
Կոչ Ազգային մրցունակության հիմնադրամին. խրախուսեք մրցունակ երիտասարդ գիտնականներին
Այսօր ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղղել Ազգային մրցունակության հիմնադրամին, որում կոչ է արել խրախուսել Հայաստանի մրցունակ երիտասարդ գիտնականներին: Նամակի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
Օրեր առաջ տեղի է ունեցել Հայաստանի մրցունակության բարձրացմանը նպաստող մի կարևոր իրադարձություն. հայկական 2 գիտական ամսագրեր ձեռք են բերել որակապես նոր կարգավիճակ` միջազգային ամենահեղինակավոր Thomson Reuters գործակալության կողմից ստանալով Ազդեցության գործակիցներ, որոնցով բնորոշվում է համապատասխան ոլորտներում համաշխարհային գիտական հանրության մեջ այդ ամսագրերի ունեցած ազդեցությունը: Սա մեր նորանկախ պատմության մեջ եզակի կարևորություն ունեցող և նախադեպ չունեցող իրադարձություն է: Հաշվի առնելով որ Ազգային մրցունակության հիմնադրամի թիրախային ոլորտներից մեկն էլ կրթությունը և կրթությունից անբաժանելի գիտությունն է, և հիմնադրամի կարևոր դերակատարումներից մեկն է այնպիսի կապերի ստեղծման միջնորդությունը, որոնց միջոցով Հայաստանին կփոխանցվեն գիտելիքներ` նկատենք, որ տեղի ունեցածը հանդիսանում է անմիջականորեն այդպիսի կապային հանգույցների ստեղծում, ընդ որում առանց հիմնադրամի օժանդակության և խրախուսման:
Կոչ եմ անում Ազգային մրցունակության հիմնադրամին հատուկ միջոցառումով անդրադառնալ այս իրադարձությանը և մեր մրցունակության հզորացման հարցում նրա կարևորությանը: Մասնավորապես իրականացնել այդ ամսագրերի կայացմանը նպաստող և այդտեղ տպագրվող երիտասարդ հոդվածագրերի խրախուսման ծրագիր: Առաջարկում ենք խրախուսման չափը յուրաքանչյուր երիտասարդ հոդվածագրի համար սահմանել ոչ պակաս, քան երիտասարդ գիտաշխատողի աշխատավարձի քառապատիկը:
Կարելի է հաշվել, թե մոտավորապես ինչպիսի համեստ գումար կպահանջվի նման ծրագիր իրականացնելու համար: Անհրաժեշտ է սկսել հատուկ ռազմավարության մշակում, որի հիմքում պետք է ընկած լինի խրախուսական նմանօրինակ ծրագիր, և որի կիրառման արդյունքում, վստահ եմ, կունենանք բոլոր ոլորտներին վերաբերող, միջազգայնորեն ճանաչված և ազդեցիկ գիտական ամսագրեր: Դա կլինի կարևոր հիմնաքարերից մեկը` իսկապես գիտելիքահեն տնտեսություն կառուցելու գործում:
Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե ինչպես եք վերաբերվում առաջարկներիս: Պատրաստ եմ մասնակցել վերոնշյալ առաջարկների քննարկմանը:
Հարգանքներով`
Անահիտ Բախշյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի անդամ
Մեկնաբանել