HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

aravot«Առավոտ». Օպտիմա՞լ լուծում Թերթի խմբագրականը «Ժառանգության»` Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու դիրքորոշումը համարում է ամենաշահավետը: Երկու մնացած տարբերակները հավասարապես վտանգավոր էին: Եթե այդ կուսակցությունը ընտրություններին մասնակցեր ինքնուրույն, ապա չէր կարողանալու խուսափել ՀԱԿ-ի վիրավորանքների տարափից` «հաճախորդ»,  «դհոլ», «ախքիկ»:   Մյուս կողմից, եթե  «Ժառանգությունը» մտներ Կոնգրեսի ցուցակի մեջ` ՀԱԿ-ի պայմաններով, դա, իհարկե, մեծապես կսահմանափակեր կուսակցության ինքնուրույնությունը ու զուգահեռտաբար կարժանանար այս անգամ արդեն իշխանական քարոզչական մեքենայի նույնատիպ հայհոյանքներին: Բացի այդ, ՀԱԿ-ը կոշտ «պրեսինգի» էր ենթարկելու իր ցուցակի «ժառանգական» ներկայացուցիչներին, եւ ընտրարշավում ցանկացած «սխալ» արտահայտություն դարձյալ կորակեր իբրեւ դավաճանություն: Խմբագրականում նշվում է, որկուսակցության «անվտանգության» առումով ամենաճիշտը ընտրություններին չմասնակցելն է: Դա էլ, իհարկե, իդեալական լուծում չէ. էլ ինչ ֆուտբոլային թիմ, որի խաղացողները, վախենալով վնասվածքներից, չեն մասնակցում առաջնությանը: Չմասնակցելը նույնպես հարվածում է այդ թիմի վարկանիշին: Գուցե «Ժառանգության» համար չմասնակցելը օպտիմալ տարբերակ էր, ապա բազմաթիվ երեւանցիների համար դա բացարձակապես ձեռնտու չէ: Ովքե՞ր են «Ժառանգության» ընտրողները: Նրանք, ովքեր չեն ուզում, որ ընտրություններում հաղթի կոալիցիան, բայց հասկանում են, որ այս ընտրություններով, անգամ ամենաբարենպաստ ելքի դեպքում իշխանափոխության հարց չի լուծվի: Նրանք, ովքեր դեմ են Գագիկ Բեգլարյանի թեկնածությանը, բայց ձայն չեն տա նաեւ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ցուցակին` «ցրտի եւ մթի», 95-96 թ. իրադարձությունների եւ այլ` հիմնավոր եւ ոչ հիմնավոր պատճառներով: Ի՞նչ վարքագիծ են նրանք դրսեւորելու մայիսի 31-ին «Ժառանգության» բացակայության պարագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter