Ստեփան Սաֆարյանը բացում է փակագծերը
«Փակագծերը» բացելու ժամանակը կամ ինչպես են վավերագրվում ու արձանագրվում կենսագրությունն ու բարոյական կերպարը
Զարմանքով ծանոթացա «Փակագիծ» թերթի մարտի 19-ի համարում տպագրված «տեղեկությանը», թե իբր այնքան վրդովված եմ իմ հարազատ «Ժառանգությունից»` Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսին չմիանալու որոշման պատճառով, որ պատրաստվում եմ վերադառնալուն պես հեռանալ կուսակցությունից` վայր դնելով պատգամավորական մանդատս:Միգուցե այս անհեթեթության վրա լիաթոք ծիծաղեի մինչեւ վերջ, եթե չհիշեի, որ խոսքը վերաբերում է «լրատվությանը» եւ «լրատվամիջոցի»: Ինչպես երեւակայության բոլոր հնարավոր սահմանները գերազանցող այս հրապարակման որեւէ տող ու բառ իրականության հետ կապ չունի, ճիշտ այնպես էլ «սենսացիան» հղացողը պատկերացում չունի եւ չի էլ ուզում ունենալ «Ժառանգության» ներսում առկա ավանդույթների մասին: Հիշեցնում եմ` ես «Ժառանգության» շարքային կուսակցական եմ եւ պարտավոր եմ կատարել մեծամասնության ու ղեկավար մարմինների (որոնց նաեւ ես եմ ընտրել) ընդունած օրինական որոշումները: Սա է ժողովրդավարությունը «Ժառանգության» ներսում եւ նրա պատկերացումներում:
Իրականում ես ոչ միայն քաջատեղյակ եմ ՀԱԿ-«Ժառանգություն» բանակցությունների բոլոր մանրամասներին, այլեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ իմ հարգարժան գործընկերներին ու կուսակիցներին պարբերաբար եւ հեռակա հայտնել եմ կարծիքս ու մոտեցումներս:
Եթե դրանք Ձեզ նույնպես հետաքրքրեին, ապա դժվար չէր խորհրդարանի պաշտոնական կայքէջի իմ էլեկտրոնային հասցեի կամ իմ օգնականի միջոցով հարցերը գրավոր ուղարկելը կամ ուղիղ հեռախոսակապի միջոցով դրանց պատասխանները ստանալը: Ավաղ, Ձեր ուզածը դա չէ, այլ` կաթիլ-կաթիլ թունավորելն ու վարկաբեկելը գեբելսյան կարգախոսին համահունչ` մարդկանց գիտակցության մեջ առնվազն մի քանի տոկոս նստվածք թողնելու ակնկալիքով:
Առաջին դեպքը չէ, երբ հայաստանյան լրատվամիջոցը քաղաքացու, պաշտոնյայի անունից հայտարարություններ է անում կամ նրանց է վերագրում ինչ-ինչ մտքեր ու պատմություններ: Ձեր թերթի պարագայում սա արդեն ավանդույթ է դարձել եւ, զարմանալի զուգադիպությամբ, հենց այդպիսի «սենսացիոն» ու իրականության հետ կապ չունեցող հրապարակումներն են որպես կանոն «թույլատրվում» նույն օրը երեկոյան ընթերցել որոշ հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների մամուլի տեսության շրջանակներում` այդկերպ շրջանառության մեջ դնելով սուտը:
Այլեւս չեմ զարմանում այս կամ այն ուժի պատվերը կատարող «անկախ-կենտրոնամետ լրատվական» շղթայի օղակների վարքագծից: Ուզում եմ հասկանալ, թե որքան անզեն վիճակում եք հայտնվել «Ժառանգության», Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ տարիներ շարունակ տպագրած ու հնչեցրած ստերից հետո, որ արդեն փրփուրներից եք կառչում` Ձեր «նոր պատմությունը» հորինելով հանրապետությունից բացակայող մարդու վկայակոչմամբ:
Պարզապես հորդորում եմ` եթե չեք ուզում ազնիվ լինել մեզ հետ, գոնե խնայեք ընթերցողին ու հեռուստաունկնդրին եւ նրան մատուցեք միմիայն արհեստավարժ լրատվություն: Հավելեմ հետեւյալը. ես քաջատեղյակ եմ, որ 2007 թ. խորհրդարանական ընտրություններին Դուք` «Փակագիծ» թերթի սակավաթիվ անձնակազմով քվեարկել եք ոչ «Ժառանգության»օգտին: Այնպես որ, «Ժառանգության» կամ նրա առանձին պատգամավորների ստացած մանդատները վայր դնել-չդնելու հարցերին խորհուրդ կտամ այլեւս չանդրադառնալ: Դա պարզապես բարոյական չէ: Այդպիսի թեմա կարող է բացել բացառապես «Ժառանգության» ընտրողը, եւ ուրիշ ոչ մեկը:
Նաեւ մեկընդմիշտ հիշեք` մեր դեմ ֆինանսավորված ու պատվիրված զրպարտությանը առաջին անգամ չէ, որ բախվում ենք: Եվ մշտապես հիշեցնելու ենք Ձեր «անաղարտ ու մաքրամաքուր» կենսագրության էջերի մասին` հրապարակման անվանումով, օրով, ամսով, տարեթվով: Այդ ժամանակ հարկ կլինի չնեղանալ: Վերջին հաշվով, մենք չէ, որ գրում ենք Ձեր կենսագրությունն ու ձեւավորում Ձեր կերպարը: Դուք ինքներդ եք վավերագրում ու արձանագրում այն: Իսկ միգուցե ինքնե՞րդ կբացեք բոլոր փակագծերը...
Ստեփան Սաֆարյան
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ
20 մարտի 2009թ, Լոնդոն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել