«Կառավարությունը գյուղացու ոտքով չի քայլում»
Լոռու մարզի Այգեհատ, Արեւածագ եւ Ծաթեր գյուղական համայնքներում, գարնանացանի շեմին, միջազգային տնտեսական ճգնաժամը տհաճ անակնկալներ է մատուցել գյուղացիներին: Պարարտանյութի ու դիզվառելիքի թանկացումներն ու դեֆիցիտն այստեղ խուճապի են մատնել շատերին:
Անօգնականությունից` Արեւածագի գյուղամիջում հավաքված գյուղացիներից մեկը դժգոհությամբ ասաց. «Կառավարությունը գյուղացու ոտքով չի քայլում, գյուղացու մասին էն ո՞վ ա մտածում»:
Արեւածագում ամենահրատապը 1000 տ սերմացու կարտոֆիլի իրացումն է
Օձունից Արեւածագ գնացող ճանապարհի աջ կողմում փռված են Օձունի, իսկ ձախում հաջորդաբար տարածված են Այգեհատի ու Արեւածագի վարելահողերը: Օձունի Հողոմսի հանդամասից մինչեւ Արեւածագի տակը ձգվող վարելահողերը անմշակ են ու մոլախոտածածկ: Արեւածագին հարող Օձունի վարելահողերն էլ մշակում են արեւածագցիները, որոնք մի մասը գնել, մի մասն էլ վարձակալությամբ վերցրել են օձունցի ալարկոտ հողատերերից: Արեւածագի 320 հա վարելահողերի մեծ մասում խնամքով աշնանացան ցորեն էր ցանված, մնացածն էլ նախապատրաստված էր գարնանացանի համար: «Արեւածագցիները միլիոններով վարկեր են վերցնում հողը մշակելու համար, մի կերպ փակում են, էլի վերցնում: Արեւածագի դաշտերին կարկուտը վերջին երկու տարիներին շատ չի տվել: Արեւածագցիների հողերից մի թիզ վերընկած չկա»,- մինչ գյուղ մտնելը ներկայացնում էր օձունցի զրուցակիցս: Արեւածագի գյուղամիջում հավաքված գյուղացիները, սակայն, մեզ նեղսրտած դիմավորեցին: Հավաքվածների մի մասը ձայնագրիչը տեսնելուն պես հեռացավ: «Վախըմ են»,- բացատրեց տարեց մի գյուղացի, որի անունը չիմացանք` ճիշտը չասեց. «Անըմս Գաբրիել ա: Գյուղացուն էնա կախաղան տվին, ժողովուրդը արդեն ամեն ինչից հոգնել ա»: Երիտասարդ գյուղացիներից Արսեն Վարդանյանը ներկայացրեց գյուղի հոգսերը. «Գյուղը 2000 տ կարտոֆիլի սերմացու է ունեցել, հիմա շուրջ 1000 տ սերմացու ունենք, 50 դրամով էլ չենք կարողանում վաճառել, երեկ եկել են, տեսել են, 25 դրամով սերմացու են ուզում, 25 դրամով սերմը տանք, մենք ի՞նչ անենք, մենք 150 դրամով ենք սերմը առել: Դրա համար պետությունը պետք է թողնի Վրաստանից գան մեր արտադրանքը առնեն, դրա համար մաքսատանը պտի մաքսը քիչ դնեն, որ գան էստեղից տանեն իրենց շուկայում ծախեն»: Արեւածագցի Արմեն Հարությունյանն էլ գյուղացու վիճակի բարելավման իր առաջարկությունները արեց. «Մենք լավ գիտենք` ինչ պետք է արվի, որ մեր վիճակը լավանա: Գտնում ենք, որ սալյարկեն գյուղացու համար պտի մի քիչ էժանացվի, էս սեզոնին վրացիների սահմանն անցնելուն արգելք չդնեն, դե որ էս ձեւը լինի` կծախվի: Գտնում ենք, որ պետք է սելիտրեն գյուղացուն էժան մատուցեն: Մեր ապրանքն էլ շուկայում ծախելու պետական աջակցություն ենք ուզում: Դե որ Վանաձորի քիմիական գործարանն էլ բաց անեն, բայց ամեն տարի խաբում են, մարդիկ կգնան կառնեն: Էն օրն էլ մարզպետն ա խոսում, սաղ օրը խաբում ա»:Արեւածագի նորընտիր համայնքապետ Արթուր Հովհաննիսյանը տեղյակ էր գյուղացիների վրդովմունքից: «Պարարտանյութը թանկ ա, հիմա ես պարարտանյութի վճար եմ հավաքել, մեկ պարկը` 7300 դրամով: Մարզպետարանի սահմանած գինը 7 հազար է: Ես 300 դրամը ճանապարհածախս եմ հավաքել ժողովրդից: Ես դա հավաքել եմ դեկտեմբեր ամսին, պարարտանյութը դեռ չկա, ձգձգվում է մարզպետարանի կողմից, բայց ինձ հավաստիացնում են, որ մի քիչ էժան կլինի հավաքած գումարից, մոտավորապես պարկը 6500 դրամի սահմանում: Անցյալ տարի պարկը 5500 է եղել: Ասում են` մի 10 օրվա ընթացքում կգա»,- ասաց գյուղապետը: Կարտոֆիլի չիրացված սերմացուի մասին էլ ասաց. «Սա ճգնաժամ է, կկորչի էդ արտադրանքը: Երկու ամիս մնաց կարտոֆիլին, եթե չվաճառվեց, խոզի կեր կդառնա»: Համայնքապետը տեղեկացրեց, որ համայնքը սեփական հարկային եկամուտները վատ է հավաքում, բյուջեի ապառքները կազմում է 30 մլն դրամ, իսկ բյուջեն աշխատավարձի մասոցվ 4,8 մլն դրամ պարտք ունի: Ապառքներից 1մլն դրամ սեփական հարկային եկամուտ է ավելացրել, մինչդեռ նոր համայնքապետի` հարկերի պարտքի մարման պահանջը գյուղացիների մոտ արդեն դժգոհություն է առաջացրել: «Բայց ինձ թվում է` մարդկանց հոգեբանությունը կփոխվի, հարկերի հարցերին ես մի քիչ կոշտ եմ վերաբերվելու»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Այգեհատի երիտասարդներն արտագաղթում են
Այգեհատի համայնքապետ Արշակ Շահվերդյանը տեղեկացրեց, որ 2009 թ. հունվարի դրությամբ գյուղում 290 մարդ է ապրում: Անկախության հենց առաջին տարվանից գյուղից սկսվել է արտագաղթը: «Այսօր 70 այգեհատցի կա դրսում, հիմնականում երիտասարդներ են: Գյուղում տարեկան 2-3 երեխա է ծնվում, դրա համար էլ մանկապարտեզ չունենք»,- ասաց համայնքապետը: Այգեհատը 340 հա վարելահող ունի, որից 282 հա-ն սեփականաշնորհված է: «Գյուղացին մերթընդմերթ է հողը մշակում, բայց մշակում է: Այս տարի աշնանը 80 հա ցորեն է ցանվել, բազմամյա խոտեր էլ կան` առվույտ, կորընգան»,- պատմեց համայնքապետը: Գարնանացանի նախապատրաստական աշխատանքները Այգեհատում մարտի վերջերին է սկսվում: Հիմնական ցանքսը կատարվում է ապրիլ, մայիս ամիսներին, կարտոֆիլը` մի քիչ շուտ, եգիպտացորենը` մայիսին: «Պարարտանյութը հիմնականում շուկայական է, մինչեւ հիմա ամեն տարի բերել ենք, այս տարի թանկ է, բայց բերելու ենք: Մարզպետարանից իմ լսածով` պարարտանյութ էլ կա, եգիպտացորենի սերմացու էլ կլինի, դեռ պարզ չի` ինչը ինչ ձեւով»,- տեղեկացրեց գյուղապետը: Նա նաեւ ասաց, որ գյուղի վարելահողերի 70-80%-ը` շուրջ 270 հա, մշակվում է: Գյուղացիները հիմնականում ցանում են ցորեն, եգիպտացորեն, կարտոֆիլ: Մնացած 50 հա չմշակվող վարելահողերի մասին էլ Արշակ Շահվերդյանն ասաց. «Հիմնականում էդ վարելահողերը Թեքեմանի գլխին են, գյուղի քարի գլխին, էդտեղ խնդիրը նա է, որ էդ դաշտերում խոնավությունը մի քիչ պակաս է, բերքը լավ չի լինում, դրա համար էլ դաշտը թողնում ենք խոտի տակ»: Այգեհատի գյուղացիների ապրելակերպի մասին մեր հարցին համայնքապետը պատասխանեց. «Ես չգիտեմ, ապրելակերպի չափանիշը պիտի իմանաս, որ գնահատես: Եթե համեմատենք կողքի գյուղերի հետ, թեկուզ Օձունի, կարամ ասեմ` ավելի նորմալ է: Եթե էսօր օձունցին ունի կես հա հող, մեծ մասն էլ չեն մշակում, մեզ մոտ մի հողաբաժինը 1,8 հա է, որն ինչքան էլ չմշակեն, անասունի կերը նորմալ ամսական լինում է: Մեր համայնքում գազը կա, ջուրը կա, ոռոգման ջրի մի ծրագիրն ավարտել ենք 620 մ երկարությամբ, դրա տակ մի 150 հա վարելահող կջրվի, մնացածի ուղղությամբ էլ աշխատում ենք»: Համայնքի բյուջի մասին Այգեհատի համայնքապետը հայտնեց. «Մեր սեփական հարկային եկամուտները պլանավորվել են 4,6 մլն դրամ, կատարել ենք 57%-ով»: Այգեհատի ամենահրատապ խնդիրը համայնքապետ Արշակ Շահվերդյանը համարեց ոռոգման ջրի 600 մ ներքին ցանցի կառուցումը:
«Մի քիչ էլ թող գյուղացուն նայեն, էլի»
Բագրատ Ղալայանը 1999 թ.-ից 430 բնակիչ ունեցող Ծաթերի համայնքապետն է: Ծաթերցիները տարածաշրջանում հայտնի են իրենց աղքատությամբ: Գյուղը 277,6 հա վարելահող ունի, որից 32 հա-ը պահուստային է: Ծաթերի վարելահողերում իրականում հազիվ 50 հա աշնանացան էր արված, սակայն համայնքապետի տեղակալ Սամվել Վիրաբյանի հավաստմամբ` 100 հա աշնանացան է արվել, մի 90 հա էլ գարնանացան կարվի: Ըստ համայնքապետի տեղակալի` 2008 թ.-ին ցանվել է 100 հա հացահատիկ, 37 հա եգիպտացորեն, 20 հա կարտոֆիլ: «Ժողովուրդը կարտոֆիլի վրա է նստել», - ասաց Ս. Վիրաբյանը: Համայնքապետ Բագրատ Ղալայանն էլ տեղեկացրեց, որ Ծաթերի կենսական խնդիրը խմելու ջրի` շարքից դուրս եկած ներքին ցանցն է, որն անցյալ դարի 60-ական թվականներին է կառուցված: Դրա վերանորոգումը վեր է թե համայնքի, թե Ջրմուղի ուժերից: «Ջրմուղը Ծաթերից ամսական 30 հազար դրամ ջրի վարձ է հավաքում, ո՞նց մեր գյուղում ջրագիծ կվերանորոգի»,- ասում է համայնքապետը: «Մենք ընդհանրապես ոռոգման ցանց չունենք, մեր վարելահողերն Աստծո ումուդով են»,- ասաց համայնքապետի տեղակալը: Պարզվեց` ծաթերցիները 387 գլուխ խոշոր եւ 500 մանր եղջերավոր անասուն ունեն: Համայնքապետարանում դժգոհեցին նաեւ դիզվառելիքի թանկությունից: «Եթե 9 հազար դրամով սալյարկա առնենք, ո՞նց կմշակենք հողը: Ի՞նչ կա, հո Երեւանի նման չի, հրապարակ չկա, բան չկա, որ գնանք ցույց անենք, մի քիչ էլ թող գյուղացուն նայեն, էլի»,- ասաց Ծաթերի համայնքապետի տեղակալ Սամվել Վիրաբյանը: Ծաթերի աղքատության «ամենավառ ապացույցը», թերեւս, գյուղի մշակույթի պալատի ողորմելի պատկերն էր, որտեղ տեղավորված է նաեւ համայնքապետարանը: Համայնքապետն ասաց, որ այս տարի 9,3 մլն դրամ ներդրումով շենքը վերանորոգվելու է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել