Ում կընտրեն շուշեցիները
Մարտի 29-ին շուշեցիները կընտրեն նոր քաղաքապետ, որի պաշտոնում առաջադրված 4 թեկնածուներից պայքարի մեջ մնացել են երկուսը` Ալբերտ Խաչատրյանը եւ Կարեն Ավագիմյանը:
Ինչ է փոխվելու 17 տարի առաջ ազատագրված Շուշիում նոր քաղաքապետի ընտրությունից հետո: Ամեն մի ընտրության կամ բարձրաստիճան պաշտոնյայի նշանակման ժամանակ շատերն են հույս փայփայում, որ նոր մոտեցում կլինի, քաղաքի վերականգնման նոր փուլ կսկսվի, սակայն 17 տարի անց ունենք այն, ինչ ունենք: Շուշիում դեռեւս գերակշռում են ավերակները, որոնցից ազատվելու ցանկություն ունեն ոչ միայն շուշեցիները, այլեւ բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ եղել են Շուշիում:
Միաժամանակ չի կարելի անտեսել, որ, այնուամենայնիվ, ինչ-որ աշխատանքներ տարվում են: Ակնկալվում է, որ մոտակա տարիներին քաղաքի վերականգնմանը նոր թափ կտրվի` կապված պետական որոշ կառույցներ Շուշի տեղափոխելու հետ, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են:
Շուշիի վերականգնման գործում, բնականաբար, իր ներդրումը պետք է ունենա նաեւ նորընտիր քաղաքապետը: Այդ իսկ պատճառով քաղաքապետի այս ընտրություններն առավել քան կարեւոր են: Համենայնդեպս, այդ կարծիքին են շուշեցիները, ովքեր այս օրերին ականատեսն են քաղաքապետի պաշտոնի համար ծավալված թեժ պայքարի:
Ինչ ծրագրեր ունեն թեկնածուները, ինչ նոր քայլեր են ձեռնարկելու ընտրվելուց հետո: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հենց թեկնածուներից: Քաղաքապետի թեկնածու Ալբերտ Խաչատրյանը, ինչպես մեր զրույցի ժամանակ շեշտեց, առաջադրվել է, որպեսզի ծառայի ժողովրդին`օգտագործելով իր երկարատեւ աշխատանքային փորձը, կարողությունները, նվիրվածությունն ու սերը հարազատ քաղաքի եւ բնակիչների հանդեպ:
«Գտնում եմ, որ ունեմ բավականին ուժ եւ կարողություն` օգտակար լինել իմ հարազատ քաղաքի վերականգնմանն ու վերակառուցմանը, ինչպես նաեւ` սատար կանգնել Շուշիի բնակիչներին»,- ասում է Ալբերտ Խաչատրյանը:
Մրցակից թեկնածու Կարեն Ավագիմյանի առաջադրվելու նպատակը Շուշին զարգացած ու բարգավաճ քաղաք դարձնելու գործում իր ուժն ու եռանդը ներդնելու ցանկությունն է:
«Իմ մեջ ուժ եմ տեսնում եւ համոզված եմ, որ կկարողանամ կառավարության նախընտրած կուրսը շարունակել»,- ավելացրեց Կարեն Ավագիմյանը, որը հիմնականում համաձայն է ներկա իշխանությունների որդեգրած կուրսի հետ:
Նա քաղաքի առաջնահերթ խնդիրներից է համարում սանիտարահիգենիկ վիճակը, ավերակների առկայությունը, ջրամատակարարումը, որոնք, ըստ նրա, կառավարության եւ բնակիչների աջակցությամբ կամաց-կամաց իրենց լուծումը կստանան:
Ալբերտ Խաչատրյանը նույնպես կշարունակի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը` Շուշիի վերականգնման հետ կապված, եւ համոզված է, որ մշակված ծրագրերը կյանքի են կոչվելու: Ընտրվելու դեպքում նա ձգտելու է քաղաքապետի լիազորությունների շրջանակում աջակցել եւ մասնակից լինել այդ գործընթացին: Թեկնածուն առավելապես կարեւորում է Շուշիի բնակիչների ներգրավվածությունը քաղաքի վերականգնման գործում:
Այս առումով նա առաջարկում է այլ մոտեցում. «Փորձելու եմ համախմբել քաղաքի կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ներուժն ու կարողությունները, ձգտելու եմ բարձրացնել ավագանու դերը, ամրապնդել ավագանու կապը ժողովրդի հետ, որը շատ թույլ է: Մի խոսքով, ժողովուրդը պետք է մասնակիցը լինի քաղաքի վերականգնմանն ու պահպանմանը»,- հավելեց Ալբերտ Խաչատրյանը:
Երկու թեկնածուներն էլ մեր զրույցի ժամանակ փաստեցին, որ քարոզարշավի ընթացքում որեւէ խոչընդոտի չեն հանդիպել, ու ամեն ինչ ընթանում է իր հունով: Թեկնածուներից երկուսն էլ համոզված են, որ ընտրություններն անցնելու են ազատ, արդար ու թափանցիկ: Իսկ թե ով կընտրվի քաղաքապետ` 5 օրից կորոշեն Շուշիի բնակիչները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել