ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի նամակն ուղղված ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Հաուըրդ Բերմանին
Հարգելի Հաուըրդ Բերման
Նախագահ
Արտաքին հարաբերությունների հանձնախումբ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
Վաշինգտոն, ՏԿ 20510
Հարգելի նախագահ Բերման,
Ուրախությամբ եմ գրում Ձեզ` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող օրինագծի
ներկայացման առիթով` հղելով Ձեզ եւ Ձեր գործընկերներին մեր համընդհանուր աջակցությունը այս նախաձեռնությանը, որը կհաստատի Միացյալ Նահանգների հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:
Հայաստանը, հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը և դատապարտմանը, այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև` երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:
Հայ ժողովուրդը մեր երկրում, Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում, երախտապարտ է Ձեզ եւ Ձեր գործընկերներին, ներառյալ անշուշտ` Կոնգրեսականներ Ադամ Շիֆին եւ Ճորճ Ռադոնովիչին, տարիների ընթացքում կատարած այն մեծ աշխատանքի համար, որն ապահովելու է ԱՄՆ կողմից այս ոճիրի ճանաչումն ու պաշտոնական ոգեկոչումը: Վստահ եմ, որ այս գործընթացի ջատագովները իրավացիորեն համոզված են նաեւ, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը
ըստ էության մինչ օրս նպաստել է Թուրքիայի դիրքերի կոշտացմանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Գնահատում ենք այս ջանքերը եւ հատկապես այս տարի ոգեւորված ենք այս ուղղությամբ նախագահ Բարաք Օբամայի եւ իր վարչակազմի բարձրաստիճան անդամների կատարած նախընտրական հստակ հայտարարություններով:
Հավաստում եմ, որ տրամադիր եմ գրավոր կամ անձամբ կիսելու Ձեր կոնգրեսական գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության սկզբունքային կեցվածքը` ի պաշտպանություն Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ թե կարող է խոչընդոտել, այլ հակառակը` սատարելու է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ լիարժեք
երկխոսության կայացմանը: Միացյալ Նահանգների սկզբունքային կեցվածքը միմիայն կարող է նպաստել այն գիտակցության ամրապնդմանը, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ամենեւին հակաթուրք կեցվածքի արտահայտություն չէ, այլ` բխում է Ցեղասպանության, որպես մարդկության դեմ գործած հանցագործության դատապարտման անհրաժեշտությունից: Ավելին` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կայուն բարելավումը պետք է հիմնված լինի ճշմարտության եւ արդարության հանդեպ համակողմանի հարգանքի վրա:
Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ կառավարության հանդեպ Ձեր բարեկամության եւ տարիների ընթացքում Ձեր զորակցությանն ու աջակցության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել