HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Դեբեդի հոգսաշատ ափը` Դեբեդավան

Նոյեմբերյան քաղաքից Դեբեդավան տանող երթուղային ավտոբուս չկա: Բագրատաշենից ավտոբուսը 350 դրամով քեզ կարող է մոտեցնել Դեբեդավանին, իսկ մնացած 5 կմ ճանապարհը ինքդ պիտի որոշես ինչպես հատել` ոտքո՞վ, թե՞ տաքսիով: Գյուղացիներին հանդիպելու համար պիտի գնալ համայնքապետարան, որի դիմաց գտնվող գյուղի միակ խմելաջրի ծորակի շուրջ վաղ առավոտից խմբված` մարդիկ ջրի հերթ են պահում:

Այստեղ տարիներ առաջ էլ վիճակը նույնն էր` հազիվ ծորացող ջուր, գիշեր ու տիվ ջրի հերթ պահող դեբեդավանցիներ: Հերթում գտնվող միակ տղամարդը խիստ դժգոհեց. «Այս պետությանը չեմ հարգում: Արեւածաղիկ ենք մշակում, ձմերուկ, եգիպտացորեն, տարին բոլոր թանկություն է, երբ գալիս է մեր աճեցրած բերքը ծախելու ժամանակը` էժանություն»: Դեբեդավանում հիմնականում Ադրբեջանի Վարդաշենի շրջանի Ճալեթ գյուղից բռնագաղթածներն են ապրում, ինչպես նաեւ` տեղահանվածներ Ադրբեջանի Կուտկաշենի ու Խանլարի շրջաններից: 71-ամյա Օլյա Ղահրամանյանն էլ Լեռնային Ղարաբաղի Չայլու գյուղից է, որը ներկայումս գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո: Չայլու գյուղում նա թողել է ամուսնու գերեզմանը: Հինգ որդիների մայր Օլյան հիման Դեբեդավանում վարձով է ապրում` հոգեկան հիվանդ 26-ամյա որդու հետ: Ասում է` 1992 թ., երբ եկավ Դեբեդավան, բոլոր տները զբաղեցված էին: Տուն հատկացնելու խնդրանքով բազմիցս դիմել է ղեկավարներին, բայց` անօգուտ: Աղբյուրի մոտ գտնվողներից միակը, ով համարձակվեց ներկայանալ, այս կինն էր, նրան էլ երեւի ծայրահեղ կարիքը հարկադրեց: Կյանքից դժգոհ, սակայն ինքնությունը բացահայտելուց հրաժարվող մարդկանց վախի նկատմամբ իմ տարակուսանքն ավելի խորացավ, երբ կանանց խմբի մեջ միակ տղամարդը «համարձակ» արդարացավ. «Հա, հիմա 37 թիվն է, գիշերը կգան, տնից կհանեն»:

Համայնքի բյուջեն` «բալշոյ, բալշոյ սեկրետ»

Դեբեդավանի համայնքապետ Սալավաթ Բաբայանին վաղուց եմ ճանաչում: Սակայն, աչքիս ոնց որ փոխված լինի, հայացքը փոքր-ինչ մշուշոտ է դարձել: Համայնքապետին հարցեր եմ ուղղում համայնքի բյուջեի մասին, սակայն նա չգիտի, թե գյուղի բյուջեն ինչքան է կազմում: Շուտով նրա տեղակալն է գալիս` բավական ուշագրավ ազգանունով` Ֆեդյա Էլչիբեկյան: Նա նույնպես անտեղյակ է բյուջեից: Քիչ անց համայնքապետարան է մտնում համայնքի ավագանու հինգ անդամներից մեկը` տրակտորիստ Արամ Արամյանը, որը երկու ընտրաշրջան ավագանու անդամ է, սակայն նույնպես անտեղյակ է Դեբեդավանի բյուջեից: Լավ է, որ ժամանում է համայնքապետարանի քարտուղար Լուսիկ Սահակյանը, ով ինձ ավագանու արձանագրությունների գիրքն է մատուցում: Պարզվում է, որ 2009 թ. փետրվարի 12-ին համայնքի ավագանին քննարկել է 2008 թ. բյուջեի կատարողականը եւ 800 բնակիչ ունեցող համայնքի բյուջեի կատարողականը գնահատել է «բավարար», սակայն սպիտակ սոսնձով «բավարարը» ծածկվել եւ դարձել է «լավ»: Այդկերպ բյուջեի բոլոր ցուցանիշներն էլ սոսնձով ծածկվել, «վերախմբագրվել են»: Ըստ այդ տվյալների` անցյալ տարի համայնքի բյուջեն ընդհանուր առմամբ կատարվել է 77.7 %-ով, գանձվել է 4 մլն 334 հազար դրամ հողի հարկ կամ նախատեսվածի 67.6%-ը, հողի վարձավճարը կազմել է 1 մլն 194 հազար դրամ կամ նախատեսվածի 95.6%-ը, հավաքված գույքահարկը եղել է 157 հազար դրամ (կատարողականը` 63%): Պետական լրավճարը` 2 մլն 749 հազար դրամ, անցյալ տարի ամբողջությամբ վճարվել է: 2008 թ. բյուջեի ծախսերի զգալի մասը` 5 մլն 782 հազար դրամ, տրամադրվել է համայնքապետարանի 7 հոգանոց աշխատակազմի աշխատավարձերին: Համայնքի կարողությունների համեմատ մեծ գումար է կազմում մանկապարտեզին հատկացված սուբսիդիան` 2 մլն 550 հազար դրամ: Ավագանին նույն նիստով հաստատել է Դեբեդավանի 2009 թ. բյուջեն (ծախսերի եւ եկամուտների գծով` 12 մլն 987 հազար 600 դրամ): Չնայած նախորդ տարվա համեմատ ավելացել է պետության կողմից հատկացված լրավճարի չափը` 4 մլն 42 հազար դրամ, սակայն համայնքային բյուջեի եկամտային մասի հավաքագրումը, մեղմ ասած, անիրատեսական է: Նախ` նախորդ տարվա ապառքների հաշվին հողի հարկի հավաքագրման պլանն ուռճացվել եւ հասել է 7 մլն 441 հազար դրամի: Մյուս հարկատեսակների պլանն էլ (թեեւ ավելի փոքր չափով) ավելացել է նախորդ տարվա ապառքների հաշվին: Մինչ ողջ աշխարհում ֆինանսական ճգնաժամի պատճառով բյուջեի սեկվեստր են կատարում, Դեբեդավանում որոշել են նախորդ տարիների պարտքերն էլ գանձել: Լուրջ կասկածներ կան` Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի խաղողի ընդունման կետը, որ 2008 թ. դեբեդավանցիներից 1 կգ-ը 130 դրամով 700 տոննա խաղող է մթերել, այս տարի նրանցից խաղող կընդունի՞:

Մանկապարտեզի 5 սաների խնամքով 5 աշխատողներ են զբաղվում

Գյուղի մանկապարտեզն առանձին խոսակցության թեմա է: Նախորդ տարվա շուրջ 2.5 մլն-ի փոխարեն այս տարի համայնքային բյուջեից 3 մլն դրամ սուբսիդիա է նախատեսված մանկապարտեզի համար: Համայնքապետ Ս. Բաբայանն է 2006 թ. մայիսին նախաձեռնել նախադպրոցական հիմնարկի բացումը: Նրա դուստրը մանկապարտեզի դաստիարակն է: Համայնքապետարանի հաստիքացուցակի մյուս` «սպորտի աշխատողն» էլ համայնքապետի որդին է` Գառնիկ Բաբայանը, ով, ի դեպ, զբաղվել է տարբեր մարզաձեւերով: Ներկայումս 5 սան ունեցող մանկապարտեզը 5 աշխատող ունի` տնօրեն, դաստիարակ, դաստիարակի օգնական, հաշվապահ եւ խոհարար: Դաստիարակի օգնական Լիանա Բաբայանը մեզ հայտնեց, որ շուտով երեխաների թիվը կավելանա: Սակայն ինչի՞ հաշվին` հայտնի չէ: Համայնքապետն ասում է, թե գյուղում մանկահասակ երեխաներ կան, սակայն մանուկների սննդի համար ամսական հավաքագրվող 3000-ական դրամի պատճառով ծնողները երեխաներին մանկապարտեզ չեն ուղարկում: Նրա խոսքերով` առանձին հիմնարկ հանդիսացող մանկապարտեզը կենսաթոշակային հիմնադրամին պարտք է 250 հազար դրամ: Որպեսզի այդ պարտքը ավելի չմեծանա, համայնքապետը պատրաստվում է իր իսկ նախաձեռնությամբ երեք տարի առաջ բացված նախադպրոցական հաստատությունը փակելու առաջարկ ներկայացնել ավագանուն: Այդ դեպքում ինչու՞ է այս տարվա բյուջեում մանկապարտեզի սուբսիդավորման համար 3 մլն դրամ նախատեսվել:

«Լավատեսական վերջաբան»

Սալավաթ Բաբայանը նախկին խանութպան է, այս համայնքը ղեկավարում է արդեն 11 տարի: Համայնքաապետի աշխատասենյակում կախված է ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը: Կուսակցության առաջնորդի 2008 թ. նախընտրական «Առա՛ջ, Հայաստան» պաստառով լուսանկարն էլ դեռեւս փակցված է համայնքապետարանից քիչ հեռու գտնվող, համայնքապետին պատկանող խանութի ճակատին: Խանութը, սակայն, չի գործում: Սալավաթ Բաբայանը լավատես է. «11 տարի առաջ, երբ ստանձնեցի համայնքապետի պաշտոնը, Դեբեդավանում ընդամենը 2 ավտոմեքենա կար, հիմա` 50: Գյուղում հայկական հեռուստաալիքներից միայն Հանրային հեռուսատընկերության ծրագրերն են հեռարձակվում, այն էլ` համայնքապետարանի առջեւ դրված հսկա ալեհավաքի միջոցով: Փոխարենը դեբեդավանցիները հնարավորություն ունեն վրացական 10 հեռուստաալիք դիտել: Համայնքապետին լավատեսության հիմքեր է տալիս նաեւ այն, որ վերջին 3 տարում գյուղում շուրջ 8000 արքայախնձորի ծառեր են տնկվել: Դեբեդավանի հողերը բերրի են, 70 տոկոսով ոռոգվող: 2004 թ. «ԱԿԲԱ» բանկի տնօրեն, ծնունդով նոյեմբերյանցի Ստեփան Գիշյանի եղբայրը 25 տարով 50 հա հող է վարձակալել: Համայնքի ղեկավարն ասում է, որ այս տարի էլ պահուստային հողերը կտան երկարաժամկետ վարձակալության, բայց այս անգամ` տեղացիներին: Իսկ մեզ հետ զրույցի ընթացքում դեբեդավանցիները դժգոհում էին ամառվա սեզոնին ոռոգման ջրի պակասից ու բերքի իրացման դժվարություններից: Գյուղացիներից շատերը բանկերից վարկ են վերցրել եւ «տոկոսի տակ են»: Գյուղի բնակիչները, բացի միակ ծորակից, օգտվում են նաեւ 52 մետր խորությունից հանվող արտեզյան ջրհորից: Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով նախատեսվում է մինչեւ մայիսի 31-ը այդ ջրագծի 1500 գծամետր խողովակաշարի կառուցում եւ 300 տնկիների տնկում: Այդ աշխատանքներին պետք է մասնակցի գյուղի 8 կամ 9 բնակիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter