Էջմիածնի քաղաքապետի «հաշվետվությունը»
Օրեր առաջ Էջմիածնի քաղաքապետարանը լրագրողներին եւ քաղաքացիների շրջանում տեղեկատվություն էր տարածել, որ այսօր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը էջմիածնեցիներին ներկայացնելու է քաղաքապետարանի ֆինանսական հաշվետվությունը: Միջոցառումը անցկացվում էր Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում եւ այդ առիթով դպրոցի դահլիճում հավաքվել էր ավելի քան 100 մարդ:
Ամեն ինչ խիստ պաշտոնական էր, նույնիսկ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն էր ներկա: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով:
Բեմ բարձրացավ քաղաքապետի խորհրդական Սիրեն Եղիազարյանը, որը հաղորդավարի դեր էր տանում, մի քանի պատմական տվյալներ ու հայտնի մարդկանց խոսքերից մեջբերումներ արեց ու այդ պահին բեմի վրա չկարողացավ ծիծաղը զսպել. «Այսօրվա միջոցառումը թող անակնկալ չլինի ձեզ համար, բայց այն նվերված է քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության ղեկավար Ռուբեն Շարբաթյանին: Նրա ծնննդյան օրն է եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը որոշել է մեծ շուքով նշել նրա տարեդարձը»,-հոբելյարին ներկայացրեց Ս. Եղիազարյանը:
Ներկաները զարմանքից իրար էին նայում, փաստորեն, եկել էին ոչ թե ֆինանսական հաշվետվություն լսելու, այլ ծննդյան տարեդարձին: Ռուբեն Շարբաթյանը նույնպես տեղյակ չէր, որ իր ծննդյան տարեդարձը քաղաքապետը մասայականացնելու է: Վերջում բեմ բարձրացավ նաեւ քաղաքապետը եւ Ռ. Շարբաթյանին պարգեւատրեց քաղաքապետի պատվոգրով ու այլ նվերներով: Տոնը համեմվեց դասական երաժշտությամբ:
«Ինձ համար էլ էր անակնկալ, որ իմ տարեդարձը պիտի նշվի այսօր, շատ հուզված եմ, որ գնահատվեց իմ վաստակը»,-ասաց Ռ. Շարբաթյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել