HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքապետերը վատնում են համայնքի գումարները

23_03-loriՄարզպետարանը միայն երկու տարի հետո է ստուգում` վերացրել են նրանք թերությունները Լոռու մարզի դատախազությունը, ուսումնասիրելով Սարատովկա, Նովոսելցովո եւ Հոբարձի գյուղերում տեղական բյուջեից բնակիչներին տրվող դրամական օգնությունների բաշխման օրինականությունը, համայնքների ղեկավարներին մեղադրեց բյուջեի գումարները հափշտակելու մեջ: Դատախազության ուսումնասիրությունները պարզեցին, որ Սարատովկայի համայնքապետ Գառնիկ Մարդոյանը 2005-2008 թթ. հաշվապահական կեղծ փաստաթղթեր կազմելով` դրամարկղից հափշտակել է 140.000 դրամ: Այս գումարն իրականում Սարատովկայի բյուջեից պետք է տրվեր գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին: Սարատովկայի համայնքապետի գործողությունները մարզում եզակի չեն: Լոռու դատախազ Կարեն Շահբազյանի մեղադրանքների համաձայն` տեղական բյուջեից կեղծ փաստաթղթերի հիման վրա գումարներ են հափշտակել նաեւ Նովոսելցովոյի ներկայիս եւ Հոբարձիի արդեն նախկին համայնքապետերը: 23_03-lori-dat1Դատախազ Շահբազյանն ասում է, թե իրենց ուշադրությունն առավելապես սեւեռելու են պետական միջոցների տնօրինման ոլորտին. ինչպես եւ ինչքան են ծախսում համայնքների ղեկավարները, եւ արդյոք պետական կամ էլ համայնքային միջոցները ծախսելիս վատնումներ թույլ չեն տալիս: Համայնքային միջոցների տնօրինման օրինականության ստուգման գործընթացը դատախազությունը սկսեց այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունը մարզի Ջրաշեն համայնքում հայտնաբերեց տեղական միջոցների յուրացման դեպքեր: Լոռու մարզպետարանից տեղեկություններ պահանջելով համայնքներում կատարված ֆինանսատնտեսական ու վարչական ուսումնասիրությունների վերաբերյալ` դատախազությունն արդեն ուսումնասիրել է մի քանի համայնք: Եթե Սարատովկան, Նովոսելցովոն ու Հոբարձին հայտնվեցին մեղադրանքների թիրախում, ապա քրեական գործի հարուցումից խուսափեցին Փամբակ ու Բազում գյուղերը: Գյուղացիների մեղադրանքները, թե Փամբակի համայնքապետը 32.000 դրամ է յուրացրել, իսկ Բազումի համայնքի ղեկավարը`60.000 դրամ, չհիմնավորվեցին: Երեք համայնքների ղեկավարները, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական գործ, Հանրապետական կուսակցության անդամ են: Մարզի դատախազի ասելով` իշխող կուսակցության ներկայացուցիչ լինելն ամենեւին էլ չի խոչընդոտում իր գործունեությանը ու շարունակելու է ստուգումները: Լոռու մարզպետարանը 2007 թ. մարզի համայնքներում կատարել է ֆինանսատնտեսագիտական ու վարչական ստուգումներ եւ չի հայտնաբերել այնպիսի խախտումներ, որոնք համայնքի ղեկավարությանը քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք կտային: Մինչդեռ դատախազության ուսումնասիրությունները, որոնք ընդգրկել են 2005-2008 թթ., հակառակն են պարզել: «Մենք դիտարկում ու ստուգում ենք փաստաթղթերը»,- ասում է Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Լեւոն Բերոյանը: Նա ղեկավարել է համայնքների ֆինանսական ոլորտի ուսումնասիրությունների համար ձեւավորված հանձնաժողովը: Ըստ Լ. Բերոյանի` իրենք չէին կարող գնալ բնակիչների տուն ու ստուգել` ստացել են դրամական այն օգնությունը, որի փաստաթղթերի կեղծման համար մեղադրվում են համայնքապետերը: Լոռու մարզպետի խորհրդական Սարգիս Գալստյանն էլ նշում է, թե գոնե վարչական ստուգումների առումով այնպիսի խախտումներ չեն արձանագրվել, որի հիման վրա մարզպետարանը դիմեր ավագանուն` համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու համար: «Հակված ենք ավելի շատ խորհրդատվություն տալու»,- նշում է ինչպես Ս. Գալստյանը, այնպես էլ ֆինանսատնտեսագիտական հանձնաժողովի ղեկավար Լ. Բերոյանը: Վերջինս նկատել է, որ իրենց ստուգումների արդյունքում, օրինակ, համայնքապետերի աշխատաոճը փոխվել է` նրանք արդեն ունեն դրամարկղի գիրք կամ էլ մասնագիտացած աշխատակազմ: Ստուգումների արդյունքում օրենքները խախտած համայնքապետերից ոչ ոք վարչական պատասխանատվության չի ենթարկվել: Մարզպետարանն արձանագրելով թերությունները` պահանջել է տասնօրյա ժամկետում վերացնել դրանք: «Իրենք էլ գրավոր ներկայացնում են, որ թերությունները շտկված են կամ ամբողջովին, կամ էլ` մասնակի, մենք այլեւս չենք գնում տեղում ստուգելու մինչեւ հաջորդ` 2 տարի հետո կատարվելիք ստուգումը»,- ասում է Լ. Բերոյանը: Մարզպետարանում ասում են, որ բացահայտված խախտումները հիմնականում համայնքապետերի չիմացության հետեւանք են: Ասենք` Ահնիձոր գյուղի արդեն նախկին համայնքապետ Սուրեն Մաթեւոսյանը դեռեւս 3 տարի առաջ 668.000 դրամի խախտումներ էր թույլ տվել: Առանց փաստաթղթերի ու հիմնավորումների ծախսած գումարի 264.700 դրամն ուղղել էր գործուղումներին, ընդ որում` դրա մեծ մասը` 248.700 դրամը, իր գործուղման համար է ծախսել: Մաթեոսյանը 195.000 դրամ առանց ավագանու որոշման ուսման վարձեր էր վճարել, 250.000 դրամի բենզին էր գնել` կրկին առանց հիմնավոր փաստաթղթերի: Համայնքապետը բենզին էր գնել այն դեպքում, երբ չուներ ոչ ծառայողական, ոչ էլ վարձակալած ավտոմեքենա: Ահնիձորի արդեն նախկին համայնքապետի գործունեության թերություններն այսքանով չեն ավարտվում: Առանց հիմնավորման կես միլիոն եւ 380.000 դրամի էլ օգնություն բաժանած համայնքապետը չի կարողացել վճարել աշխատողների աշխատավարձերը: 2007 թ. տվյալներով` աշխատավարձի պարտքը կազմում է ավելի քան 6 մլն դրամ: «Նախքան իրենց բյուջեն հաստատելը, մենք խորհուրդներ ենք տալիս, բայց վերջնական որոշողն ու հաստատողն իրենք են»,- նշում է Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Բերոյանը: Մինչդեռ նախկին համայնքապետի խախտումները, ֆինանսականից բացի, նաեւ վարչական բնույթ են կրել: Խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջները` Մաթեւոսյանն ավագանու հաստատմանը չէր ներկայացրել համայնքի 2007 թ. բյուջեն, համայնքի եռամյա ծրագիրը,  2005-06 թթ. բյուջեների հաշվետվությունները: Ահնիձորն այս առումով միակը չէ: Լոռու մարզի գյուղական համայնքների մեծ մասում առկա են ինչպես ֆինանսական, այնպես էլ վարչական բնույթի խախտումներ: Հոբարձի գյուղում, որի նախկին համայնքապետի նկատմամբ եւս քրեական գործ է հարուցված, գյուղի մանկապարտեզի մասնաշենքերն աճուրդային կարգով օտարելիս խախտվել է աճուրդների անցկացման կարգը` 1 տարի ուշացումով գանձելով վաճառված շինության գումարը: Մարզի դատախազության ուսումնասիրության թիրախ դարձած Սարատովկա գյուղի բյուջեում նախկին պարտքերը` ապառքները, ավելի մեծ են, քան տեղական բյուջեի ընդհանուր գումարը: 2007 թ. գյուղի բյուջեն կազմել է ավելի քան 10 մլն դրամ` 19 մլն դրամով պակաս ապառքներից: Մեղադրանքի արժանացած համայնքապետը պարտքերի բեռի տակ 2006 թ. բյուջեով սոցիալական օգնությունների համար նախատեսելով ծախսել 1 մլն դրամ`գյուղացիներին բաշխել է 485.000 դրամ, իսկ հաջորդ` 2007 թ.-ին` 600.000 դրամ: Բերոյանն ասում է, որ գրեթե բոլոր համայնքներն էլ պարտքեր ունեն, մյուս կողմից էլ չեն կարողանում հավաքագրել հարկերը: Սրանով հանդերձ` համայնքապետերից շատերը հարկերն անմիջապես բանկում վճարելու փոխարեն, օրենքի խախտմամբ, պահում են համայնքի դրամարկղում: Նման խախտում մարզի դատախազն արձանագրել է Նովոսելցովո գյուղում, որի համայնքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Առանձին խնդիր է պահուստային հողերի վարձակալությունը, որը հիմնականում պայմանագրային բնույթ չի կրում, ու ստուգող մարմիններն իրականում դժվարանում են արձանագրել` հողը վարձով է տրվել անվճար, թե կոնկրետ գումարի դիմաց: «Հնարավոր չէ իմանալ` նախորդ տարիներին արոտավայրերն ով է օգտագործել, եւ ինչքան են կազմել չվճարված գումարների չափերը: Սրա  հետեւանքով 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ ապառքները, համաձայն 2007 թ. բյուջեի, ցույց են տրվել 33.000 դրամ, այն դեպքում, երբ 2006 թ. բյուջեով նախատեսված 1 մլն 500.000 դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 563.600 դրամ` 37.7 տոկոս կամ պակաս են գանձվել 936.400 դրամ»,- նշված է Շամուտ գյուղի ֆինանսատնտեսագիտական ուսումնասիրության եզրակացության մեջ: Լոռու մարզպետարանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքի ղեկավարները հաճախ ավագանու նիստեր չեն հրավիրում եւ որոշումներ են ընդունում առանց ավագանու նիստ անցկացնելու, շրջանցում են «Գնումների մասին» ՀՀ օրենքը` ապրանքներ գնելով սեփական ցանկությամբ ընտրված խանութներից: Քարաբերդ եւ Ֆիոլետովո գյուղերի ավագանիներն, օրինակ, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջները, ավագանու նիստեր չեն անցկացրել, համայնքի ղեկավարներն էլ առանց ավագանու հաստատման աշխատակազմի աշխատավարձի չափեր ու հաստիքացուցակ են որոշել: Շահումյան գյուղում ավագանու որոշումներն ընդունվել են առանց նիստ հրավիրելու, իսկ Սարալանջ գյուղի ավագանին չի հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող օտարվող գույքի օտարման գների չափերը եւ մեկնարկային գինը: Արդյունքում օտարվել են խոտհնձիչներ, որոնց մեկնարկային գինը ավագանու որոշմամբ չի հաստատվել: Լոռու մարզի դատախազության ուսումնասիրությունները դեռեւս չեն ավարտվել Վանաձոր, Ստեփանավան, Թումանյան ու Ախթալա քաղաքներում: Մարզի դատախազ Շահբազյանը մտադիր է ստուգումներ անցկացնել Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներում: Նա կրկին դիմել է մարզպետարան` համայնքների գործունեության մասին տեղեկություններ ստանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter