« Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ունի առանցքային նշանակություն»
Հարցազրույց քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի հետ
- Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից կամ գործընթացներից որո՞նք են առավելապես ազդել (կամ կարող են ազդեցություն ունենալ) Ադրբեջանի վրա:
- Անկասկած, Հարավային Կովկասի վրա ամենամեծ հետքը թողեց օգոստոսյան պատերազմը (ես կարծում եմ, որ իրերը պետք է անվանել իրենց անուններով) Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, որը կապված էր Թբիլիսիի փորձի հետ՝ վերականգնել սեփական վերահսկողությունը Ցխինվալիի նկատմամբ եւ վերջ տալ Հարավային Օսիայում Կոկոյտայի անօրինական, խամաճիկային, կիսաքրեական ռեժիմի սադրիչ գործողություններին։ գգդյունքում նկատելիորեն փոխվեց տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը։ Ռուսաստանն ամբողջովին կորցրեց ցամաքային եւ օդային հաղորդակցությունը, որով կապված էր Գյումրիի ռուսական ռազմակայանի եւ ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի հետ։ Թեեւ Վրաստանի` ՆԱՏՕ մտնելու գործողությունների պլանին վերաբերող հարցը օրակարգից հանված է, փոխարենը ԱՄՆ-ը Թբիլիսիի հետ ստորագրեց Հայտարարություն ռազմավարական գործընկերության մասին, իսկ արեւմտյան երկրները պարտավորվեցին Վրաստանին հատկացնել 4 միլիարդ դոլար՝ ռուսական զորքերի գործողություններից տուժած տնտեսությունը վերականգնելու համար։ Այսպիսով, օգոստոսյան իրադարձությունները եւ Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի «անկախության» ճանաչումը հանգեցրին ոչ թե նրա դիրքերի ամրապնդմանը, այլ թուլացմանը։ Հնարավոր առճակատումների վտանգը դրդեց Թուրքիայի ղեկավարությանը երկխոսություն սկսելու Հայաստանի եւ ամրապնդելու փոխգործակցությունը Ռուսաստանի հետ։ Իմ կարծիքով, սա է ստեղծված իրադրության պատկերը։
- Ի՞նչն է այսօր ամենից շատ բնորոշ Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, որքանո՞վ է փոխվել այդ քաղաքականությունը 2008 թ. օգոստոսից հետո:
- Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ունի առանցքային նշանակություն իր աշխարհագրական դիրքի եւ էներգապաշարների շնորհիվ եւ որպես տարածաշրջանի ամենամեծ տարածքը, բնակչությունը, տնտեսությունը եւ ֆինանսական պաշարներն ունեցող երկիր։ Վաշինգտոնը Պաշտպանության նախարարության եւ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ղեկավարների եւ նույնիսկ փոխնախագահ Չեյնիի միջոցով համառորեն առաջարկում էր ոչ միայն տնտեսական եւ էներգետիկ, այլեւ ռազմաքաղաքական գործընկերություն, որը ներառում էր անվտանգության երաշխիքներ։ Չեմ կարծում, թե Սպիտակ տան վարչախմբի փոփոխությունը կարող է արմատապես փոխել այդ պլանները։ Սակայն ամերիկյան առաջարկի թույլ տեղն այն է, որ այդ երաշխիքները չեն ենթադրում օգնություն հայկական ուժերի կողմից գրավված Ադրբեջանի տարածքների ազատագրման գործում, բայց կարող են Բաքվին ներքաշել Ռուսաստանի եւ Իրանի հետ վտանգավոր առճակատման մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը տատանվում է եւ չի շտապում արձագանքել ԱՄՆ-ի առաջարկներին։ Ռուսաստանը եւս ուշադիր է Ադրբեջանի նկատմամբ։ Նախագահ Մեդվեդեւի առաջին պաշտոնական այցն այստեղ էր: Մոսկվան նախաձեռնեց նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպումները եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման Մայնդորֆյան հայտարարության ստորագրումը։ Ռուսական ԳԱԶՊՐՈՄ-ը պատրաստակամություն հայտնեց համաշխարհային գներով ձեռք բերել ամբողջ գազը, որ կարդյունահանվի «ՇԱՀԴԵՆԻԶ» հանքավայրից երկրորդ փուլում։ Ռուսաստանի Ռազմարդյունաբերությունն Ադրբեջանին առաջարկում է իր արտադրանքի գրեթե ողջ տեսականին։ Ռուսաստանի հաշվարկն այն է, որ գոնե մի քիչ առաջ մղի Ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցության ուղիներ բացի դեպի Հայաստան եւ իր ռազմակայան՝ միաժամանակ ամրապնդելով սեփական դիրքերը եւ ազդեցությունը երկու հակամարտող երկրներում։ Բացի այդ, եթե ստացվի, ապա սադրանքի միջոցով Երեւանին ներքաշի Ջավախեթիի հայաբնակ շրջանում անջատողական գործընթացների մեջ, իսկ Բաքվին՝ նմանատիպ առճակատման մղի Վրաստանի Բորչալի ադրբեջանաբնակ շրջանում։ Բայց Ադրբեջանին ուղղված ռուսական առաջարկներն ու պլաններն արդեն վստահություն չեն ներշնչում։ Երեւանն էլ զգուշացավ Վրաստանի նկատմամբ թշնամական դիրք բռնելուց եւ, հակառակ Մոսկվայի ճնշումներին, չճանաչեց Աբխազիան եւ Հարավային Օսիան։
- Որո՞նք են, Ձեր կարծիքով եւ պաշտոնական դիրքորոշմամբ, 2008 թ. օգոստոսյան իրադարձությունների` Ադրբեջանի համար գլխավոր դասերը:
- Պաշտոնական տեսակետի մասին չեմ խոսի, ներկայացնեմ իմ կարծիքը։ Գլխավոր դասը վերջին տարիներին պաշտոնական Բաքվի դրսեւորած շրջահայաց վարքագծի ճիշտ լինելն է։ Ինչպես ցույց տվեց փորձը, Սահակաշվիլիի կառավարության չափազանց կտրուկ շարժումները ռիսկային էին եւ հանգեցրին մեծ կորուստների։ Բայց նրանք, ովքեր ենթադրում էին, թե օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Ադրբեջանը կվախենա եւ կնետվի Կրեմլի գիրկը, սխալվեցին։ Նման բան տեղի չունեցավ։ Իսկ երբ հայտնի դարձավ, որ Ախալքալաքիի եւ Բաթումիի ռազմակայանների տարհանման ժամանակ Վրաստանից դուրս բերված զենքի մեծ խմբաքանակ Մոսկվան հանձնել է Հայաստանին, նախագահ Ալիեւը հայտարարեց նախագծվող ՆԱԲՈՒԿՈ գազատարի ուղղակի օժանդակության, ռազմական բյուջեի աճի մասին եւ նորից չբացառեց ծայրահեղ դեպքում երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուժային տարբերակը։ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները նորից վերադարձան Մինսկի խմբի ձեւաչափին՝ առանց Ռուսաստանի բացառիկ դերի։ Հազիվ թե Ադրբեջանը դիմի արկածախնդրության եւ ժամանակից շուտ ռազմական գործողություններ սկսի, բայց նա շարունակում է հետեւողականորեն մեծացնել սեփական տնտեսական, ռազմական գերազանցությունը եւ ճնշումը Հայաստանի վրա։ Քիչ հավանական է եւ այն, որ Ադրբեջանը կհայտնվի Ռուսաստանի ուղեծրում։
- Որքա՞ն երկարատեւ կարող է լինել ռուս-թուրքական մերձեցումը, եւ ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:
- Չեմ կարծում, թե ռուս-թուրքական հարաբերությունը պետք է հակադրել Արեւմուտքին։ Թուրքիան ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ է եւ Եվրամիություն մտնելու թեկնածու։ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները չափազանց կարեւոր են, բայց բոլորովին անհամեմատելի են այն ամենի հետ, ինչ Թուրքիային կապում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ։ Օգոստոսյան իրադարձությունների ժամանակ Անկարան զուսպ դիրք բռնեց։ Թուրքիայի ղեկավարությունը գիտակցում էր, որ ՆԱՏՕ-Ռուսաստան գծի երկայնքով առճակատման խորացումը հենց իր վրա է դնում ռազմական, տնտեսական ռիսկերի ու կորուստների բեռը։ Նրանք չէին ուզում ներքաշվել Ռուսաստանի հետ վտանգավոր առճակատման մեջ հանուն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, առավել եւս, որ Թուրքիայում ազդեցիկ չերքեզական սփյուռքը կտրուկ ձեւով հանդես եկավ Սահակաշվիլիի կառավարության գործողությունների դեմ։ Սակայն մեծ չափազանցություն կլինի խոսել դեպի Ռուսաստան Թուրքիայի շրջադարձի մասին։ Մոսկվայի եւ Անկարայի մարտավարական շահերը կարող են ժամանակավորապես համընկնել Հարավային Կովկասում լարվածության աճը կանխելու տեսանկյունից, հատկապես Ղարաբաղյան հակամարտության հնարավոր «ապասառեցման» լույսի ներքո։ Չէ՞ որ, եթե իրադարձություններն այդպես ընթանային, Թուրքիայի համար բավական դժվար կլիներ չխառնվելը։ Ամեն դեպքում, ես դրական եմ համարում Թուրքիայի ձգտումը՝ գտնել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների լուծումը Մոսկվայի հետ երկխոսության եւ գործընկերության միջոցով։ Դրանից թե Ադրբեջանը, թե Հայաստանը կարող են միայն շահել։
Հարցազրույցը` Տարանա Կյազիմովայի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել