Նախարարությունների գործունեության հաշվետվությունները կտեղադրվեն կառավարության կայքում
ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում օրակարգային հարցերի շարքում լսվեցին նաեւ ֆինանսների, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների եւ կապիտալ շինարարության վարչության 2008թ. հաշվետվությունները:
Ինչպես նշեց, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, 2008թվականին շարունակվել է պետական բյուջեի եկամուտների աճն ինչպես հարկային, այնպես էլ` այլ եկամուտների գծով: 2008-ին պետբյուջեի սեփական եկամուտները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը 31,5 տոկոսով, իսկ հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 24,3 տոկոսով:
Ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն, ֆինանսական վերահսկողության շրջանակներում տարվա ընթացքում ստուգումներ են իրականացվել հանրապետությունում գործող 100 տնտեսվարող սուբյեկտներում եւ բյուջետային հիմնարկություններում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել եւ հաշվարկվել է շուրջ 88 մլն դրամի անօրեն ծախսումներ: 9 հիմնարկ-ձեռնարկության նյութերը ներկայացվել են ոստիկանություն, իսկ 7 հիմնարկ-ձեռնարկության նյութերը` գլխավոր դատախազություն: Այս տարի նույնպես շարունակվելու են ստուգումները 139 տնտեսվարող սուբյեկտներում եւ բյուջետային հիմնարկություններում:
Նիստի ընթացքում խոսվեց նաեւ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի կարգավորման ոլորտի խնդիրների մասին: Վարչապետը նշելով այդ ոլորտի ոչ բավարար մակարդակը, կարեւորեց հատկապես հաշվապահների վերապատրաստման անհրաժեշտությունը: Այս նպատակով, ինչպես որոշվեց, տարվա ընթացքում մի շարք դասընթացներ եւ սեմինարներ կանցկացվեն:
Քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը ներկայացնելով քաղաքաշինության բնագավառում իրականացված աշխատանքները, շեշտեց, որ նախարարության մասնագետները իրականացրել են հանրապետությունում նոր կառուցվող, վերականգնվող եւ վերանորոգվող օբյեկտների ու կառույցների շինարարական աշխատանքների որակի թվով 250 ստուգումներ: Տեղ գտած թերությունների վերացման նպատակով տեղերում շինարարությունն իրականացնող պատասխանատուներին տրվել են գրավոր եւ բանավոր ցուցումներ:
Շինարարության որակի թեմային է անդրադարձել նաեւ կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը, որը ընդգծել է, որ բնակարանաշինության ծրագրով բոլոր նորակառույց առանձնատները կառուցվում են նոր նախագծերով ու կոմունալ հարմարություններով, որը բացակայում էր նախորդ տարիներին կառուցված բնակելի տներում:
«Վերլուծելով 2008թ. կատարված աշխատանքների արդյունքները, հանգել ենք այն եզրակացության, որ ձեռքբերումներն իրոք նկատելի են, սակայն բազմաթիվ են բացթողումներն ու թերությունները»,-ասել է վարչությանը պետը: Նա ձեռքբերումներից է համարում նաեւ նախկինում օգտագործված շինանյութերի կրկնակի օգտագործման միանշանակ արգելումը շինարարական արտադրությունում:
Նիստի ընթացքում վարչապետը նախարարներին հանձնարարել է տարեկան գործունեության հաշվետվությունները հրապարակել կառավարության պաշտոնական կայքում, որտեղ «քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթանալ նախարարությունների կողմից իրականացված բոլոր աշխատանքներին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել