
ՕԵԿ-ի քաղխորհրդի որոշման համաձայն` Երևանի քաղաքապետի ընտրություններում ՕԵԿ-ի ցուցակը գլխավորելու է ՕԵԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Ցուցակի 2-րդ համարը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցն է, 3-րդում` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը: Այս մասին այսօր հայտարավեց Կառավարության նիստերի դահլիճում կայացած «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության կոնֆերանսի ժամանակ: Ցուցակը բաղկացած է 101 հոգուց:
Քաղխորհրդի որոշման հրապարակումից հետո ելույթ ունեցան կուսակցության մի շարք պատգամավորներ և կուսակցական անդամներ` խոսելով կուսակցության մինչ այժմ անցած ճանապարհի, կուսակցության վարած քաղաքականության և սպասվելիք անելիքների, ընտրություններում հաղթելու մեծ շանսերի և ներկայացված թեկնածուների արժանիքների մասին:
«Լինելով հոգատար մայր և կին Հեղինե Բիշարյանը միևնույն ժամանակ սկզբունքային քաղաքական գործիչ է: Հաշվի առնելով մեր տեղական ինքնակառավարման համակարգում սակավաթիվ կին համայնքի ղեկավարների առկայությունը, մենք կարևորում ենք նրա մասնակցությունը այս ընտրությունենրին»- ասաց Հովհաննես Մարգարյանը` հավելելով, որ ի վերջո հաճախ «ավելի հավատարիմ ու ավելի պատվաբեր է լինել էգ առյուծ քան որձ շակալ»:
Կուսակցական ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Գրիգորի Վահանյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժը «մրցունակ է, ամուր հավասարակշիռ, ունի հստակ նպատակ, ռազմավարական ծրագիր և որ ամենակարևորն է մայր, կին, մանկավարժ առաջնորդ»:
Ելույթներից հետո քաղաքային կազմակերպության կոնֆերանսի պատվիրակները միաձայն հաստատեցին քաղխորհրդի ներկայացրած թեկանածուների ցուցակը, որից հետո ընդունվեց հայտարաություն, որում մասնավորապես ասվում է.
«...ՕԵԿ շարքերը մարտունակ են և պատրաստ լուրջ հաջողություններ գրանցելու Երևանի ավագանու ընտրություններում: Մենք վստահ ենք, որ ինչպես միշտ, այնպես էլ առաջաիկայում կունենանք ժողովրդի վստահության քվեն, քանի որ երբևէ հուսախաբ չենք արել մեր ընտրողներին և հետևողական աշխատանքով իրականություն ենք դարձրել մեր նախընտրական խոստումները»:
Լրագրողների հարցերին պատասխանելով Երևանի քաղաքապետի թեկնածու Հեղինե Բիշարյանն ասաց, որ շատ բարձր է գնահատում իր հաղթելու շանսերը և լի է վճռականությամբ: Նա խոստացավ հանդես գալ հավակնոտ ծրագրերով:
«Ցանկացած քաղաքական գործչից կախված է շատ բան, անձը բավականին շատ բան է որոշում և բարի կամքի դրսևորումը շատ կարևոր է, որ իրականություն դառնան այն ծրագրերը որոնք կան և լուծում ստանան խնդիրները, որոնք կուտակված են»,- ասած Հ.Բիշարյանը:
Հ. Բիշարյանը չի կարծում, որ իրենք կոալիցիայի մի մաս դառնալով կորցրեցին իրենց ընտրազանգվածին, քանի որ Տիկին Բիշարյանի խոսքերով քաղաքացիները իրենց ձայն էին տվել ՕԵԿ ծրագրերի համար և ոչ թե ընդդիմադիր լինելու:
«Ես վստահ եմ, որ այդ քաղաքացիները հստակ գիտակցում են, որ մենք այսօր ռեալ հնարավորություն ունենք ծրագրերը իրականություն դարձնելու, իսկ ծրագրերը իրականություն դարձնելը ենթադրում է լինել իշխանության մեջ»,-ասաց Հ.Բիշարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել