120 ընտանիք չի կարողանում պարզել` քաղաքացի է ինքը, թե գյուղացի
Եթե Մարալիկի փողոցներից մեկում տեղադրված վահանակի վրա գրված «Ձորակապ»-ը չլինի, անծանոթի համար դժվար է կռահել, որ քաղաքից հասել է գյուղ` ընդամենը մայթից-մայթ անցնելով: Գյուղ-քաղաք հասկացությունն այս համայնքների համար բավական անորոշ է` ձորակապցի փոքրիկները մանկապարտեզ են հաճախում Մարալիկում, մարալիկցի շատ դպրոցականներ միջնակարգ կրթությունը ստանում են Ձորակապի դպրոցում: Սեփական հոգսերով ապրող 2 համայնքները ներկայումս մեկ ընդհանուր խնդիր ունեն, որը կարճ կարելի է վերնագրել «57 հեկտար»:
1997 թ.-ից քննարկվում է Ձորակապ գյուղի 57 հա հողատարածքը Մարալիկ քաղաքի հաշվեկշիռ փոխանցելու հարցը: Բանն այն է, որ այդպիսի տարածքային խնդիրները լուծվում են հօգուտ քաղաքային համայնքների այն պատճառաբանությամբ, որ արտադրական ձեռնարկությունները չեն կարող լինել գյուղերում: Մինչդեռ, Ձորակապում դեռեւս 20-րդ դարի 70-ականներին գործել է 12 արտադրական ձեռնարկություն:
57 հա հողատարածքի վրա, որը պատկանել է Ձորակապին, դեռեւս խորհրդային տարիներին կառուցվել են ուսումնարան, մանվածքային ֆաբրիկա, բնակելի շենքեր, հացի գործարան եւ պահեստներ: 57 հա-ը 1970-ականներին, որպես քաղաքաստեղծ տարածք, մաս-մաս հատկացվել է կառուցապատման համար: Երկար տարիներ հողերը վիճահարույց չեն եղել, տարածքը շարունակել է պատկանել Ձորակապին: 2004 թ. այն հանձնվել է Ձորակապին, որպես համայնքային սեփականություն: 2005 թ. Մարալիկի քաղաքապետարանը դիմել է Կառավարություն, որպեսզի որոշումը վերանայվի: Վերանայման համար հիմք է ծառայել հանրապետությունում հաստատված նոր կարգը, համաձայն որի արտադրական նշանակության հողատարածքները պիտի պատկանեն քաղաքային համայնքներին:
Այն, որ 2008 թ. Ձորակապը սեփական եկամուտների գծով ընդամենը 50 % հավաքագրում է ապահովել, իսկ Մարալիկը` 77 %, թե' Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը, թե' Ձորակապի համայնքապետ Զարզանդ Սահակյանը վստահեցնում են, որ պատճառը դեռեւս «չարաբաստիկ» 57 հա-ի պատկանելության չլուծված խնդիրը չէ: Սակայն նշված տարածքում գործող կազմակերպություններից հարկվող գումարները համայնքներից որեւէ մեկի հաշվեկշռին փոխանցվելու դեպքում հաստատ էական նշանակություն կունենար: Պարզեցինք, որ Մարալիկի գանձապետական բաժանմունքում բացված է չպարզեցված հաշվեհամար այդ տարածքում գործող կազմակերպությունների համար: Հաշվեհամարին փոխանցվող գումարները սառեցվում են: Այսինքն` ո'չ Ձորակապին, ո'չ Մարալիկին տվյալ գումարները որեւէ օգուտ չեն բերում:
Հողերի պատկանելության չլուծված հարցը ֆինանսական խնդիրներ է առաջացրել այդ տարածքում գործող Բամբակամանվածքային ֆաբրիկայի համար: Ֆաբրիկան մինչեւ օրս չունի սեփականության վկայական եւ չի կարողանում մասնակցել մրցույթների: Խնդիրներ ունեն նաեւ տարածքում գտնվող 30 սեփական սեկտորի տների եւ երկու բազմաբնակարան շենքերի բնակիչները: Կոնկրետ ֆաբրիկայի հանրակացարանի բնակիչները չգիտեն, թե իրենք փաստաթղթերի համար ում դուռը պիտի թակեն` Մարալիկի քաղաքապետի, թե Ձորակապի համայնքապետի:
Տարածքի մոտ 120 ընտանիքներ չեն կարողանում իրենց բնակարանները սեփականաշնորհել, առք ու վաճառք կատարել: «Այդ տարածքի բնակիչների անձնագրերում նշված է, որ իրենք մարալիկցիներ են, ընտրությունների ժամանակ էլ նրանք մեր ընտրողներն են համարվում,-պարզաբանում է Մարալիկի քաղաքապետը,- բայց, փաստորեն, էդ մարդիկ չեն կարողանում իրենց տները սեփականաշնորել, հարկ ու տուրք վճարել: Վերջին փաստը, բնականաբար, մեզ ավելի շատ է անհանգստացնում, չէ որ համայնքային բյուջեն ձեւավորվում է տեղական հարկ ու տուրքերից ու պետական դոտացիայից: Գաղտնիք չէ, որ հիմա շեշտը դրվում է սեփական եկամուտների հավաքագրման վրա»:
Ձորակապի համայնքապետին եւս մտահոգում է սեփական համայնքի բյուջեն համալրելու տարբերակը: «Մենք էլ գիտենք, որ էդ հողերը մեզ չեն տա, բայց գոնե փոխհատուցում տրվի դրա դիմաց»,- ասում է Զարզանդ Սահակյանը: Համայնքապետը պնդում է, որ եթե դրանք իբրեւ արտադրական հողեր անպայման քաղաքին պետք է պատկանեն, «ուրեմն Մարալիկի պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերից էլ թող մեզ տան»:
«Մարալիկին պատկանող 1800 հա գյուղատնտեսական նշանակության հողերից ոչ մի թիզ պարապ չէ»,- տեղեկացրեց Մարալիկի քաղաքապետը: Վարձակալությամբ տրված են անգամ պահուստային ֆոնդի հողերը եւ դրանք ճիշտ չի լինի մարդկանց ձեռքից վերցնելը: Ձորակապի գյուղատնտեսական նշանակության հողատարածքն ընդամնեը 450 հա է, որը, ձորակապցիների համոզմամբ, շատ քիչ է: Գարունը բացվելուն պես գյուղի արական սեռի ներկայացուցիչները մեկնում են արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանան ընտանիք պահել:
57 հա-ի պատկանելության վիճահարույց խնդրին կառավարությունում տեղյակ են, սակայն հարցի լուծումը համայնքապետերին անհայտ պատճառով ձգձգվում է: Իհարկե, առաջարկ եղել է, ինչպես Երազգավորսի եւ Բայանդուրի դեպքում, թե` գնացեք իրար մեջ հարցը լուծեք, որը, բնականաբար, ոչ մի արդյունք էլ չի տվել:
«Ես` որպես Մարալիկի քաղաքապետ, այս խնդրի վերաբերյալ երբեք միանձնյա որոշում չեմ կայացնի,- ասում է Մարալիկի 29-ամյա քաղաքապետը:- Կարծում եմ` սա այն հարցն է, որ ոչ թե քաղաքի ավագանին, այլ ժողովուրդն ինքը պիտի լուծի: Սա էլ թափանցիկ կառավարման ձեւ է: Ի վերջո, համայնքային ենթակայության տակ գտնվող 6 կառույց եմ պահում` մանկապարտեզ, արվեստի ու սպորտի դպրոցներ, երաժշտական դպրոց, եւ նույն ձորակապցին էլ հաճախում է ու օգտվում: Դրա համար էլ երեւի արդարացի կլիներ, որպեսզի այդ հավելյալ գումարները մուտք լինեին Մարալիկի բյուջե»:
Ձորակապի համայնքապետը չի ժխտում, որ եթե անգամ այդ գումարներն իրենը լինեին, կարողանար մանկապարտեզ բացել. գյուղում լուծման կարոտ այլ խնդիրներ կան, ասենք` փողոցների ասֆալտապատումը, որն իր հաշվարկներով հնարավոր է իրականացնել, եթե 10 տարի շարունակ հավաքագրեն սեփական եկամուտներն ու չծախսեն այլ նպատակներով: Զարզանդ Սահակյանն առաջարկում է 57 հա-ից գոնե 20 հա-ը հատկացնել Ձորակապին: «Չնայած մտածում եմ, որ եթե համայնքների խոշորացման ծրագիր կա, այդ հողերից ոչ մի թիզ մեզ չեն տա: Մեր համայնքը կմիացնեն Մարալիկին ու հարցը կլուծվի»,- զրույցը եզրափակեց Զարզանդ Սահակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել