:
Հավանաբար դա է պատճառը, որ Արմավիրի մարզի Արագած, Հայթաղ, Ծաղկալանջ եւ հարակից մի քանի գյուղերում մինչ օրս շաքարավազը վաճառվում է 300 դրամով, իսկ փետրվարի վերջին 650 դրամ արժեցող ձեթը դարձել է 800 դրամ: Նույնիսկ կիլոգրամով վաճառվող աղացած սուրճն է 200 դրամով թանկացել: Նշված գյուղերում 20-50 դրամով ավելացել է նաեւ արտասահմանյան արտադրության ծխախոտների գինը:
Բացի այն, որ ապրանքները չհիմնավորված գներով են վաճառվում, մարզի որոշ գյուղերում տեղադրված չէ նաեւ հաշվիչ դրամարկղային մեքենաներ, իսկ եթե մի քանի խանութներում էլ տեղադրված է` կտրոնները մեկումեջ են տալիս: Փաստորեն գյուղացիները զրկված են «շահող կտրոնների» ամենամսյա խաղարկություններից, ինչը կարելի է դիտել քաղաքացու եւ գյուղացու իրավունքների տարբերակում:
Թե ինչու Էջմիածին քաղաքից ընդամենը 5-6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղերում պետեկամուտների կոմիտեի Էջմիածնի կառույցը չի հետեւում ՀԴՄ-ների կիրառման գործընթացին` չկարողացանք պարզել, քանի որ այս կառույցը ամեն անգամ հորդորում է դիմել գլխավոր կոմիտեին` պատճառաբանելով, որ որ իրենք իրավասու չեն մեր հարցերին պատասխանել:
Մինչդեռ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը մարտի 6-ի հանձնաժողավի նիստի ժամանակ հայտարարեց, թե իրավիճակը որոշակի առումով դեռեւս մտահոգիչ է մարզերում, որտեղ գների մակարդակը փոքր-ինչ բարձր է մայրաքաղաքի առեւտրի կետերի համեմատությամբ եւ այս խնդրի կարգավորման համար իրենք համագործակցում են պետեկամուտների կոմիտեի հետ: Արդեն 10 օրից ավելի անցել է, սակայն մարզերում իրավիճակը մնում է մտահոգիչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել