
«Մենք հո մեղավոր չենք, օր իրանց առած տոմսը տուդա-աբրատնի չէ, մենակ տուդա է» (վիդեո)
«Էս չես տեսնի՞, օր կմաքրեմ, քուր ջան, աջ քաշած ման արի, թե չէ թոզը հմի սաղ վրեդ կնստի,- փողոցից դեպի մայթի բերան աղբը կուտակող կնոջ ձայնից սթափվելով՝ մի կողմ եմ քաշվում,- կզարմանամ, էս քաղաք քանի կերթա կդարդըկվի, ըսքան զիբիլն ուրդի՞ց կեղնի: Դու էլ թեզ-թեզ քելե, վրեքդ կկեղտոտեք, հետո էլ կերթաք մեզնից կբողոքեք»: «Բայց էս ժամին ախր էս գործը չեն անում: Օրը ցերեկ է դարձել: Պիտի առավոտ 8-ին մաքրեիք- պրծնեիք, որ անցնող դարձողն էլ ոչ ձեզ տեսներ, ոչ էլ ձեր մաքրությունը»,- փորձում եմ դիտողություն անել: «Ըհը, մեկ էլ դու էիր մնացել պակաս գլխիս քարոզ կարդաս,- կինը նեղսրտում է,- հոժար չես, օր ընձի էլ կտեսնիս, քաղքից սաղ կերթան, դու պիտի, քուր ջան, ուրախնաս, օր մարդ կհանդիպի քեզի»:
Ժպիտս ծուռ է ստացվում, որովհետեւ ախր հեչ ուրախանալու բան չկա, եթե Գյումրին օրավուր լքողները շատանում են, իսկ այդ մասին բարձրաձայնողները` քչանում, ու մնացողներն էլ պիտի ուրախանան, որ իրենց ոտից գլուխ փոշու ամպով ծածկող փողոցում մաքրություն անողների են հանդիպում:
Ռիժկովի` նախկին Կիրովի ճեմափողոցում մանրածախ առեւտրով զբաղվող տղան այսօր չերեւաց: Երկու օր է՝ անցնելիս նկատում էի, որ բջջային հեռախոսների համար նախատեսված աքսեսուարները կես գնով է վաճառում: Մի՞թե նա էլ է պատրաստվում լքել Հայաստանը: Այսօր ուզում էի մոտենալ ու այդ հարցը տալ, բայց ոչ առավոտյան կար, ոչ էլ օրվա երկրորդ կեսին:
Քայլերս ուղղում եմ ավիատոմսերի վաճառքով զբաղվող Գյումրիում գործող բազմաթիվ վաճառակետերից մեկը: «Հը, էսօր ինչքա՞ն տոմս եք վաճառել, գործերդ լա՞վ է, գնացողները շատացե՞լ են, թե՞ պակասել, գո՞հ եք ձեր գործից, էս ամիս նորմալ աշխատավարձ ստանալու՞ եք»,- հարցերիս տարափից շշմած աշխատակցուհին, որ վաղեմի ծանոթս է, դեմքիս է նայում: «Քեզի ի՞նչ էղավ: Առանց էդ էլ քաղքի ժողովուրդը սաղ ներվային են: Գործ չկա, տուն չկա, ապրուստ չկա: Հենց քանիմ կոպեկ փող կճարեն Ռուսաստանի տոմս կառնին: Մնան ըստեղ, ի՞նչ էնեն,- հարցնում է տիկին Լ.-ն,- մենք չծախենք էդ տոմսը, ուրիշը կծախե: Չես տեսե՞լ՝ սաղ քաղաք ավիակասսա են բացել: Ուրդեղ մե պզտիկ բուտկեմ կհարմարցնեն կամ խանութի կողքը աթոռ-սեղան դնելու տեղ, սամալյոտի տոմս կծախեն: Ով հնար ունի, կթռնի էս երկրից: Մենք հո մեղավոր չենք, օր իրանց առած տոմսը տուդա-աբրատնի չէ, մենակ տուդա է»:
Սբ. Յոթվերքի բակում 3 մեծահասակ մուրացկան իրար մեջ բաժանում են եկեղեցուց դուրս եկած հարսանքավորների թողած դրամները: Քաղաքում մուրացկանի էլ չես հանդիպի, անգամ դրանց թիվն է պակասել: Էս երեքն էլ ամեն աստծու օր եկեղեցու դռանն են, էդ էլ իրենց աշխատանքն է: Ժամը 10-ից գալիս են, մնում ամենաշատը մինչեւ 16-ը, դրանից հետո գնում են, որովհետեւ ուշ ժամերի հազվադեպ է պսակադրություն լինում, իսկ իրենց հիմնական եկամուտը հարսանքավորներից մուրած դրամներն են:
«Էս գյուղերից եկողներն էլ չեղնին, քաղաք շարժ չկա,- նկատում է խանութի վաճառողուհին,- ժամը 7-ին կփակվինք, բայց 6-ից արդեն մտնող-ելնող չկա: Հըլը էդ ժամին էն բազար ու ավտոկայան տանող փողոց մտի, ինչխոր ավլած-թափած էղնի: Մարդ չես գտնի, մենակ գետնի զիբիլից հազրի կընգնիս, օր մե 8 ժամ ըդտեղով մարդ-մուրդ է անցել-դարձել»:
Հաղթանակի պողոտային հարող խանութների դիմաց գետնին դրած պտուղ-բանջարեղեն են վաճառում: Մի երկուսը վերավաճառող են, մի քանիսն էլ գյուղերից են: Ուշադրությունս գրավում է մարմնեղ մի կին` տնային խալաթով, տետրն ու գրիչը ձեռքին ինչ-որ ցուցակ ստուգելիս: Մոտենալով հասկանում եմ, որ գումար է հավաքում` «տեղի գումար»: «Ախչի, էս դու էսօր սաղ օրը 500 դրամի առեւտուր չէս էրե՞լ, օր կըսես՝ չկա, չեմ կըրնա տա»: Ագրեսիվ տիկնոջ ահեղ հայացքի տակ կուչ եկած նիհարավուն կինը, ձեքով ցույց տալով պոմիդորով լի արկղը, փորձում է արդարանալ. «Գայան ջան, ղուրբանդ էղնիմ, չես տեսնի՞՝ ապրանքս տեղն է, էսօր համարյա առեւտուր չեղավ»: «Իյա, գուզես ըսես Լեննական մարդ չկա, հա՞, անցնող դարձող չի եղել… չիդեմ, 500 դրամդ հազրե, մեկ էլ էն 17 հազար պարտքդ, թե չէ էլ ըստեղ չեմ թողնի առեւտուր էնես»:
«Էս քաղաքը կարող է վերջի վերջո շինեն, բայց վախենամ վայելող չմնա,- հոգոց է հանում տեսարանը դիտող հարեւան կրպակատերերից մեկը,- էս ժողովրդին բդի առաջուց աշխատանք տային, հետո տները սարքեին, կամ էլ օր գյումրեցին ինքը աշխատանք ունենար, ինքն էլ կսարքեր: Հըմի մարդիկ թազա տներն էլ կստանան, բայց ուշք ու մտքերը ծախելն է: Սոված են մարդիկ, կնայեն, օր հնար էղնի փախնին: Ռուսներն էլ մե կողմից իրանց ծրագրով մեր տունը քանդին: Լեննական փող ունեցողները սիրուն-սիրուն խանութների շենքերը կսարքեն, վրեն կգրեն «Տրվում է վարձով»: Ոչ իրանք կրնան աշխատցնեն, ոչ էլ ուրիշը: Բդի մարդ էղնի, էդ մարդը ձեռքը գործ ունենա, օր էն դեմինի բիզնեսն էլ ծաղկի»:
Առավոտյան զանգահարել էի Շիրակի մարզպետարանի սոցապ բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանին: Ուզում էի հարցազրույց անել Շիրակի մարզում տիրող իրավիճակի մասին: «Ախր, Երանուհի ջան, մենք ճիշտ պատկերը չունենք քո էդ ասած արտագաղթի: Եթե շատ ես ուզում, դիմի պ. Եգանյանին, իրանք էլի որոշակի թվերի տիրապետում են,- խորհուրդ տվեց Ռ. Փոթինյանը,- ես եթե հարցազրույց տամ, ճիշտ չի լինի, մենք չենք կարող ասել, թե ինչքան մարդ է ժամանակավոր մեկնում, ինչքանը` մշտական: Վերադարձողներ էլ կան: Սպասենք՝ մարդահամար կլինի, կճշտվի: Եթե այլ հարցեր ունեք, եկեք սիրով կպատասխանեմ»:
Այս տիպի պատասխաններից հետո մարդ սկսում է հավատալ, որ ջայլամը հայ պաշտոնյաներին բնորոշող միակ կենդանի արարածն է: Անգամ բաց աչքով տեսանելին պիտի վերեւից հրահանգված թվերի տեսքով սեղաններին դրված լինի, որ գլուխները ավազի միջից մի կերպ հանելով կարդան ու որպես անառարկելի ճշմարտություն փոխանցեն քեզ: Որովհետեւ մարդիկ, դե ինչպես ասեմ, սեփական աչքերին չեն հավատում, միայն թղթի վրա գրածին: Նույն պարոն Եգանյանը հայտարարում է, որ հանրապետությունում անհանգստացնող այնպիսի մի երեւույթ, որի անունն է «արտագաղթ», չկա: Մերոնք ասում են չկա, իսկ BBC-ի լուրերով հակառակի պես ասում են՝ կա: Դե արի ու կողմնորոշվի: «Իյաա…ի՞նչխ չկա,- զարմանում է գյումրեցի գրքավաճառը,- կրնա մենք դրսի ալիքները չենք նայե, չիդենք ինչ կըսեն մեր երկրի մասին, բայց խո աչք ու լուս ունինք, չենք տեսնի՞ ինչ կկատարվի: Ես էլ, օր ձեռս հնար էղներ, կերթայի, հըմը հնար չունիմ»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել